«Թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումն են առաջընթացի համար ամենակարճ ճանապարհը»․ Արմեն Բալդրյան

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպեց մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական համաժողովը, որի աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 4-ին։ Համաժողովի արդյունքերը և, ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա հիմնահարցերը umba.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը։

— Պարոն Բալդրյան, Silicon Mountains 2024-ն անցկացվեց Գյումրիում և ուներ ոլորտի՝ մարզերում զարգացման անհրաժեշտության շեշտադրում։ Որքանո՞վ է հասունացած այս հիմնախնդիրը, և որքանո՞վ են մարզերը պատրաստ ընդունելու այդ մարտահրավերը։

— Silicon Mountains–ը պլանավորելիս նախատեսված է, որ տարվա ընթացքում պետք է լինեն մեկ–երկու Silicon Mountains համաժողովներ, և տարվա վերջում կայանա եզրափակիչ գագաթաժողով, որը կամփոփի նաև կատարած աշխատանքը։ Քայլ առ քայլ գնում ենք այդ ծրագրի ձևավորմանը և այս տարի մարզային առաջին համաժողովն անցկացրինք։ Թե ինչու Շիրակում՝ պատճառներն ակնհայտ են․ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, տեխնոլոգիական առումով բավական զարգացել է, մեծ թվով ընկերություններ տեղում իրենց գրասենյակներն ունեն, այդ թվում՝ արտասահմանյան, երիտասարդությունը զգալիորեն ակտիվ է։ Այսինքն՝ Գյումրիի ներուժը շատ մեծ է։ Ծրագրել ենք տարեկան մեկ մարզում անցկացնել։ Գլխավոր խորհուրդն այն էր, որ մարզերում ակտիվացնենք կյանքը։ Մեր միությունն արդեն իսկ մասնաճյուղեր ունի մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Կապանում։ Եվ տեսնում ենք, որ այնտեղ տեխնոլոգիական բաղկացուցիչը բավական ակտիվ է, ու երիտասարդները ձգտում են դրան։ Թերևս, ավելի շատ մենք ենք հետ ընկել այդ գործընթացներից։ Դրանից ելնելով որոշեցինք համաժողովներ անցկացնել մարզերում։

Ի դեպ նշեմ, որ մի փոքր, անգամ անսպասելի էր այն հետադարձ կապը, որը ստացանք․ մասնակցությունը շատ ավելի ակտիվ էր, շատերն էին եկել Երևանից, արտասահմանից։ Ուրախացնող է նաև այն, որ բոլոր մասնակիցները երեք օր մնացին Գյումրիում, անգամ համաժողովից հետո մնացողներ եղան՝ հանգստանալու, Գյումրիին ծանոթանալու համար։ Դա կրկնակի–եռակի էֆեկտ տվեց նաև Հայաստանի, Գյումրու հետ ծանոթանալու առումով։ Կարծում ենք, որ եթե բոլոր մարզերում դա կրկնվի, ապա մարզային կյանքի համար շատ օգտակար կլինի։

– Բացի մարզային ներուժի բացահայտման ու օգտագործման հեռանկարների վերհանումից, նախորդներից ինչո՞վ առանձնացավ Silicon Mountains 2024 Shirak–ը։

— Մեր յուրաքանչյուր համաժողով ունի մեկ ուղղվածություն։ Սա ուներ ոչ միայն մարզային ուղղվածություն, այլև ներդրումային․ խնդիր էր դրված պարզել, թե մարզերում որտեղ կարելի է ներդրումներ անել, ինչ պայմաններով, ցույց տալ այն արտադրանքը, որոնք մարզային փոքր ընկերություններն են ձևավորել, և որոնք շատ հետաքրքիր են։ Մասնավորապես բավականին հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ ներկայացվեցին գյուղատնտեսությանը վերաբերող։ Համաժողովը տեխնոլոգիական համայնքին տեղափոխեց մարզ, ինչը թույլ տվեց վերջիններիս ծանոթացնել տեղի հնարավորություններին, կապեր ստեղծել, միգուցե նաև նոր գրասենյակներ, աշխատատեղեր բացվեն այդտեղ։ Շատ կարևոր էր նաև կրթական բաղկացուցիչը, որ երիտասարդներն ուղղորդվեն դեպի տեխնոլոգիական հարթություն։

— Որո՞նք են ոլորտի զարգացման առանձնահատկությունները մարզերում և մայրաքաղաքում։

— Իրականում, եթե ընդհանրական վերցնենք, մեծամասամբ չեն տարբերվում։ Բայց հիմնական մեկ բաղադրիչ նշեմ․ եթե դիտարկենք Երևանը, ապա այստեղ ներուժը քիչ թե շատ բացահայտված է, արդեն մոտենում ենք սահմանին։ Իսկ նույն Գյումրու ներուժը մենք դեռ չենք բացահայտել։ Տեսնում ենք, որ այստեղ, կարծես, անհատակ ներուժ կա։ Հետաքրքիրն այն է, որ երբ վերլուծում ենք ՏՏ ընկերությունները, տեսնում ենք, որ մեր մոտ շատ–շատ աշխատակիցներ կան Գյումրիից, մարզերից։ Հարցումները ցույց են տալիս, որ նրանցից շատերը մեծ պատրաստակամությամբ կվերադառնային իրենց հայրենի բնակավայրեր, եթե տեղում առաջարկվի կատարել նույն գործառույթները՝ նույն պայմաններով։ Այդ պարագայում մայրաքաղաքը կբեռնաթափվի, իսկ մարզերն ավելի կակտիվանան։ Տեխնոլոգիական ուղղությունը նրանով է լավ, որ նշանակություն չունի, թե դու աշխարհագրորեն որտեղ ես աշխատում։ Կարևորը քո տված արդյունքն է, և այն, որ կարողանաս արդյունավետ հանգստանաս, նյարդերդ լարված չլինեն, աղմուկը չխանգարի։ Այդ իմաստով մարզերն առավելություն ունեն։ Ամենամեծ տարբերությունը հենց դա է։ Հիմա ամբողջ աշխարհում միտում կա․ խոշոր կենտրոններից գնում են դեպի ավելի հանգիստ վայրեր, քանի որ շատ աշխատանքներ կարող են նաև հեռավար անել։

— Առանց նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում անհնար է դարձել որակյալ արտադրանք ապահովել, լինել մրցակցային։ Որքանո՞վ են հայաստանյան ընկերությունները պատրաստ նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների կիրառմանը։

— Պարբերաբար ասում ենք, որ առանց տեխնոլոգիաների հնարավոր չէ։ Ե՛վ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, և՛ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը տնտեսությունում տեխնոլոգիաների լայն կիրառումն իրենց առաջնային խնդիրներից մեկն են համարում։ Եթե ուզում ես համաշխարհային շուկայում մրցունակ լինել որպես ընկերություն կամ որպես երկիր, երկընտրանք չկա՝ պետք է լինես տեխնոլոգիական ընկերություն կամ երկիր։ Այլ հարց է, թե մեզանում վիճակն ինչպիսին է, և ինչ պետք է փոխենք։ Փոփոխելու համար հիմա շատ պատեհ պահ է, քանի որ տեխնոլոգիաները սկսում են կտրուկ փոխվել, և նույնիսկ այն պետությունները, որոնք տեխնոլոգիապես զարգացած են, դարձյալ փոփոխելու կարիք ունեն։ Եվ, եթե մենք փորձենք ավելի արագ այդ փոփոխությունն անենք, կարող է պահ գալ, որ կկարողանանք հավասարվել զարգացած երկրներին։ Եվ այս պահը չպետք է բաց թողնենք․ պետք է հասկանաք, որ դա կարճ պահ է, արագ պահ է և պետք է փոփոխություններն արագ անել։ Այստեղ շատ կարևոր է նաև պետության դերը։ Պետությունը պետք է ազդակներ տա, պայմաններ ստեղծի, օրենսդրական դաշտ ապահովի։ Եվ, իհարկե, գործարարները, ընկերությունները պետք է գան այն գիտակցությանը, որ նույն լուծումը կարելի է անել հետևյալ կերպ․ ընդունել հարյուրից ավելի աշխատող կամ, ենթադրենք, ներդրում անել տեխնոլոգիական ուղղությամբ։ Ճիշտ է, այդ հարյուրին, գուցե, ավելի հեշտ է ընդունելը, բայց, եթե դրա փոխարեն տեխնոլոգիական ասպարեզում ներդրում անես, ապա հարյուրի փոխարեն կաշխատեն հինգը, արդեն շատ ավելի բարձր աշխատավարձով և շատ ավելի գոհ՝ իրենց աշխատանքից։ Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության թիվը անսահման չէ, ավելի լավ է աշխատակիցներին օգտագործել բարձր վարձատրվող տեխնոլոգիական գործընթացներում, քան ցածր վարձատրվող ու մի կերպ իրենց ապրելակերպն ապահովող աշխատանքում։

— ՏՏ ոլորտը այն քչերից է, որի համակարգման համար գործում է պետական կառույց՝ նախարարության կարգավիճակով։ Որքանո՞վ է պետականորեն վարվող քաղաքականությունը նպաստում բնագավառի՝ կյանքի ռիթմին համահունչ զարգացմանը, ինչպե՞ս կգնահատեք պետություն–մասնավոր հատված գործակցությունը։

— Ամենադժվար հարցերից մեկն է, քանի որ այն մի քանի կողմ ունի։ Նախ՝ ներկայումս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում և փորձում է անպայման ինչ–որ արդյունք գրանցած լինել։ Բայց մյուս կողմից՝ պետության ռեսուրսները, գիտելիքները և պատրաստվածության չափը, իհարկե, բավարար չեն։ Եվ այստեղ այն գիտակցությունը, որ անպայման պետք է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ շատ կարևոր է։ Ներկայումս, օրինակ, վարչապետին կից ստեղծվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որի նպատակը Հայաստանում առաջիկայում՝ 5-10 տարիների ընթացքում, տեխնոլոգիական զարգացում ապահովելն է։ Ներառված են մասնավոր ընկերությունները, և հույս ունեմ՝ շատ հետաքրքիր արդյունք կարելի է ստանալ։ Ինչ խոսք՝ բոլոր ուղղությունները հնարավոր չէ զարգացնել, բայց Հայաստանում կան ոլորտներ, որոնք շատ մրցակցային են համաշխարհային շուկայում։ Եվ կարևոր է, որ դրանք շատ արագ, նպատակային զարգացնել, ինչպես նաև՝ կիրառել Հայաստանի տնտեսության մեջ։

Այս տարի, առաջին անգամ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, Վրաստանում և այլն։ Սա շատերին է զարմանում, բայց, երբ հետ ես գնում, տեսնում ես, որ տեխնոլոգիական բաղադրիչն այստեղ մեծ դեր է ունեցել։ Հիմա տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են տեխնոլոգիական ընկերություններին իրենց մոտ տանել, քանի որ վերջիններս ոչ միայն այդ ճյուղին են առնչվում, այլև ողջ տնտեսությանը։ Այստեղ կարևորը հենց ճիշտ քաղաքականություն վարելն է, որ տեխնոլոգիական ընկերություններին հետաքրքիր լինի մնալ քո երկրում, քանի որ այն քարշիչ է բոլոր ճյուղերի համար։ Երբ մենք ասում ենք ՏՏ ոլորտի համար այս կամ այն նպաստավոր քայլն անենք՝ մի փոքր չհասկացվածություն ենք տեսնում, թե ինչո՞ւ պետք է այս ուղղությունն առանձնահատուկ լինի, բայց, երբ խորանում ենք, տեսնում ենք, որ ներկայում ողջ աշխարհում էկոնոմիկայի հիմքը ՏՏ–ն է։ Եվ դա շատ լավ հասկանալով պետք է այնպես անենք, որ այդ ոլորտը, իրոք, լավ քարշակ լինի մնացած տնտեսության համար։ Հույս ունեմ, որ կստացվի։

Նաև պետք է մյուս ոլորտների հետ սերտ աշխատենք, որպեսզի նրանց էլ պարզ լինի տեխնոլոգիաների դերն իրենց կյանքում։ Հիմա շատերը, երևի չեն հասկանում, կամ միգուցե տեղեկացված չեն։ Իհարկե, սկզբնական շրջանում մեծ ներդրումներ են պահանջվում, բայց պետք է հասկանալ, որ առանց դրա մրցունակ չենք լինի համաշխարհային շուկայում։

Ընդհանուր առմամբ մեզանում թվայնացման գործընթացներն ավելի դանդաղ են ընթանում, քան մենք ակնկալում ենք։ Եվ այդտեղ մենք պետք է հետևողական պահանջատեր լինենք, քանի որ հիմա ժամանակ կորցնելը ողջ տնտեսության վրա է ազդում։ Պետությունն ավելի պատասխանատու պետք է լինի, ՏՏ ոլորտն ավելի ներգրավված ու ակտիվ, բայց նաև գործարար համայնքը և քաղաքացիները պետք է հասկանան, որ դա ամենակարճ ճանապարհն է հասնելու նրան, ինչին ձգտում ենք։ Թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումն է առաջընթացի համար ամենակարճ ճանապարհը։ Այստեղ մեծ դերակատարում ունի նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Թվայնացված լինել՝ առաջին հերթին նշանակում է նաև տնտեսության թվայնացում, տեխնոլոգիական զարգացում։ Որքան մենք դանդաղենք, այդքան աշխարհից հետ կընկնենք։ Մենք պետք է շատ ավելի արագ քայլեր անենք, քան մյուսները, որ գոնե ինչ–որ բանով հասնենք։

— Թեև բազմաթիվ բուհերում, այլ կրթական հաստատեություններում պատրաստվում են մեծաթիվ ՏՏ ոլորտի մասնագետներ, այդուհանդերձ, մեզանում արձանագրվում է մասնագետների զգալի սակավություն։ Ի՞նչ ձեռնարկներով է հնարավոր մեղմել այս անջրպետը։

— Մենք շատ լավ գիտենք մեր բուհերի տված մասնագետների մակարդակը։ Ճիշտ է՝ որոշակի աճ կա, բայց դա բավարար չէ։ Ի դեպ՝ խոսքը միայն ՏՏ ոլորտին չի վերաբերում, այլ մյուսներին ևս, այդ թվում՝ տեխնիկական մասնագետներին։ Այստեղ միակ ձևը, որ ոլորտը գտել է՝ կրթության մեջ ներդրումներ անելն է։ Դրա համար ակտիվ աշխատում ենք բուհերի հետ։ Շատ կազմակերպություններ բուհերին օգնում են դասընթացներով, ներդրումներով և այլն։ Մեր միությունը, օրինակ, ծրագիր ունի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ, որը կոչվում է «Խելացի լուծումների կենտրոն»։ Ներկայում միայն մեկ մասնագիտություն ունենալով շատ բարդ է աշխատելը, քանի որ մասնագիտությունները, արտադրությունները շատ համակցված են դարձել։ Օրինակ, հիմա հնարավոր չէ բժիշկ աշխատել կամ, անգամ, գյուղատնտեսության մեջ անհնար է ինչ–որ բան անել առանց տեխնոլոգիաներին տիրապետելու։ Նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը մի քանի մասնագիտություններ պետք է իմանա, որպեսզի տեխնոլոգիական արդյունք տա։ Ստեղծված կենտրոնի հիմնական նպատակը հենց տարբեր մասնագիտությունների մարդկանց տեխնոլոգիաներ սովորեցնելն է։ Նաև՝ ավագ դպրոցներում ծրագիր ենք իրականացնում, արհեստական բանականության, ՏՏ–ի, միկրոէլեկտրոնիկայի հետ կապված։ Այսինքն, մենք փորձում ենք այնպես անել, որ մասնագետները, երեխաները իրենք իրենց արդեն սկսեն պատրաստվել, ոլորտի հետ շփվեն, տեսնեն ինչ տեխնոլոգիաներ կան։

Մյուս ուղղությունը՝ մեր մասնագետների վերապատրաստումներն են։ Ճիշտ է մեր ոլորտում մեկ մասնագետի վերապատրաստումն արժենում է 20-40 հազար դոլար կամ ավելին, բայց դա պետք է պարբերաբար իրականացվի, անընդհատ գործընթաց է, ինչն անպայման պետք է արվի և՝ անում ենք։ Հաջորդը՝ կադրերի ներհոսքն է Հայաստան։ Այն արդեն առկա է, և հույս ունենք՝ միտումը կշարունակվի, քանի որ երկրներ կան, որտեղ այդպիսի մասնագետների ավելցուկ կա, կամ՝ Հայաստանում պայմաններն ավելի լավն են, մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում, պատրաստակամ են այստեղ աշխատել։ Մենք պետք է այդ բոլոր բաղադրիչներն էլ օգտագործենք։

— Վերջին տարիներին, հայտնի պատճառներով արձանագրվեց դեպի Հայաստան ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների մեծ հոսք, հատկապես՝ Ռուսաստանից։ Որքանո՞վ նրանց հաջողվեց ինտեգրվել տեղական դաշտին, և ինչպիսի՞ ազդեցություն ունեցան մեր ներքին կարողությունների վրա։

— Հարցը բավականին տարողունակ է։ Առաջին արձագանքը, երբ եղավ՝ ներհոսքը շատ մեծ էր։ Ընկերությունները, մասնագետները պարզապես փախնում էին ստեղծված իրավիճակից թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից, որոշ դեպքերում՝ նաև Բելառուսից։ Բայց այստեղ կար նաև այն հանգամանքը, թե Հայաստանը որքանո՞վ էր պատրաստ դրան։ Պարզվեց, որ այդքան էլ պատրաստ չէ․ ինչ–որ քայլեր արվեցին, բայց եկածների միայն մի փոքր մասը մնաց։ Հետաքրքիր է նշել, որ այդ փոքրը որակյալ մասն է։ Այստեղ մի քանի հանգամանք կար․ առաջինը՝ առկա էր մշակույթների տարբերություն, չասենք՝ լավ, թե վատ, բայց այդ խնդիրն առաջացավ, որը պետք է լուծվեր։ Երկրորդը՝ առկա էր գիտելիքների տարբերություն, քանի որ եկան մասնագետներ, որոնք միչև այդ մեզանում չկային, և որոշակի առումով նաև Հայաստանում դպրոց ստեղծվեց։ Միաժամանակ տեղական ընկերությունների համար ավելի մեծ մրցակցություն առաջացավ, քանի որ սկսեցին մեր մասնագետներին էլ ներգրավել։ Դա շատ դեպքերում բերեց աշխատավարձերի բարձրացման, այսինքն՝ ընկերությունների ծախսերի ավելացման։ Բայց, այդուհանդերձ, ստեղծեց միջավայր, որտեղ կոոպերացիան ավելի մեծ էր, քան մինչ այդ, առաջացան միջանկյալ մասնագիտություններ։ Կարծում եմ՝ մի քիչ, իհարկե, պահը լավ չօգտագործեցինք, գուցե ավելի արագ քայլեր պետք է արվեին, առանց ավելորդ աղմուկի կամ PR–ի: Ամեն դեպքում՝ այդ ներհոսքն իր դրական արդյունքը տվել է։

Leave a reply