Հատկապես բիզնեսում արյունավետության լավագույն գումարելիներից մեկը ուժերի համախմբումն է և մեկ նշանակետին խփելը… Կոնկրետ օրինակով փաստարկում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

Դեռևս անցած տարվա սկզբին քննարկումներից մեկի ժամանակ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մտահոգություն արտահայտեց՝ Ինչու՞ գործարարության շահերը ներկայացնող խոշոր կազմակերպություններով (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի շինարարների միությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը և մյուսները) ինչու մի պլատֆորմ չստեղծենք, պարբերաբար հավաքվենք, ընդհանուր տեսակետներ քննարկենք, տարբեր հարցերի վերաբերյալ միասնական կարծիքով հանդես գանք։ Այդ մտահոգությամբ դիմեցինք խնդրին առնչվող կազմակերպություններին, գաղափարը պարզաբանեցինք, բայց անմիջապես որևէ ինստիտուցիոնալ կառույց չստեղծվեց։

Երբ սկսվեցին հարկային օրենսգրքի քննարկումները, հարկային խորհրդում ներգրավվեցին տարբեր հասարակական կազմակերպություններ, որում մեր ՀԱԳՄ–ն ներկայացնում է Միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Քանի որ շատ ծավալուն էր հարկային օրենսդրությունը և միանգամից հնարավոր չէր այն քննարկել, ֆինանսների նախարարությունը գրաֆիկ կազմեց դրանց տարբեր մասերով անդրադառնալու։ Նախատեսվում էր, որ խորհրդի անդամները քննարկեին ըստ գրաֆիկի և արտահերթ խորհրդում ներկայացնեին իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Եվ Արսեն Ղազարյանն առաջարկեց, որ հասարակական տարբեր կառույցները ներկայացնեն միասնական կարծիք։ Պայմանավորվեցինք, որ այն կառույցները, որ ներկայացված են հանրային խորհրդում բիզնեսի ուղղությամբ, յուրաքանչյուրն իր համար կազմակերպի քննարկում, որից հետո բոլորը հավաքվեն մի տեղ, ամեն մեկս կներկայացնենք մեր առաջարկությունը, քննարկենք և ընդհանուր հայտարարի գանք։

Եվ ահա՝պլատֆորմի կարծիքը ներկայացվում է որպես միասնական առաջարկություն։ Այդ պլատֆորմում ներկայացված են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Հայ–ամերիկյան առևտրի պալատը, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամը, «Հարկ վճարողների շահերի պաշտպանություն» ՀԿ–ն և խորհրդատվական այլ կազմակերպություններ։ Մեր Միությունն ունի տնտեսագետների պրոֆեսիոնալ խումբ՝ առաջատար մասնագետներով, որոնց միջոցով մենք մեր առաջարկություններն ենք անում, հետո բոլորը ամբողջացնում։

Նախկինում օրենքի նախագիծը ստանում էինք, առաջարկություններն անում և ուղարկում էինք։ Եվ թե ինչքանով ընդունվեց, մենք իմանում էինք ԱԺ–ում օրենքի ընդունումից հետո։ Եթե գտնում էինք, որ մեր կարևոր առաջարկությունը պետք է հաշվի առնվեր, սկսում էինք պայքարել տարիներով։ Այս նոր մեթոդով աշխատելը շատ արդյունավետ է։ Մեր առաջարկությունները, որ ներկայացնում ենք ֆինանսների նախարարություն, բոլորը նայվում են, կազմվում է հատուկ փաստաթուղթ, որում մանրամասնորեն նշվում են արված առաջարկությունները՝ այսինչ կետերը ընդունված են, այսինչ կետերը՝ ոչ, հիմնավորվում են, իսկ այսինչ կետերը ընթացքի մեջ են։ Մինչև այժմ մեր արած 50 խոշոր առաջարկությունից 13–ը ընդունվել են լրիվ, 17–ը մասնակի, իսկ բավականին առաջարկություններ դեռևս քննարկման փուլում են։

Շատ կարևոր է, որ աշխատանքային այս ձևաչափը միայն այս քննարկումներով չսահմանափակվի. չէ որ բիզնեսին զորակցող ամենաարդյունավետ գործոնը հավաքական ուժն է։

Leave a reply