ՀԱԳՄ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի գործընկերների հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն հունվարի 17-20-ն այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին մի շարք հանդիպումների։ ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ մասնավորապես Գերմանիայի Արևելյան բիզնես ասոցիացիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին հրավիրվել էին նաև տարբեր հասարակական կառույցների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, առաջիկայում նախատեսվող քայլերը, իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են խթանելու արտասահմանյան ներդրումների աճին։ ՀԱԳՄ պատվիրակները ներկայացրել են Միության մոտեցումները տնտեսական իրավիճակի առնչությամբ, պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած ներդրումային նախաձեռնությանը, արտասահմանցի գործընկերներին ծանոթացնել մեր երկրի գործարար միջավայրին, ապահովել խորհրդատվությամբ, անհրաժեշտ տեղեկատվությամբ, կիսվել փորձով։

Գործնական մթնոլորտում է անցել միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հնարավոր համատեղ ծրագրերի։

ՀԱԳՄ փոխնախագահը բավական արդյունավետ որակեց մասնակցությունը «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էր հայաստանյան 35 ընկերություն։ Վերջիններիս համար լայն հնարավորություն էր ընձեռվել ունենալ նոր շփումներ, ծանոթանալ ինովացիոն առաջարկներին, ձեռքբերել գործընկերներ, ընդլայնել սպառողական աշխարհագրությունը։

Leave a reply