
Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները
Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները:
Դրանք պատշաճորեն հանրայնացնելու և անհրաժեշտ հստակեցումներ ու պարզաբանումներ կատարելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը գործատուների համար նախաձեռնել է իրազեկման սեմինարների շարք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնակցությամբ։ Անդրանիկ սեմինարը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։
Սեմինարի ընթացքում, որը վարեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը, ներկայացվեցին տեսչական այս մարմնի նոր լիազորությունները, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածները և դրանց պահանջները բավարարելու տարբերակները։ Հանգամանալի անդրադարձ եղավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև գործատուների ու աշխատողների իրավունքներին և պարտականություններին:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ մշակված ու հրատարակած «Կարմիր գծեր, որոնք չպետք է հատեն գործատուները» ձեռնարկի օրինակներ։






