ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ ապրիլի 19-ին մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին իր մասնակությունն է բերել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը։

«Ֆորումի նկատմամբ զանազան գործարար շրջանակների ներկայացուցիչների ցուցաբերած այսչափ հետաքրքրությունը, իսկապես քաջալերող է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ հայկական կողմից ֆորումին մասնակցելու հետաքրքրությունը շատ ավելի մեծ էր: Հանձնառու եմ ապահովել բոլոր անհրաժեշտ քայլերը հաջորդ բիզնես ֆորումը Հայաստանում անցկացնելու համար»,-ողջույնի իր խոսքում մասնավորապես ասել է Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահի խոսքով՝ տնտեսությունը սեղմ քաղաքականությունն է, մինչդեռ սեղմ տնտեսությունը՝ հաջողած բիզնեսը: Ուստի բիզնեսի հաջողությունը թե՛ տնտեսության և թե՛ քաղաքականության հաջողության վկայությունն է: Վահագն Խաչատուրյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել օգտվել պատեհ առիթից՝ բացահայտելու, համախմբելու և իրագործելու իրենց հետաքրքրությունը երկու երկրների համար կարևորություն ներկայացնող բիզնեսների նկատմամբ, և լավագույնս օգտվելու Լիտվայի իշխանությունների կողմից սիրով տրամադրված այս հարթակից:

«Բիզնեսը ոչ թե երկարաշունչ ելույթների, այլ գործողությունների և արդյունքների մասին է, ուստի մաղթում եմ բոլորիդ արգասաբեր միջոցառում և, հավաստիացնում, որ պատրաստակամ եմ աջակցելու ձեր բոլոր գաղափարներին ու նախաձեռնություններին»,-նշել է ՀՀ նախագահը:

Նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի ներկայությամբ համագործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել ՀՀ և ԼՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները: Փոխգործակցության հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի արդյունաբերողների համադաշնության միջև։

Համաժողովի շրջանակներում հայ և լիտվացի գործարաների միջև կայացել են երկկողմ բանակցություններ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Leave a reply