Հայաստան – Ռուսաստան

Սովորաբար նորանշանակ դեսպանները տվյալ պետության ղեկավարությանը դիվանագիտական հավատարմագրման փաստաթղթերը հանձնեուց հետո չգրված օրենքով առաջիններից մեկը կարևորագույն բիզնես կառույցներն են այցելում: Դրանով ևս հավաստվում է այն ճշմարտությունը, որ քաղաքականությունը խտացված տնտեսություն է:

Տնտեսական կապերի զարգացման նկատմամբ հարգալից վերաբերմունքից այս անգամ անմասն չմնաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով սեպտեմբերի 24-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հյուրն էր: Ջերմ շնորհավորանքից հետո ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց սկսեց մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ: Անկեղծ բացախոսության մթնոլորտում բազմաթիվ փակագծեր բացվեցին: Պարոն Ղազարյանը հույս հայտնեց, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին պետք է հաղթահարեն համաշխարհային ճգնաժամը և Հայաստանում դրան ածանցյալ մարտահրավերները: Նա կարևորեց առաջիկայում Սոչի քաղաքում կայանալիք ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Միության պատվիրակությունը: Անկասկած դա կարևոր հարթակ է նաև միջպետական տնտեսական կապերի զարգացման առումով: ՀԱԳՄ նախագահը առանձնապես նշեց Հարավկովկասյան երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները, որ բեռնափոխադրումների գործում հարկավոր է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չփոշիացնել նյութական միջոցները: Մասնավորապես այս մտահոգության վերաբերյալ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոստացավ դեսպանությունում քննարկել իրավիճակը և աջակցել խնդիրների լուծմանը:

ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Հայաստան–ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար:

Խոսելով առանձին թերացումների մասին՝ «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը մասնավորեց հատկապես ամբողջ Եվրոպայում խոշորագույնը այդ ձեռնարկության համար մեծ ծավալով գլանման յուղի Ռուսատաանից առաքման խաթարումների մասին, ինչը երբեմն ստիպում է նոր մատակարարներ որոնել:

Գործակցության զարգացման առանձին հարցեր կարևորեցին նաև ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:

Հանդիպումն անցավ բացառիկ անկեղծ մթնոլորտում:

Leave a reply