Հայաստան — ԱՄՆ գործակցություն

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության Միջազգային աշխատանքային հարաբերությունների գրասենյակի մասնագետ Սառա Էքսթայնին և Քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանին։

Պարոն Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Միությունը հայ գործարարների ընդհանրական շահերը ներկայացնող ապաքաղաքական կազմակերպություն, արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ է Հայաստանի կառավարության ու բիզնես կառույցների հետ։ Ստեղծել են միասնական հարթակ ու կոնկրետացնում են մտահոգող հիմնախնդիրներն ու առաջարկությունները։ Նա նշեց գործարարության զարգացման ուղղությամբ կատարված բարեփոխումները և մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարն ու մենաշնորհների վերացումը։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, խոսելով բազմաթիվ մտահոգությունների մասին, հատկապես մասնավորեց գործարարություն-կրթություն կապի զարգացման կարևորությունը, ինչի առումով անելիքները շատ են։ Պարոն Էդուարդ Կիրակոսյանը պատկերավոր բնութագրեց իրավիճակը՝ «Այսօր շատ բուհեր պարզապես պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ, այնինչ շատ մասնագիտությունների գծով բարձրորակ մասնագետների սով է»։

ՀԱԳՄ ճյուղային միության նախագահ Հովսեփ Պողոսյանը նշեց սոցիալական գործընկերության, աշխատողների շահերի պաշտպանության և արհմիութենական լիարժեք կազմակերպությունների բացակայության մասին։

Հյուրերը ծանոթացան Հայաստանում կատարված իրավիճակային դրական փոփոխություններին, ներդրումային մթնոլորտին՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Leave a reply