Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին նվիրված նիստին ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով իրատեսորեն ներկայացրեց խնդրին առնչվող դժվարությունները՝ միաժամանակ նշելով դրանց կարգավորման արդյունավետ տարբերակները: Նրա կարծիքով Սփյուռք-Հայաստան տնտեսական գործակցությունը հիմնականում էմոցիոնալ դաշտից պետք է տեղափոխվի բիզնեսի դաշտ՝ սակայն չանտեսելով նաև ազգային-էմոցիոնալ գործոնը. չէ որ խնդիրը Հայրենիքին զորակցելուն է վերաբերում:

Սեպտեմբերի 20-ին Երևանի «ՍԱԼՈՆ» սրահում տեղի ունեցավ Հայ Առևտրային Ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը տրվեց «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվեց Շարժայի բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը ստացավ «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, իսկ «Հայաստանի ներդրող» նրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանը:

Իր շնորհակալական ծավալուն խոսքում պարոն Արսեն Ղազարյանը պատկերավոր բնութագրեց արտերկրի հայկական կապիտալի առնչությունները Հայաստանի տնտեսությանը՝ արժևորելով Հայ Առևտրային Ցանցի կարևորագույն դերը համահայկական խնդիրների լուծման գործում: Պարոն Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԱՑ-ը հիմնադրվել է 2011 թ. ապրիլին Երևանում կայացած անդրանիկ նիստի ժամանակ: Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի կապերի հաստատմանը և ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակ ամբողջ աշխարհումմ գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների համար գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով: ՀԱՑ-ի կազմում կան 14 բիզնես կազմակերպություն Հայաստանից և Սփյուռքից: ՀԱՑ-ի միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը և Հայ Առևտրային Ցանցի բիզնես ֆորումը ևս մեկ քայլ էին Հայաստան-Սփյուռք մերձեցման գործում:

Leave a reply