
Հուշագրի ստորագրում
Հոկտեմբերի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական նորաբաց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Կևորկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչին երկու կողմից մասնակցել են նաև կրթական և գործարար ոլորտների պատասխանատուներ։ Հանդիպման նպատակն էր երկուստեք ակտիվ մասնակցությամբ նորաբաց կրթօջախի ուսուցման ծրագրերը կյանքին համահունչ պատրաստելը, ինչը նպաստելու է կրթության և գործարարության առավել մերձեցմանը։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ընդգծված շեշտել է, որ թեև Հայաստանում այսօր շինարարական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն կա, բայցևայնպես հատկապես ֆրանսիական փորձով ու կուլտուրայով նոր կրթօջախի կարիքը վաղուց զգացվում էր։
Ի դեպ, ֆրանսիական շինինդուստրիայի և շինարարական կուլտուրայի վերաբերյալ հիշենք մեկ պատկերավոր փաստ։ Դեռևս հարյուրամյակ առաջ, երբ Փարիզում ավարտվեց Էյֆելյան հսկա աշտարակի կառուցումը, վերջում շինհրապարակում մնացել էր ընդամենը 16 կիլոգրամ շինարարական աղբ։ Իսկ այս նորաբաց բարձրագույն ուսումնական հաստատությունը հենց այդ շինարարական արվեստի ու կուլտուրայի սերմանողն է։