Ունենք ամենակարեւորը՝ անխափան աշխատող երկաթուղի դեպի նավահանգիստներ

28 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում «Ապավեն» միջազգային բեռնախոխադրումներ ՍՊԸ—ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը խոսել է այն մասին, թե այս օրերին, երբ մարդկությունը պայքարում է կորոնավիրուսի տարածումը կասեցնելու եւ վիրուսից իսպառ ազատվելու համար, ինչպե՞ս են կատարվում բեռնափոխադրումները, ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս եւ ինչպե՞ս պետք է լուծվեն դրանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում պրոբլեմներ չստեղծելու համար։

– Այսօր էլ աշխատում ենք նույն ռեժիմով, – ասաց նա, – ինչպես կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից առաջ։ Բայց իրադարձությունների զարգացումները նոր քայլեր են պարտադրել, եւ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել։ Դուք գիտեք, որ պարետի որոշմամբ որոշակի աշխատանքներ չեն սահմանափակվել։ Դրանց թվում են նաեւ միջազգային բեռնափոխադրումները։ Բայց, անկախ այն հանգամանքից, որ մեր գործունեությունը սահմանափակված չէ, ներքին որոշում ենք ընդունել եւ հեռավար աշխատանքի հնարավորություն ենք տվել այն աշխատակիցներին, որոնց ներկայությունն աշխատավայրում այնքան էլ պարտադիր չէ։ Այժմ յուրաքանչյուր բաժնում մեկ հոգի հերթապահ ունենք, որի ներկայությունը պարտադիր է՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որի դեպքում գրասենյակում պետք է ապահովվի աշխատակցի ներկայությունը։ Բնական է՝ այս իրավիճակը ազդում է եւ աշխատանքի արդյունավետության, եւ տեմպի, եւ շրջանառության ծավալների վրա։ Բայց ինչպես բոլորը, այնպես էլ՝ մենք։ Կա իրականություն, որի հետ հաշվի ենք նստում։

– Բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են Վրաստանի միջոցով, որը նույնպես պայքարում է վիրուսի դեմ։ Ի՞նչ խնդիրների եք բախվում։

– Հայաստանում, երեւի հիշում եք, վերջին անգամ արտակարգ իրավիճակ է եղել 2008 թ., երբ օգոստոսին վրաց-օսեթական լարվածությունը վերաճեց վրաց-ռուսական պատերազմի։ Վրաստանում առաջացած իրավիճակն անմիջապես արտացոլվեց Հայաստանի վրա։ Խաշուրիի մոտ երկաթուղային կամուրջ պայթեցվեց, եւ, ըստ էության, Հայաստանի՝ երկաթուղով ցամաքային կապը նավահանգիստների հետ խաթարվեց։ Այսօր հեշտ է մտածել այսպես՝ ի՞նչ է եղել որ, հարցը կլուծենք ավտոմեքենաների միջոցով։ Իսկ 2008 թ. Հայաստանն ավտոմոբիլային նման պարկ չուներ այն տեսքով, ինչ այսօր կա։ Երեւի հատուկենտ մեքենաներ ենք ունեցել, որոնք աշխատել են միջազգային բեռնափոխադրումների շուկայում։ Այսպիսով՝ մեքենաներ գրեթե չկային, պայթեցվեց երկաթուղային կամուրջը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։ Եվ այդ իրավիճակում մենք սկսել ենք աշխատել, գտնել լուծումներ, կարողացել ենք պատվով դուրս գալ իրավիճակից, բերել եւ ցորեն, եւ ալյուր, եւ վառելիք։ Այս ամեն ինչը հաղթահարեցինք փորձի, գիտելիքների, կապերի, ներքին պոտենցիալի, հնարավորությունների շնորհիվ։ Հիմա նույնպես արտակարգ իրավիճակ է՝ պայմանավորված արդեն այլ հանգամանքներով, ոչ թե պատերազմով, այլ կորոնավիրուսով։ Վարակի սահմանները Հայաստանով չեն սահմանափակվում, այլ ավելի մեծ են։ Վրաստանն էլ է ներգրավված այս գործընթացում։

Բեռնափոխադրումների առումով իրավիճակը, համեմատած 2008 թ. հետ, անհամեմատ ավելի բարենպաստ է։ Գիտեք, երեւի, որ հիմա մենք մեքենաների 10 կիլոմետրանոց հերթ ունենք Բագրատաշենում։ Փաստացի այդ հերթը ձեւավորվել է մեքենաների առկայությամբ։ Այսօր ունենք ավտոմոբիլային հզոր պարկ, որը կարող է մեր տնտեսության զգալի ծանրաբեռնվածությունն իր վրա վերցնել։ Եվ ամենակարեւորը՝ ունենք անխափան աշխատող երկաթուղի դեպի նավահանգիստներ՝ թե Բաթումի, թե Փոթի։ Երկաթուղին կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պայմաններում իդեալական փոխադրամիջոց է։ Վագոնները հասնում են Սադախլո կայարան, հայկական լոկոմոտիվը 11 կմ մտնում է Վրաստանի տարածք եւ բերում այդ վագոնները։ Մարդկային գործոն գոյություն չունի։ Հակառակ ուղղությամբ էլ նույն պատկերն է։

Ավտոմեքենաների դեպքում այլ իրավիճակ է, եւ այս շարասյունը, որ կանգնել է, եւ մենք ունենք կուտակումներ, իր բացատրությունն ունի։ Վստահաբար անհամեմատ ավելի բարենպաստ վիճակում ենք, քան 2008-ին։ Այն ժամանակ շատ չնչին ձեւով զգացվեց, որ արտակարգ իրավիճակում ենք։ Իհարկե, շատ լարված աշխատել ենք։ Շատ կարճ ժամանակահատված եղավ, որ բենզալցակայաններում հերթ էր։ Եղել է, ճշմարտությունը չես թաքցնի։ Բայց չէ՞ որ մենք հասցրեցինք անել ամենակարեւորը՝ վառելիք բերեցինք, որպեսզի պետական ամբողջ ապարատը՝ բանակը, ոստիկանությունը, գյուղատնտեսությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, շտապօգնությունն անխափան գործեն։ Նրանք ստացան իրենց անհրաժեշտ քանակը։ Մենք աշխատել ենք արտակարգ իրավիճակի պայմաններում, բայց թույլ չտվեցինք, որ երկիրը հայտնվի արտակարգ իրավիճակում։ Հիմա նորից արտակարգ իրավիճակ է, եւ պետք է աշխատենք այս պայմաններում։ Ռեալ պոտենցիալն ունենք, օգտագործել ենք եւ օգտագործելու ենք։ Իմ կարծիքով՝ այսօր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չկա հստակ ձեւավորված մասնագիտական կարծիք, թե որքան է տեւելու այս իրավիճակը, պետք է պատրաստ լինենք վատագույնին։ Մեր խնդիրն է հնարավորինս շատ պահեստավորել այն ապրանքատեսակները, որոնք անհրաժեշտ են։ Հիմա, փառք Աստծո, մտնում ես խանութ, եւ ամեն ինչ էլ կա։ Բայց կա՞ մեկը, որը կերաշխավորի, որ եւ վաղը այդպես կլինի, եւ մյուս օրը։ Իհարկե, պետք է ձգտենք, որ այդպես լինի։ Կորոնավիրուսը խնդիր է, եւ մարդկությունը պայքարում է դրա դեմ։ Մեր պայքարի նպատակն այն է, որ դա այլ խնդիրներ չառաջացնի. առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների պակաս չլինի։

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր պահեստավորումն ավելի արդյունավետ իրականացնել՝ երկաթուղո՞ւ, թե՞ ավտոմեքենաների միջոցով։

– Այսօր, ըստ իս, անհրաժեշտ է առավելագույն շեշտը դնել երկաթուղու վրա։ Մեքենաների աշխատանքի տեմպն այնքան է նվազել, որ մեր մեքենաներն այս տեմպով ի վիճակի չեն երկիրն ապահովել անհրաժեշտ ապրանքներով։ Եթե կրկնապատկենք երկաթուղով ներկրվող ապրանքների ծավալը, ամեն ինչ լավ կլինի... Իսկ մեքենաները եկել են ու կանգնել հերթում։ Հետ գնալուց էլ են կանգնելու։ Նրանց շրջանառությունը պակասելու է մի քանի անգամ, նույնքան նվազելու է ներկրված բեռների ծավալը։ Իսկ երկաթուղին պետք է օգտագործել։

– Իսկ ո՞րն է խնդիրը։

– Երկաթուղային փոխադրումները որոշ ապրանքատեսակների համար մի փոքր թանկ են, քան ավտոմեքենաների դեպքում։ Ենթադրենք՝ մեքենան Վլադիկավկազ արագ կհասնի, արագ կբարձի ապրանքը եւ կվերադառնա, իսկ երկաթուղու դեպքում աշխատանքը եւ ժամանակատար կլինի, եւ թանկ։ Բայց ժամանակն այստեղ այնքան վտանգավոր չէ, որովհետեւ նավով ու երկաթուղով այնքան մեծ քանակ կտեղափոխվի, որ այն միանգամից որակ կկազմի։ Դա հնարավորություն կտա արագ պահեստավորել մեզ անհրաժեշտ ապրանքները։ Հիմա օգտագործում ենք ներքին ռեսուրսում եղածը, կուտակվածը։ Իրավիճակից ելնելով՝ պետք է առաջ անցնենք, կանխատեսենք եւ արագ պահեստավորումներ կատարենք։ Դրա համար առաջարկում ենք նախապատվությունը տալ երկաթուղուն։ Ճիշտ է՝ երկար կտեւի, բայց միանգամից մեծ ապրանք կստանանք։ Երկաթուղու միջոցով կարող ենք լիարժեք լուծել, օրինակ, ցորենի խնդիրը։ Առավել եւս, որ Ռուսաստանը ԵԱՏՄ—ի անդամ երկրների համար չի սահմանափակում հացամթերքի տեղափոխությունը։ Վերջին հաշվով՝ Հայաստանն այն ծավալները չունի, որ Ռուսաստանն անհանգստանա։ Եվ դա պետք է օգտագործենք։ Շաքարավազն էլ, ի դեպ, մինչեւ հիմա նավերով եկել է Վրաստան, իսկ այնտեղից՝ երկաթուղով։ Տասնյակ հազարավոր տոննաներով։

– Կա՞ հնարավորություն՝ ազատվելու հերթերից։

– Վրաստանի իշխանությունների հետ պետք է աշխատել։ Մեզ համար անհասկանալի է, որ այս 10 կմ-անոց հերթի մեջ հայտնվում են ավտոմեքենաներ, որոնք ի սկզբանե պետք է գնան Փոթի։ Այդ մեքենաների մուտքը Վրաստան սահմանափակված չէ։ Մենք ենք մտցրել հերթի մեջ, փոխարենը ասենք՝ դուք արտահերթ գնացեք։ Սա՝ մեկ։ Հաջորդը՝ կարող ենք ընդհանրապես տարանջատել մեկը մյուսից, դիֆերենցված մոտեցում ցուցաբերել, խոսել Վրաստանի իշխանությունների հետ, ասել, որ Փոթի եւ Բաթում գնացող մեքենաները պատրաստ ենք բաց թողնել Բավրայի անցակետով։ Առավել եւս, որ կորոնավիրուսի տարածման առումով մենք ավելի վտանգված երկրների շարքում ենք, քան Վրաստանը։ Վերջինս դեռ 100 վարակակիր չունի, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այն երկրները, որոնք այդքան վարակակիր չունեն, դեռ շանս ունեն... Օգտագործելով Բավրայի անցակետը՝ վրացիներին հնարավորություն ենք տալիս խուսափել մերոնց հետ ուղղակի շփումներից։ Դա, վերջին հաշվով, մեր շահերից էլ է բխում. նրանք կվերադառնան նոր բեռներով։ Ես այս ամենը ասում եմ բեռնափոխադրումների տեսանկյունից։ Լուծումները, մեխանիզմները շատ են, պետք է փորձել եւ ընտրել լավագույնը։ Գիտեմ՝ հիմա ամեն ինչ էլ ունենք, առայժմ քանակը բավարար է, ես ուղղակի խոսում եմ այն մասին, որ հետագայում էլ աշխատանքները ճիշտ իրականացվեն։ Մենք պետք է նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը։

– Ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ վաղը կամ մյուս օրը հացի խնդիր, օրինակ, չեմ ունենա։

– Եթե իմ առաջարկած մեխանիզմները գոնե մասամբ իրականություն դառնան, վստահ եմ, որ հաց կունենանք։ Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստանձնել եւ աշխատել հանուն մեր երկրի, մեր ժողովրդի։

– Նաեւ վառելիքի՞ ներկրման դեպքում։

– Իրանից վառելիք միշտ չնչին քանակությամբ ենք ստացել։ Իսկ Վրաստանով վառելիքը Հայաստան է գալիս երկաթուղով։ Սխեմայի փոփոխություն չկա։ Միակ խնդիրն այն է, որ ներկրողներին համոզենք ավելի շատ բերել ու պահեստավորել։ Հիմա պահեստարաններ շատ կան, եւ դա հնարավոր է կազմակերպել։ Եթե պետությունն ուզում է օգնել այս աշխատանքներում, ուղղակի պետք է ֆինանսավորի, ոչ թե նվիրի այդ փողը։ Եթե ներկրողը, օրինակ, իմանա, որ մաքսազերծումն ավելի ուշ կանի կամ մաս-մաս տարբերակով, բնականաբար, գումարը կուղղորդի դեպի նոր քանակության ձեռքբերումը եւ պահեստավորումը։ Կամ կարելի է հնարավորություն տալ ակցիզային հարկը վճարել ոչ թե սահմանին, այլ ավելի ուշ։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է խթանել ներկրումը եւ պահեստավորումը։ Ոչ ոք, ի վերջո, չի կորցնում։ Իսկ ամենակարեւորը՝ շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Հարցազրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ
28-03-2020


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center