
Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակներում տարվող համագործակցությանն առնչվող հարցեր, փոխգործակցության կատարելագործման հնարավորությունները, այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք ծագում են համատեղ ընդունված որոշումների գործնական կիրառման ընթացքում։
Հանդիպմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդին՝ Միության կողմից արված առաջարկությանը, որն առնչվում է ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման խնդրին։ Վերջինս պայմանավորված է ԵԱՏՄ-ում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։
Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ թեև հարցը լսվել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության՝ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին կայացած նիստում և որոշում կայացվել այն ներկայացնել համապատասխան ընթացակարգերի իրականացմանը, այդուհանդերձ, հետագայում առաջարկված լուծումները ՀԱԳՄ կողմից գնահատվում են անբավարար, խնդիրը՝ չհաղթահարված։ Այս մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ԵԱՏՄ կառույցներին ներկայացրել է իր դիրքորոշումը։
Ռուսլան Բեկետաևը կառուցողական որակեց բարձրացված հարցի առնչությամբ առաջարկված լուծումները, նշելով, որ այն ևս մեկ անգամ քննության կառնվի համապատասխան կառույցների կողմից, կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ։