Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ին: Այն ֆինանսավորվում է Եվրապալատի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար «Միավորելով ընկերություններին» (EU4B Connecting Companies ENI / 2019 / 411-865) նախագծի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի (LATIA) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) կողմից:

Ծրագրի երկու հիմնական նպատակներն են.

  • Նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը՝ կայուն գործելաոճի և գործնական վարքագծի խթանման միջոցով
  • Բարելավել շուկաների հասանելիությունը՝ ստեղծելով և խթանելով Հայաստանի և Լիտվայի (նաև ԵՄ շուկա) տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը:

Ծրագիրը կձգտի զարգացնել տեղական ՓՄՁ-ների գիտելիքները կայուն արտադրական պրակտիկայի վերաբերյալ՝ գործընկերների հետ գիտելիքների փոխանակման միջոցառումների ընթացքում: Կլուսաբանվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կայունության ստանդարտները, կանոնակարգերը և հավաստագրման սխեմաները, էկոլոգիապես մաքուր հումքը և դրա ձեռք բերման եղանակները, շրջանաձև տնտեսության տարրերը և այլն:

Գիտելիքի փոխանակման ընթացքում ձեռք բերված արդյունքները, լավագույն փորձը և քաղված դասերը կներառվեն «ԵՄ շուկա պատասխանատու արտահանողների ուղեցույց» ձեռնարկում:

Հայ և լիտվական ՓՄՁ-ների միջև գործարար կապերի հաստատումը կիրականացվի գործարարների միմյանց փոխկապակցելու /B2B matchmaking/ մեթոդաբանության միջոցով: Կկազմակերպվեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ։ Գործընկեր երկրներում կկազմակերպվեն Հայաստանի և Լիտվայի թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքի ցուցադրություն և երկուստեք գործարար հանդիպումներ:

Ձեռք բերված արդյունքները շարունակական դարձնելու համար կստեղծվի Լիտվայի և Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի գործարարների էլեկտրոնային տեղեկատվական հարթակ, որը կօգնի համապատասխանեցնել ներգրավված ընկերությունների առաջարկը և պահանջարկը: