Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարություն է տարածել գործարարի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել Գործարարի օրվա առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը.

«Հարգելի հայրենակիցներ, դարեր ի վեր hայ ժողովուրդը հայտնի է եղել իր գործարար  ձիրքով: Այդուհանդերձ 1991թ. անկախություն ձեռք բերած Հայաստանում գործարար խավը չգոյությունից պետք է վեր հառներ, և անցած կարճ ժամանակահատվածում այն ոչ միայն ձևավորվեց ու կայացավ, այլև դարձավ հայոց  պետականության  տնտեսական կայուն  զարգացման ամուր հիմքը, դուրս եկավ միջազգային հարթակ:

Հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությունը՝  Հայաստանի կառավարությունը 2017 թվականին  մարտի 3-ը՝ Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, հռչակեց «Գործարարի օր»:

Նոր Հայաստանի արդեն իսկ  կայացած գործարար համայքն այսօր էլ ընտրել է այն նշաձողը, որն իր կյանքով ու ազգօգուտ  գործունեությամբ  բարձրացրել էր հայ ժողովրդի  հիշողության մեջ պայծառ հետք թողած և ազգի ինքնության պահպանման  համար  հսկայական ներդրում ունեցած Ալեքսանդր Մանթաշյանցը:

Ներկայում մեզ համար իրական հնարավորություն է ստեղծվել իրականացնելու  տարբեր ժամանակների  հայ արդյունաբերողների, վաճառականների, բանկիրների նվիրական երազանքը՝ նպաստել հայոց պետության տնտեսական ամրությանն ու զարգացմանը, հայ մարդու բարեկեցիկ ու արժանապատիվ  կյանքի ձևավորմանը, հայոց բանակի հզորացմանն ու երկրի կայուն անվտանգության ապահովմանը։

Հենց այս է մարտի 3-ի՝  «Գործարարի օրվա» հիմնական խորհուրդը, որին բոլորս պետք է լծվենք այսօր և որին կարելի է հասնել մրցակցային, ստեղծարար աշխատանքով, հետևողական նորարարությամբ, hայրենիքի ու սփյուռքի կարողությունների միասնականության, միմյանց սատարման շնորհիվ։

Ուրեմն՝ հենց այս ոգով էլ ի գործ, սիրելի հայրենակիցներ, հանուն արժանապատիվ ու խաղաղ կյանքի, հանուն մեր հայրենիքի հետագա հզորացման ու առաջընթացի»։

Leave a reply