«Մաքսային Միություն՝ Հայաստան–համագործակցություն» ֆորում

Հունիսի 6–8–ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում կազմակերպել էր «Մաքսային Միություն՝ Հայաստան –համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Զարգացման Հայկական Գործակալության պատասխանատուներ, գործարարներ։ Ֆորումին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակություն։

Լիագումար նիստին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի անդամակցության նոր տնտեսահարաբերությունները, Մաքսային Միությունը բնորոշեց որպես տնտեսական զարգացման հեռանկար։

«Հայ–ռուսական տնտեսական հարաբերություններ. համագործակցության նոր սահմաններ» թեմայի շրջանակներում պարզաբանումներ ու տեսակետներ արտահայտեցին Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունների, ռուսաստանյան տարբեր նահանգների առևտրաարդյունաբերական պալատների, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այլ գերատեսչությունների պատասխանատուներ։

Երկկողմ հանդիպումների և կլոր սեղանների ընթացքում քննարկվեցին և մեկնաբանվեցին Մաքսային Միությանը անդամակցելու ժամանակ համագործակցության պայմանները և առանձին մանրամասներ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը Արցախի ներդրումային հիմնադրամի հետ ստորագրեց համաձայնագիր, որով կմշակվեն և կնախապատրաստվեն Արցախում Առևտրաարդյունաբերական պալատ հիմնադրելու գործում աջակցության միջոցներն ու տարբերակները։

Շնորհանդեսների միջոցով ներկայացվեցին հայաստանյան բազմաթիվ ընկերություններ՝ նոր գործակցության պատրաստակամությամբ ու արտաքին կապերով։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ծավալելով ակտիվ քննարկում հատկապես Հայաստանում գիտության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման վերաբերյալ, ներկայացրեց Միությունում կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքներն ու ընդհանրական տեսակետները, որոնք Մաքսային Միությանը անդամակցելու պայմաններում կարող են ոլորտային զարգացման լուրջ խթան դառնալ։

Առանձին սեկցիաներում քննարկվեցին «Ռուսաստան–Հայաստան՝ գործընկերության ստրատեգիա», «Հայ–ռուսական տնտեսական համագործակցության միջոցով բժշկական և դեղագործական ոլորտների զարգացումը», «Ապրանքների հավաստագրումը Հայաստանում և Ռուսաստանում», «Գյուղատնտեսական մթերքների վերամշակում», «Շինինդուստրիա, շինանյութերի արտադրություն» և այլ թեմաներով խնդիրներ։

Leave a reply