Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Հայտարարություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը մարտի 28-ին կայացած նիստում, անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին, հայտարարում է.

Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։

Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին, առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի մեր երկրի անվտանգության ամրապնդման ու տնտեսական արմատական բարեփոխումների շարունակականությունը։

 

Հայաստանի արդյունաբերողների
և գործարարների միության նախագահություն
28 մարտի 2017թ.
Երևան

Leave a reply