
Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը
Երևանում մայիսի 23-ին կայացավ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:
Ներկայացնելով «Դալան Թեքնոլոջիս» ներդրումային ծրագիրը՝ նախագծի հիմնադիր ու տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Այն կունենա նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանսների և միջոցառումների դահլիճներ, հյուրանոց, այլ հարմարություններ: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:
Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը կլինի տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն:
Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամին և ՀԱԳՄ-ին՝ աջակցության ու նախագծի իրականացման սահուն ընթացքի համար:










