ՀԱԳՄ – ԵՏՄ

Մայիսի 25–ին Ռուսաստանի Դաշնությունում կայացավ Եվրասիական Տնտեսական Միության ինտեգրացիայի հարցերով աշխատանքային խմբի Մոսկովյան հերթական նիստը, ուր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էր Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Քննարկվում էին Հայաստանի արդյունաբերողների կողմից բարձրացված հարցերը, որոնք մինչ այդ բազմիցս ներկայացվել ու քննարկվել էին ՀԱԳՄ բազմաթիվ հավաքներում, համակարգվել։

Իր ծավալուն ելույթում պարոն Կիրակոսյանը մասնավորապես նշել է՝ «Այսօր մենք վերանայում ենք Հայաստանի բիզնես հանրության համար կարևոր հարց արտահանման խոչընդոտների, Հայաստան–ԵՏՄ անդամ մյուս երկրների միջև արտահանման և ներկրման վերաբերյալ… Հայաստանը անշուշտ ունի իր սպեցիֆիկան՝ ԵՏՄ անդամ երկրների հետ չունի անմիջական ցամաքային սահման, բայց համոզված ենք, որ դա չի խանգարի ստեղծելու միասնական ինտեգրման համակարգ տարբեր բնագավառներում…»։

Ընդգծելով այս աշխատանքներում ՀԱԳՄ դերը՝ Էդուարդ Կիրակոսյանը ընդգծել է, որ Հայաստանը արդեն ընդամենը երեք միլիոնանոց շուկա չէ, այլ՝ 173 միլիոնանոց։ Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկման հանգամանքին՝ ՀԱԳՄ գործադիր տնօրենը նշել է՝ «Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունը թեև զուգադիպեց ռուսական ռուբլու արժեզրկմանը և դրան ածանցյալ ապրանքաշրջանառության նվազեցմանը, բայցևայնպես համոզված ենք, որ դա ժամանակավոր է…»։

Էականն այն է, որ Պարոն Կիրակոսյանի ծավալուն ելույթից և քննարկումներից հետո համապատասխան կառույցներին տրվեցին հանձնարարականներ լուծումների տարբերակներ ներկայացնելու համար։ Բնականաբար դա տևական գործընթաց է և պահանջում է փոխկապակցված գործողություններ։

Էդուարդ Կիրակոսյանը աշխատանքային խմբի նիստի շրջանակներում ունեցել է տարբեր հանդիպումներ, ներկայացրել հայ գործարարին հուզող բազմաթիվ խնդիրներ։

Leave a reply