Հանդիպումները շարունակվում են

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ գործարարների և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի արդեն պարբերական դարձած փետրվարի 9-ի հերթական հանդիպումը բազմաբնույթ էր և լայն ընդգրկումով:

Հանդիպման հենց սկզբում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բոլորին ողջունեց ուրախալի լուրով: Կառավարության նիստում քննարկվել է ՀԱԳՄ-ի առաջարկը՝ մարտի 3-ը նշելու որպես Գործարարի օր: Կառավարությունը սիրով հավանություն է տվել ՀԱԳՄ-ի առաջարկին և որոշել՝ 2017թվականի մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը, այսուհետ այդ օրը մեր ժողովրդի համար հիշարժան դարձնել որպես Գործարարի օր:

Պարոն Արսեն Ղազարյանը, գործարարների անունից իբրև երախտագիտության խոսք, նշել է՝ «Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի այս քայլը հայ գործարարի նկատմամբ ոչ միայն ջերմության ու համակրանքի, այլև բարոյական նեցուկի արտահայտություն է: Մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի դասերը մեզ համար ամենօրյա հրամայական են՝ Ամեն ինչ անել շենացնելու մեր երկիրը, հզորացնելու մեր պետականությունը, որ ամեն մի հայ պատիվ համարի ապրելու և աշխատելու Հայաստանում»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկմանը գործարարները նշեցին բազմաբնույթ մտահոգություններ, որոնք առնչվում էին հարկային ու մաքսային հարցերին, գործարարի պաշտպանվածությանը, ներկրումների և արտահանումների գործառույթների պարզեցմանը, գնումների մասին օրենքներին, հսկիչ գներին, բեռնափոխադրումներին ու այլ խնդիրներին:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը եզրափակեց, որ նման բաց քննարկումներ պետք է կազմակերպել հատկապես թեմատիկ առումով՝ ընդգրկելով նաև մասնագետներին: Միության նախագահը միաժամանակ հանձնարարեց, որ գործարարները ընդհանրական խնդիրները ներկայացնեն գրավոր հիմնավորված՝ քննարկումներն առավել արդյունավետ անցկացնելու համար:

Leave a reply