ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը Երևանում

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 12-րդ նիստը: Նախագահում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության խնդրին՝ պարոն Ղազարյանը նշեց ինչպես դրական տեղաշարժերը, այնպես էլ չարդարացված դանդաղկոտությունն ու վարչարարությունը՝ «Անհրաժեշտ է ազատվել ավելորդ բյուրոկրատիզմից… ԵԱՏՄ անդամ երկրները, սեփական շահերի առկայության հետ մեկտեղ, պետք է ստեղծեն «ԿԱՌ»՝ միասնական շուկա»: ՀԱԳՄ նախագահը շեշտեց, որ հարկավոր է շարժվել մեկ տրամաբանությամբ և ուղղությամբ, որ յուրաքանչյուր քայլ արդյունավետ լինի: Արսեն Ղազարյանի համոզմամբ, բիզնեսները մերձեցնելով, դառնում են առավել մրցունակ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Երևանի «Ոսկերչական գործարան» ընկերության նախագահ Էմիլ Գրիգորյանը քննադատաբար նշեց, որ ԵԱՏՄ երկրներից փոխանակ հումք ձեռք բերեն, այն ցանկացած պահին առավել դյուրությամբ գնում են արտերկրից: Նախագահության անդամները խոստացան խնդիրը ներկայացնել այլ ատյաններ և գտնել լուծման տարբերակներ:

Տարաբնույթ խնդիրների ու մտահոգությունների անդրադարձան նաև այլ բանախոսներ:

Եզրափակիչ խոսքում, կարևորելով արվածը, պարոն Արսեն Ղազարյանը ընդգծեց, որ բիզնեսի բնականոն զարգացման համար հարկավոր է ստեղծել միասնական հարթակ, բացահայտել ինտեգրացիոն հնարավորությունները, վերացնել բյուրոկրատիզմն ու վարչարարությունը, որի պայմաններում միայն ԵԱՏՄ-ն կդառնա անդամ երկրների բիզնեսի լոկոմոբիլը:

Հանդիպման ավարտին հյուրերը գոհունակությամբ նշեցին երևանյան նիստի և ջերմ ընդունելության մասին:

Leave a reply