
Հայ–չինական կապեր
Հայաստանի տնտեսական զարգացման գործում հատկապես կարևորվում են Չինաստանի հետ առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունները, առավել ևս, երբ պատմությունը հուշում է հազարամյակներ առաջ «Մետաքսի Մեծ ճանապարհի» ավանդույթները։ Հայոց ոսկեձեռիկ վարպետների աշխատանքները հասնում էին Չինաստան ու եվրոպական երկրներ։ Այսօր մարդկությունը նորովի է արժևորում այդ հզոր մայրուղու կարևորությունը՝ նախատեսելով դրա նորօրյա երկաթուղային տարբերակը։ Եվ Չինաստանի հետ գործակցության նոր հնարավորությունները ստեղծելը օրախնդիր է Հայաստանի համար։ Չինաստանում նման ձեռնարկումների ակտիվ զորակցողներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունը։
Հունիսի 28–ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում հիշյալ խնդրի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Չինաստանում երկու կազմակերպությունների ներկայացուցիչ Արթուր Եգորյանը, ովքեր հանգամանորեն ներկայացրեցին օրվա թեման։
2016թ. հունիսի 11–ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգբո քաղաքի ազատ առևտրի գոտու տարածքում կայացել է Հայկական ազգային ցուցասրահի հանդիսավոր բացման արարողությունը, ինչին մասնակցել են չին բարձրաստիճան այրեր, ՉԺՀ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանը։ Նինգբոն աշխարհի խոշորագույն քաղաք–նավահանգիստներից է, որ հիմնադրվել է դեռևս 738թ. և ունի 100 միլիոն տոննա բեռնման հնարավորություն։
Հունիսի 9–ին Նինգբոյում տեղի է ունեցել Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների սննդի փառատոնը և ցուցահանդեսը։ Մեկ օր անց կայացել է նույն երկրների կառավարիչների և քաղաքապետերի երրորդ համաժողովը, որին, ի թիվս աշխարհի 10–ից ավելի քույր–քաղաքների ղեկավարների, մասնակցել է նաև Հայաստանից Կապանի քաղաքապետը և ստորագրել բարեկամության և փոխգործակցության փոխըմբռնման հուշագիր։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Չինաստանի միջազգային առևտրային պալատի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։