Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գործարարները համատեղ փաստաթուղթ են ընդունել կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի «Կանաչ գոտում» Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին անցկացված «Բիզնեսը՝ հանուն բնության. տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն կանաչ անցման և կենսաբազմազանության»» խորագրով համաժողովը եզրափակվել է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գործարար համայնքների տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի ստորագրմամբ։

Փաստաթուղթը, որը վավերացրել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (UMBA), Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան (FEU), ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի Վրաստանի ցանցը (UNGCNG) և Մոլդովայի Հանրապետության գործատուների ազգային կոնֆեդերացիան(CNPM), միտված է կենսաբազմազանության պահպանության գործում մասնավոր հատվածի դերի ամրապնդմանը և գործարար համայնքի ու պետության համագործակցության խթանմանը։

Փաստաթուղթն ուղղված է Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցող ազգային կառավարություններին ու պատվիրակություններին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին։ Այն ներկայացնում է չորս երկրների գործարար համայնքների ընդհանուր դիրքորոշումը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման գործում մասնավոր հատվածի մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը նախատեսում է մինչև 2030 թվականը դադարեցնել և հետ շրջել կենսաբազմազանության կորուստը՝ իրականացնելով 23 գործողությանն ուղղված նպատակները։ Փաստաթղթում առանձնահատուկ կարևորվում է շրջանակի 15-րդ նպատակը, ըստ որի՝ գործարարները պետք է գնահատեն, բացահայտեն և նվազեցնեն կենսաբազմազանության հետ կապված իրենց ռիսկերն ու բացասական ազդեցությունները։ Ըստ փաստաթղթում տեղ գտած գնահատականի՝ այս նպատակը դեռևս հետևողականորեն արտացոլված չէ ազգային նպատակներում և իրականացման միջոցառումներում, ինչը սահմանափակում է ընկերությունների՝ գլոբալ պարտավորությունների կատարմանն արդյունավետորեն նպաստելու հնարավորությունները։

Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթով չորս երկրների գործարար համայնքները պատրաստակամություն են հայտնում բարձրացնել ընկերությունների իրազեկվածությունը կենսաբազմազանության վրա իրենց գործունեության ազդեցությունների, բնությունից ունեցած կախվածության, ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ։

Նախատեսվում է նաև աջակցել կենսաբազմազանության հարցերի ներառմանը գործարար որոշումների կայացման և երկարաժամկետ ռազմավարությունների մեջ, ինչպես նաև խթանել ընկերությունների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման և ներդրումային նախաձեռնություններին։

Ընդգծվում է, որ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև պետական աջակցություն։ Մասնավորապես՝ կառավարություններին առաջարկվում է ամրապնդել  կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշտադիտարկման համակարգերը, զարգացնել տարածաշրջանային համագործակցությունն  ու ստեղծել գիտելիքների փոխանակման և տեխնիկական աջակցության մեխանիզմներ։

Գործարար համայնքները կոչ են անում ձևավորել հստակ ու կանխատեսելի կարգավորող միջավայր, ապահովել բիզնեսի մասնակցությունը օրենսդրության և ազգային ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև հասանելի դարձնել կենսաբազմազանությանն ուղղված ներդրումների ֆինանսավորումը։

Առաջարկությունների շարքում են նաև դրամաշնորհների, համաֆինանսավորման, երաշխիքների և արտոնյալ կանաչ վարկավորման մեխանիզմների զարգացումը, կենսաբազմազանության ազգային ֆինանսավորման ծրագրերի արագացումն ու մասնավոր ներդրումների համար առաջնահերթ ոլորտների բացահայտումը։

Մինչև փաստաթղթի ստորագրումը համաժողովի մասնակիցներին իրենց կառույցների գործունեության ուղղությունները, նպատակներն ու կենսաբազմազանության ապահովմանն ուղղված ծրագրերն են ներկայացրել փաստաթուղթը վավերացրած կառույցների ներկայացուցիչները՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի Վրաստանի ցանցի գործադիր տնօրենի տեղակալ Նինո Կվանտրիշվիլին և Մոլդովայի Հանրապետության գործատուների ազգային կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Վլադիսլավ Կամինսկին։ Նրանք կարևորել են տարածաշրջանային ջանքերի համատեղումն ու համագործակցությունը։

ՀԱԳՄ-ի՝ Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ներկայացրել է այն համակարգող Միքայել Թևոսյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ/ESG) հարցերի վերաբերյալ ուսուցում ու խորհրդատվություն, նպաստել կլիմայական դիմադրողականության շուրջ ազգային երկխոսությանը և խթանել միջոլորտային ու տարածաշրջանային գիտելիքների փոխանակումը։ Նախաձեռնությունը միտված է հայաստանյան ընկերություններում ՇՄՍԿ սկզբունքների կիրառմանը, դրանց կարողությունների ամրապնդմանը, կայուն զարգացմանը և մրցունակության բարձրացմանը։

Կենսաբազմազանության պահպանության գործում բիզնեսի դերի և Դանիայի փորձի մասին զեկուցել է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի ավագ խորհրդական Օլե Կրոգսգարդը։ Նա անդրադարձել է միջազգային փորձին՝ նշելով, որ գործարարներն ընդհանուր առմամբ գիտակցում են խնդրի կարևորությունը, սակայն շարունակում են առկա մնալ չափորոշիչների սահմանման, դրանց կիրառման, արդյունքների չափելիության և հաշվետվողականության հետ կապված դժվարությունները։ Նա ևս ընդգծել է տարածաշրջանային կառույցների համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների նշանակությունը։

COP17-ի շրջանակում ՀԱԳՄ-ն նույն օրը կազմակերպել է նաև «Հայաստանի բիզնեսը՝ հանուն բնության և կայուն զարգացման» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում միության տաղավարում ներկայացված «Արմենալ», «Եվրոթերմ» ընկերությունների և «ԷկոՎիլ» հոլդինգի պատվիրակները ներկայացրել են կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց կազմակերպությունների քայլերն ու նախաձեռնությունները։

Երեկոյան կայացել է «Կանաչ անցման խթանում. վերականգնվող էներգիա, պահեստավորում և կայուն բիզնես» խորագրով պանելային քննարկումը։ Մասնակիցները ներկայացրել են ոլորտում իրենց փորձը և առկա մարտահրավերները։ Քննարկմանը մասնակցել են «ԷկոՎիլ» հոլդինգի հիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանը, «Շտիգեն» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Շեկյանը, Caucasus Clean Energy Holding-ի ESG-ի ղեկավար Նանա Բերձենիշվիլին և Դանիական բանկի կայուն զարգացման գծով ղեկավարի տեղակալ Թորբրուն Լունհոլմ Դահլը։

COP17-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտում» գործող ՀԱԳՄ-ի տաղավարն այցելուներին կընդունի մինչև հոկտեմբերի 30-ը։

Leave a reply