Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները
«Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները ներկայացվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից օգոստոսի 21-ին կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին ՀԱԳՄ նախագահության անդամներ, Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։
«Հանրային տեղեկատվության հասանելիությունը, կիբեռանվտանգությունն արդիկան ու բոլորիս հուզող հարցեր են, և կարևոր է, որ մինչ համապատասխան օրենքների նախագծերի ամբողջացումը, գործարար ու մասնագիտական հանայնքները նախօրոք կարողանան ծանոթանալ որդեգրվող քաղաքականությանը, իրենց անմիջական մասնակցությունն ունենան վերջինիս մշակմանը»,- ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի խոսքով՝ մեծ ցանկություն և կամք կա էական վերափոխումներ անել ոլորտի քաղաքականության մեջ։ Նշելով, որ մշակված մոտեցումներում դեռևս չկա միասնական ձևավորված վերջնական կարծիք, փոխնախարարը շահագրգիռ կողմերին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ նախնական քննակումներին, ներկայացնել իրենց մետեցումներն ու մտահոգությունները։ «Մեր նպատակն է ստանալ օրենքների փոխհամաձայնեցված նախագծեր»,- նշեց Գևորգ Մանթաշյանը։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը շնորհակալություն հայտնելով ՀԱԳՄ-ին քննարկման կազմակերպման և Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի մասնակցության համար՝ ընդգծեց քննարկումները գրեթե զրոյական կետից սկսելու հանգամանքը։ Նրա խոսքով՝ գործ ունենք լավ փորձի հետ, և գործարար ու մասնագիտական համայնքը օրենսդրական կարգավորումների հենց նախնական փուլում է ներգրավվում գործընթացին։
Ներկայացնելով «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի հիմնական դրույթները՝ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ ոլորտի ընդհանուր քաղաքականությունն ամբողջացնելու համար առաջիկայում նախատեսվում են ևս երկու օրենքների ընդունում, որոնք ուղղված կլինեն տվյալների նույնականացման և բնակչության ռեգիստրի կարգավորումներին, որոնց պարագայում սահմանվելու են Եվրամիության ամենախիստ չափանիշներ։
Բանախոսի ներկայացմամբ՝ «Հանրային տեղեկատվության մասին» օրենքը, որն իր մեջ կարող է ներառել «ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը», կապահովի հանրային տեղեկատվության հասանելիության մեխանիզմներ, կսահմանի տվյալների քաղաքականությունը, դրանց ստեղծման ընթացակարգը, պահպանման մեխանիզմները։ «Պետք է ունենանք կիբեռանվտանգություն, որով պաշտպանենք տվյալը, ստեղծենք տվյալների հասանելիության ծառայություն ու պաշտպանվածություն ապահովենք կիբեռհանցագործների և մանիպուլյատորների գործողություններից»,- նշեց Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ բոլոր տվյալները հասանելի լինեն, եթե հիմնավորված չէ, թե ինչու որևէ տվյալ չպետք է ներկայացված լինի։ Նախատեսվում է ստեղծել համապատասխան գործակալություն։
«Կիբեռանվտանգության մասին» օրենքը կոչված է լինելու կիբեռանվտանգության արդյունավետ գործիքակազմի ներդրմամբ ապահովել պետական և տեղական կառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց կողմից տեղեկատվական համակարգերի, կրիտիկանան ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, պահպանվող և հրապարակվող տեղեկատվության անվտանգությունը, ինչպես նաև կիբեռմիջադեպերի, կիբեռսպառնալիքների լուծումը, համապատասխան մարմիններին տեղեկացումը, կառույցների միջև եղած հարաբերությունները։ «Խոսքը գնում է նոր իրավահարաբերությունների մասին՝ քաղաքացիական կիբեռանվտանգության ոլորտում։ Խնդիրը՝ քաղաքացիների կյանքին և գործունեությանն առնչվող բոլոր թվային ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ապահովումն է»,-նշեց Ներսես Երիցյանը։
Բանախոսները և հրավիրված փորձագետները պատասխանեցին գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։
![]() |
|
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել