
Գրանցվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցվել և ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները:
ՀԱԱԳ-ն հիմնադրվել է ՀՀ Կառավարության որոշմամբ (Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում)’ որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք: Այս գործակալության հիմնական նպատակներն են՝
♦ Նպաստել ՀՀ արտահանման շուկաների ընդլայնմանը և աճին:
♦ Նպաստել արտահանման ոլորտի դիվերսիֆիկացիային’ արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների համար ստեղծելով հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսներ:
♦ Նպաստել կազմակերպությունների արտադրության և արտահանման կարողությունների աճին’ տեխնիկական վերազինման հնարավորություններ ստեղծելու միջոցով:
♦ Նպաստել արտահանման հետ կապված առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:
ՀԱԱԳ-ն լիարժեքորեն կսկսի ծառայություններ մատուցել արտահանման ապահովագրական գործունեության համար անհրաժեշտ նախապատրաստական փուլի ավարտից հետո:
Աղբյուրը՝ mineconomy.am