
2018-ից ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել խոշոր բիզնեսում «բարեկամական հարաբերությունները». KPMG
2018 թվականի Հարկային օրենսգրքում Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելի խստորեն հետեւել խոշոր բիզնեսի գործարքներին։ Այս մասին «Տրանսֆերային գնագոյացում Հայաստանում 2018 թվականի հունվարից 1-ից։ Ինչպե՞ս պատրաստ լինել» սեմինարի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց KPMG Armenia-ի հարկային եւ օրենսդրական բաժնի ղեկավար Ներսես Ներսիսյանը։
Տրանսֆերային գնագոյացումը կարգավորում է գործարքները դուստր, փոխկապակցված եւ օֆշորային ընկերությունների միջեւ, որտեղ գործարքների գումարը նվազեցնելու եւ դրանց հարկերը չվճարելու ռիսկեր կան։ Դրա դեմ ՀՀ հարկային օրենսգրքում մեկ ամբողջ գլուխ է սահմանված։ Այնտեղ նշվում է, թե ինչպես հետեւել, որ նման ընկերությունների գործարքները չշեղվեն շուկայականից։ Այլ կերպ ասած, նույնիսկ միմյանց հետ կապ ունեցող ընկերությունները չպետք է «բարեկամաբար» ապրանքներ ու ծառայություններ գնեն ու վաճառեն. դրանից պետության հարկերը պակասում են։
«Կարեւոր է, թե ինչպես այդ օրենսդրությունը կներդնեն։ Մենք պատրաստ ենք հարկային մարմիններին օգնել գործարքների գնահատականի մեթոդիկայի հարցում», — հայտարարեց Ներսիսյանը։
Իր հերթին, Ուկրաինայում տրանսֆերային գնագոյացման ոլորտում ծառայություններ մատուցող խմբի ղեկավար Կոնստանտին Կարպուշինը հստակեցրեց, որ գործարքների փաստաթղթերում գները պետք է հիմնավորի բիզնեսն ինքը եւ դրանք պետք է հարեն տարեկան ֆինանսական հաշվետվություններին։ Դրանց միջոցով հիմնավորվում է եկամտահարկի բազան։ Հարկային օրենսգիրքը կազդի 2018 թվականի հաշվետությունների վրա, այսինքն՝ արդեն 2019-ին։
Օրենսդրությունը կտարածվի 200 մլն դրամից սկսված վերահսկվող գործարքների վրա (շուրջ 415 հազար դոլար)։ Վերահսկվող կհամարեն փոխկապակցված, հանքարդյունաբերական, ինչպես նաեւ եկամտահարկի արտոնություն ստացող ընկերությունների հետ գործարքները։