
Հայկական ժամացույցները հիմնականում արտահանվում են ԱՄՆ
Հայաստանում 5 ընկերություններ զբաղվում են ժամացույցի արտադրությամբ, դրանցում զբաղված է 113 մարդ: Այդ մասին նշված է ժամագործության զարգացման ծրագրում, որը 2013 թ. հուլիսի վերջերին հաստատվել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից:
2011 թ. արտահանվել է մոտ 8 մլն դոլարի ժամացույց (ժամացույցի բաղադրիչ): Ժամացույցների 85%-ը արտահանվել է ԱՄՆ: Հայկական ժամացույցներն արտահանվում են նաեւ Ուզբեկստան (ընդհանուրի 7%), Թուրքմենստան (ընդհանուրի 5%), այլ երկրներ: Բացի այդ՝ Հայաստանը ժամացույցի բաղադրիչներ է արտահանում Շվեյցարիա:
Ժամացույցի հիմնական արտադրողներն են՝ «Երեւանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնը», AWI, «Այ-Ջի-Օու-Ար» ընկերությունները, Frank Muller-ի Հայաստանի ներկայացուցչությունը: Հայաստանում արտադրվածները հիմնականում դասվում են թանկարժեք ժամացույցների դասին:
Հայաստանի ժամագործության ոլորտի պիկը եղել է 1980-ականներին, երբ տարեկան արտադրվում էր 4-5 միլիոն հատ ժամացույց: Հիմնական արտադրողներն էին Երեւանի ժամացույցների գործարանը՝ կենցաղային ժամացույցներ եւ Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանը՝ ձեռքի ժամացույցներ (այդ թվում՝ ոսկե): Արտադրված ժամացույցների 98%-ից ավելին կազմել են զարթուցիչները: Ոսկե ժամացույցներ արտադրվել են տարեկան 30-70 հազ. հատ:
Աղբյուրը՝ news.am