
«Գործարարության ձայնը միշտ պետք է հասանելի ու լսելի լինի երկրում իրականացվող տնտեսական քաղաքանության մեջ»․ Արսեն Ղազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ ս․թ․ ապրիլին նախատեսվող տնտեսական գործունեությանն առնչվող հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութան կողմից ներկայացվելիք խնդիրների վերհանման, քննարկման ու հավաքագրման հարցն էր ներառված ՀԱԳՄ խորհրդի՝ մարտի 21–ին հրավիրված ընդլայնված նիստի օրակարգում։
«Ըստ կառավարության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունների՝ արդեն իսկ ընթանում են հայեցակարգային քննարկումներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխման։ Օրենքների հաճախակի փոփոխություններն անբարենպաստ ազդեցություն են ունենում գործարար միջավայրի, ներդրումների, դրանց ներգրավման համար։ Այս առումով կարևոր է, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութան, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայեցակարգի մշակման նախնական փուլից իսկ ներգրավված լինեն տարվող աշխատանքներին»,–նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նա գործարարներին կոչ արեց նախաձեռնողականություն դրսևորել իրենց ոլորտներում առկա խնդիրների արձանագրման, համապատասխան վերլուծությունների ու փորձաքննությունների անցկացման, հիմնահարցերի լուծումներ առաջարկելու առումով։ «Գործարարության ձայնը միշտ պետք է հասանելի ու լսելի լինի երկրում իրականացվող տնտեսական քաղաքանության մեջ, որը պետություն–մասնավոր երխոսության արդյունավետության գրավականն է»,– հավելեց Միության նախագահը։
Տարբեր ոլորտները ներկայացնող գործարարները բարձրացրին բազմապիսի օրախնդիր հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ ներդրումները կարգավորող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությանը, QR դրոշմապիտակների կիրառվող կարգում, կադաստրային քարտեզագրման գործընթացում, ներկրվող սերմացուների նկատմամբ նախատեսված հարկման մեղանիզմներում, ՀԷԿ–երից ջրի օգտագործման համար գանձվող վճարի կիրառման եղանակներում առկա խնդիրներին, որոնք լրացուցիչ բարդություններ են բերում և հանգեցնում են գործարարների ծախսային բեռի ավելացման։ Մատնանշվեցին նաև ՀՀ տեխնոլոգիական զարգացման, թվային ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ոլորտներում ծառացած հիմնախնդիրները։
Որոշվեց կանոնակարգել և փաստաթղթավորել հնչած մտահոգություններն ու առաջարկները։ Առաջիկայում կկազմակերպվի նաև տարբեր ոլորտային հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղանների շարք՝ եղած հարցերն ու մարտահրավերները քննարկելու, գործնական առաջարկների փաթեթներ մշակելու և ներկայացնելու նպատակով։





