
Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 26-ին կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում ներառված էր 5 հարց։
Նախարարը շնորհավորելով անդամներին՝ ընդգծեց, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Նիստում ներկայացվեցին նախարարության ծրագրերն ու 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, անդրադարձ եղավ առաջնահերթություններին։
Խորհրդի անդամները շեշտեցին ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը, ներկայացրին տնտեսավարողների հետ շփումների արդյունքում առանձնացված որոշ խնդիրներ և առաջարկներ։
Մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն առաջարկեց, որ առաջիկա քննարկումներում գերակա համարվի Հողային ռեֆորմի իրականացումը, ինչպես նաև «Նեդրումների մասին օրենք» ունենալու անհրաժեշտությունը, ինչը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ։
Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք հաջողված են, պետք է պահպանվեն և շարունակվեն, ՀԱԳՄ նախագահը նշեց, որ հանրայնացման առումով դրանք պետք է առավել հրապարակայնացվեն և ոչ միայն նախարարության պաշտոնայների կողմից, այլ նաև հասարակական խորհրդի ներկայացուցիչների, վերլուծաբանների, փորձագետների, մարդիկանց, որոնք օգտվել են այդ ծրագրերից։
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հարցի առնչությամբ՝ Արսեն Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի տնտեսական հատվածն այնքան կայացած է, որ կարող է Թուրքիայի հետ համագործակցել։ Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ բացահայտելու համար, թե սահմանները բացվելուց հետո ինչ ռիսկեր կստեղծվեն գործարարության համար, ԱՀԿ նորմերի շրջանակներում խնդիրներից խուսափելու նպատակով, հասկանալու, թե որ ոլորտներում է հայկական արտադրանքը մրցունակ, որտեղ հարկ կլինի իրականացնել պրոտեկցիա, որ հատվածում է անհրաժեշտ աջակցել բիզնեսին։
Որոշվեց հասարակական խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորումն իրականացնել համատեղ՝ խորհրդի անդամների և նախարարության մասնակցությամբ, ապահովել երկկողմանի համագործակցություն՝ խնդիրների համատեղ լուծման նպատակով։
Գևորգ Պապոյանը վերահաստատեց նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցելու խորհրդի անդամների հետ, քննարկելու ներկայացված առաջարկները և համատեղ մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն երկրի տնտեսական զարգացմանը։



