
Աշխատանքների անվտանգ կազմակերպման համար գործարարները սահմանում են խիստ կանոնակարգեր
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության վերջին հեռահար նիստում մասնակիցներն այլ հարցերի թվում անդրադարձան նաև արտակարգ իրավիճակի պայմաններում ընկերություններում աշխատանքների կազմակերպման իրենց սահմանած կանոնակարգերին, որոնք շատ դեպքերում մի քանի անգամ ավելի խիստ են, քան Պարետատան կողմից ներկայումս սահմանվածը։ Գործարարներն ընդգծեցին այն բարձր պատասխանատվությունը, որ ցուցաբերվում է իրենց ղեկավարած կազմակերպություններում՝ բացառելու համար թագավարակի հետագա տարածումը։
Նախագահության անդամները ներկայացրին այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք ձեռնարկել են աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու, աշխատակիցների՝ առավելագույն անվտանգ աշխատավայր գալու և տուն վերադառնալու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։ Մասնավորապես վերջիններս ընկերությունների հաշվին և գործընկերների աջակցությամբ ապահովվել են անհրաժշտ տրանսպորտային միջոցներով։
Գործարարները կիսվեցին նաև աշխատանքային պայմաններում սոցիալական հեռավորութան ապահովման, հեռահար աշխատանքի կազմակերպման և ախտահանման միջոցառումների իրենց փորձով։
«Շատ ուրախալի է, որ հաճախ գործարարների պահանջներն իրենց իսկ ընկերությունների հանդեպ էապես ավելի խիստ են, քան մասնագետների առաջարկներն ու Պարետատան հորդորները։ Գործարարները եղել և մնում են Հայաստանի տնտեսության հենասյունը, և այս դժվարին օրերին նրանց իրականացրած ձեռնարկներն ավելացնում են այդ մասին բազմաթիվ վկայությունները»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։