
Գործնական հանդիպում ՀԱԳՄ-ում
Դեկտեմբերի 17-ին հիմնականում նախորդ օրակարգով արդեն երրորդ անգամ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ Հովհաննես Մովսիսյանը և Գոռ Ծառուկյանը: Կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հիշեցման կարգով մեկ անգամ ևս նշեց «Մեր ժամանակների հերոսը» հիմնադրամի ստեղծման կարևորությունը, որի զորակցությամբ հեռուստատեսությամբ ներկայացվելիք բիզնեսի խթանման համապարփակ ծրագիրը աջակցելու է հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Այն հավանաբար գործելու է մարտ ամսից: Մինչ այդ բազմաթիվ անելիքներ ունի հատկապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց կարգավորելու անհրաժեշտ զորակցության, այդ թվում ժյուրին կազմելու և գովազդի գործը: Պարոն Ղազարյանը քաղաքակիրթ լոբինգ կատարելու և գործարարների խոսքը օպերատիվ ու իրականում տեղ հասցնելու գործում ակնկալեց Կենտրոնի աջակցությունը:
Պարոն Հովհաննես Մովսիսյանը արծարծեց ԱՄՆ-ից Հայաստան եկող երիտասարդ գործարարներին զորակցելու խնդիրը: ՀԱԳՄ նախագահը նշեց, որ առաջին փուլում Միությունը կաջակցի նրանց տարբեր ձեռնարկություններ այցելելու, ծանոթացնելու գործարար մթնոլորտին, նոր իրավիճակում կատարվող բարեփոխումների ռազմավարությանը և համապատասխան ոլորտում նրանց ինքնադրսևորման ու նպատակահարմարության ճշգրտմանը:
Խոսվեց նաև ՀԱԳՄ-ի կողմից կազմակերպվող հաջորդ խորհրդաժողովի կազմակերպման և անցկացման մասին:
Գործարարները զանազան մտահոգություններ արտահայտեցին՝ կարևորելով համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
Մասնավորապես ՀԱԳՄ նախագահության անդամ Աշոտ Բաղդասարյանը ցավով արտահայտվեց՝ «Ինձ շատ է մտահոգում երթևեկության վթարների աղետալի վիճակը: Ըստ վիճակագրության՝ այս տարվա 10 ամիսներին արձանագրվել է 370 մահվան դեպք: Կեսից ավելին երիտասարդներ են: Նույնիսկ սահմաններին այդքան զոհ չկա: Օրինակ՝ Եվրոպական որոշ երկրներում անգամ մեկ մահվան դեպքով վթարի համար հանրային կարծիքն ակտիվանում է: Բնականաբար այս խնդրում մենք էլ անելիք ունենք»: Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ միակարծիք էին, որ այդ լրջագույն գործում հասարակական կարծիքը, պրոպագանդան պետք է ակտիվացնել, ուրում անելիք ունեն նաև գործարարները:
Քննարկվեցին նաև ընթացիկ մտահոգող հարցեր: Ուրախալի է, որ գործակցության համերաշխ ու բարենպաստ մթնոլորտ է ձևավորվել ՀԱԳՄ-ի և Կենտրոնի միջև:







