
Կարևոր նվաճում Հայաստանի ապահովագրական շուկայի համար
Իր գործունեության երեք տասնամյակը բոլորած Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն պաշտոնապես ստացել է հեղինակավոր Lloyd’s broker-ի հավատարմագրում և գրանցվել որպես լիազորված Lloyd’s broker՝ ձեռք բերելով ուղղակի մուտք համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա՝ Lloyd’s of London: Այս նշանակալի առիթով մարտի 24–ին կազմակերպված հանդիսությանը մասնակցելու և ապահովագրական ընկերությանը շնորհավորելու էին եկել երկրի բարձրաստիճան այրեր, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, Փրայմ Ինշուըրնս Բրոքերսի օգտատերեր։
««Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է միջազգային հեղինակավոր Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում։ Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է ընկերության մասնագիտական բարձր մակարդակի, վստահելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության մասին»,–ողջունելով հայկական կազմակերպության այս հեղինակավոր ձեռքբերումը, իր խոսքում նշեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մաղթելով հաջողություններ ու նորանոր վերելքներ։
Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ գործադիր տնօրեն Սիրանուշ Յախշիբեկյանի խոսքով՝ Lloyd’s broker հավատարմագրումն արդեն իրողություն է, և սա ոչ միայն ապահովագրական ընկերության հաղթանակն է, այլ նաև կաևոր նվաճում՝ մեր երկրի, մասնավորապես՝ Հայաստանի ապահովագրական շուկայի համար։
Այսպիսով Հայաստանը ևս նշվեց Lloyd’s-ի պաշտոնական կայքում որպես ճանաչելի շուկա, որտեղ Lloyd’s-ը ունի իր հավատարմագրված բրոքերը։
Lloyd’s broker հավատարմագրումը տրամադրվում է բացառապես այն ընկերություններին, որոնք անցել են համակողմանի և միջազգային ստանդարտներին համապատասխան խստապահանջ մոնիտորինգ և համապատասխանում են բարձր մասնագիտական, ֆինանսական կայունության, համապատասխանության, գործառնական, իրավական, գաղտնիության պահպանման, պատշաճ վարչարարության, ներքին վերահսկման մեխանիզմների ու կառավարման խիստ չափանիշներին։
Այս հեղինակավոր կարգավիճակն ամրապնդում է ընկերության դիրքը տեղական և տարածաշրջանի ապահովագրական ոլորտում, հնարավորություն ընձեռում հանդես գալ որպես միջազգային բրոքեր՝ մասնակցելով ապահովագրական և վերաապահովագրական ծրագրերի տեղաբաշխմանը Lloyd’s-ի շուկայում ու դրանից դուրս՝ հայկական և տարածաշրջանի շուկաները կամրջելով Լոնդոնի Lloyd’s-ի հետ։
Lloyd’s broker կարգավիճակը էապես բարձրացնում է ընկերության հաճախորդների և գործընկերների պաշտպանվածության մակարդակը՝ համապատասխանեցնելով այն ապահովագրական աշխարհի նշաձող հանդիսացող Lloyd’s շուկայի չափանիշներին։
Շնորհավորելով նշանակալի ձեռքբերման համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն արժևորեց Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ընկերության գործունեությունը, որն անցյալ դարի 90-ականներից սկսած աջակցել է հայրենական գործարարությանը՝ ներդնելով, լուսավորելով և բարձրորակ ապահովագրական ծառայություններ մատուցելով։ «Փրայմ»–ը Արտավազդ Յախշիբեկյանի գլխավորությամբ տարիներ շարունակ շուկայում բաշխել ու կառավարել է Միության բազմաթիվ անդամների ռիսկերը՝ դառնալով առաջին միջազգային հարթակներում վերաապահովագրում իրականացնողը։
«Այս նոր կարգավիճակը, որ ձեռք է բերել ընկերությունը, համառության, հետևողական աշխատանքի և աշխատակազմի հզորության արդյունքն է,–նշեց ՀԱԳՄ նախագահը։– Ուրախ եմ, որ ներգրավված երիտասարդ սերունդը ոչ պակաս բարձր նշաձողեր է առաջ քաշում, որոնք պետք է պահպանվեն և հաղթահարվեն։ Շնորհավորում եմ ընկերությանը, մեր տնտեությանը, գործարարներին, որովհետև Lloyd’s-ի հարթակում վերաապահովագրվել՝ նշանակում է, իրոք, երաշխիք ունենալ բոլոր կատակլիզմներից»։
Մաղթելով նորանոր բարձունքներ՝ Արսեն Ղազարյանը Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ին, ՀԱԳՄ անդամ ընկերություներին բարձրորակ ապահովագրական ծառայություններ մատուցելու համար և Lloyd’s broker կարգավիճակ ստանալու կապակցությամբ, պարգևատրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրով և Ոսկե մեդալով։







