
Մարտի 3-ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ու առաջարկությամբ Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: 2017 թվականից ավանդաբար նշվում է և հիշատակի պսակադրություն կատարվում: Դա ժողովրդի արժանի գնահատականն է ժամանկին աշխարհի ամենահարուստ ու նույնքան էլ մարդասեր մեծ գործարարի հիշատակին:
Մարտի 3-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ գործարարները ծաղիկներ դրեցին Մանթաշյանցի արձանին: Արսեն Ղազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ մասնավորելով մանթաշովականության դասերը:
Բոլորիս հոգու պարտքն է արժանին մատուցել մեծ բարերարի հիշատակին, ով ժամանակին պարզապես ազգը պահողներից էր: Այսօր մեր գործարարների բարոյական խնդիրը արտադրելուն հավասարազոր բարերարություն կատարելն է, պետությանը և կարիքավորին զորակցելը: Թեև ընդունված խոսք է, որ բիզնեսը հայրենիք ու սահմաններ չի ճանաչում, բայց մեր օրերում հայրենիք ճանաչելը հատկապես հայ գործարարի համար հայրենասիրություն է ու բարոյականություն:




