«ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ օրերս ընդունվեց Ազգային Ժողովի կողմից, ներառվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հունիսի 15-ին կայացած նիստի օրակարգում։ «Թեև ժամանակին տարբեր եղանակներով պետական պատկան մարմիններին գործարարները հաղորդել էին իրենց մտահոգությունները, այդուհանդերձ, քննարկվող նախագծում շարունակում են պարունակվել տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա գնահատմամբ՝ հարցն, իրոք, շատ զգայուն է և հրատապ։ Այն գործունեության անբարենպաստ միջավայր է ստեղծում գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։
Խնդրո առարկա նախագիծը նախատեսում է մի շարք ենթաակցիզային արտադրանքների համար բարձրացնել գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերը։ Հարցը զեկուցողը՝ ՀԱԳՄ խորհրդի անդամ, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը, հանգամանալի ներկայացրեց ակնկալվող փոփոխությունների ազդեցությունը, մասնավորապես, ոգելից խմիչքների արտադրության ոլորտի վրա, որի համար սահմանվում է գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ՝ տարեկան 8 տոկոսով։
Նրա ներկայացմամբ՝ երկար պայքարելուց հետո, երեք տարի առաջ գինու ակցիզային դրույքաչափը վաճառքի գնի 10%-ից իջեցվեց և դարձավ կայուն՝ 150 դրամ մեկ լիտրի դիմաց, ինչն իր արդյունքը կարճ ժամանակ անց զգացնել տվեց։ Վերջին երկու տարվա ընթացքում գինու արտադրությունը տարեկան առնվազն 10% ավելանում է։ Եթե 2000-ականների սկզբին գինի արտադրողների թիվը չէր հասնում քսանը, ապա 2020թ․ նրանք 67-ն էին, 2021-ին՝ 111-ը, իսկ 2022-ին՝ 161-ը։ Նորերի մեծամասնությունը փոքր արտադրողներ են։ Տարեկան 500 հազ․ և ավել շիշ արտադրողների քանակը վերջին հինգ տարում մնացել է անփոփոխ, մոտ 10-ականով ավելացել է 5-50 հազ․ և 50-200 հազ․ շիշ արտադրողների քանակը։ Ամենաշատ աճը նկատվել է մինչև 5000 շիշ տարեկան արտադրությամբ սեգմենտում։ 2020թ․ նկատմամբ, երբ փոխվեց հարկի դրույքաչափը, փոքր արտադրողների քանակը եռապատկվել է։ «Ակնհայտ է, որ արտադրողների գերակշիռ մասի, ավելի ստույգ՝ 95 %-ի մոտ ակցիզային հարկի նոր դրույքաչափը և դրա փոփոխման կարգը կհարուցի լուրջ դժվարություններ։ Կդանդաղի հզորությունների դիվերսիֆիկացիան, գյուղական վայրերի զարգացման համաչափությունը, քանի որ բոլոր փոքր արտադրողներն իրենց տնտեսությունները հիմնել են այգիներին կից, գյուղական բնակավայրերում»,- նշեց Ավագ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սա իր բացասական ազդեցությունը կունենա նաև այգիների ընդլայնման, տուրիզմի զարգացման, աշխատատեղերի ավելացման առումով։ Բացի այդ՝ հող կնախապատրաստի ստվերային տնտեսության ձևավորման համար։
Նա անդրադարձավ նաև շրջանառության մեջ դրված ակցիզային դրոշմավորման նոր կարգին, որի կիրառման դեպքում փաստացի կբարձրանա վճարվող հարկը։ Բացի այդ՝ լրջագույն դժվարություններ կծագեն դրոշմապիտակների ձեռք բերման ու փակցման գործում։ Բանն այն է, որ ըստ նոր նախագծի, ակցիզային դրոշմանիշերը պետք է տպագրի արտադրողը, համարակալի յուրաքանչյուր շիշ, արկղ, ապրանքային տակդիր։ Սա, նրա գնահատմամբ, գրեթե անհնար է դարձնում ոլորտի հետագա զարգացումը։
Իրենց մտահոգություններով կիսվեցին նաև գարեջրի, ծխախոտի արտադրությամբ զբաղվով գործարարները։ Որոշվեց ամբողջացնել բոլոր հիմնավորումներն ու փաստարկները և միչև նախագծի երկրորդ ընթերցումն ակտիվ քննարկումներ ունենալ գործադիր ու օրենսդիր մարմինների համապատասխան ներկայացուցիչների հետ։
Գործարարներին մտահոգող և խորհրդի նիստի օրակարգի հաջորդ հարցը ՀՀ դրամի շարունակական արժեվորմամբ պայմանավորված՝ հայրենական տնտեսվարողների առջև ծագած խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիներն էին։ Ներկայացնելով դրամի արժեվորման դինամիկան՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնք ծագել են հատկապես արտադրողների ու արտահանողների առջև։ Վերջիններս իրենց պայմանագրերը կնքել են տարեկան ու երկարաժամկետ կտրվածքով, և դրամի կտրուկ անկումը գրեթե անհնարին է դարձնում սահմանված մատակարարումների ապահովումը, ստիպում սահմանափակել արտադրության ծավալները, կրճատել աշխատատեղերը։ Խնդիրն ավելի է սրվել գյուղմթերքների արտահանման ու մթերման առումով, երբ անցյալ տարվա գներն այս սեզոնին կիսով չափ նվազել են՝ անելանելի դրության մեջ դնելով թե գյուղմթերք արտադրողներին, թե վերամշակող ու արտահանող ընկերություններին։
Ըստ ՀԱԳՄ խորհրդի անդամ Վաչագան Կարապետյանի՝ հայրենական գյուղմթերքների արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, որի շուկայում տարիների աշխատանքի արդյունքում կարողացել ենք զբաղեցնել մեր ուրույն տեղը՝ սպառողների շրջանում ձևավորելով հայկական արտադրանքի հեղինակությունն ու բարձր վարկանիշը։ Սակայն դրամի նկատմամբ ռուսական ռուբլու չափազանց ցածր փոխարժեքը հանգեցնում է հայկական արտադրանքի ռուբլով արտահայտված գների կտրուկ բարձրացման՝ դարձնելով այն ոչ մրցունակ։ Նրա ներկայացմամբ՝ կորցնելով ռուսական շուկայում դիրքերը՝ տեղական տնտեսվարողները փաստացի կկորցնեն իրենց արտադրանքի պահանջարկի էական (առանձին դեպքերում՝ 60% գերազանցող) մասը և, վերանայելով արտադրական պլանները, կկրճատեն արտադրության ծավալները կամ պարզապես կվերապրոֆիլավորեն իրենց գործունեությունը դեպի ներմուծող դիստրիբյուտորական ընկերությունների՝ չիրացնելով իրենց արտադրական ներուժը, չստեղծելով հավելյալ արժեք։ Մթերումն էապես կրճատելը կամ, առանձին դեպքերում, չիրականացնելը կհարվածի հազարավոր տնտեսությունների, կհանգեցնի բանջարաբոստանային կուլտուրաներ մշակող ոլորտի քայքայմանը։ Արդյունքում՝ գյուղական համայնքներում ինքնազբաղվածների թիվը կտրուկ կփոքրանա՝ իր հետ բերելով սոցիալական և ժողովրդագրական բազում խնդիրներ։
Իրենց ելույթներում գործարարները նշեցին, որ հետագա բացասական հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել միջոցառումներ, օգտվել սեփական արտադրողին խրախուսման այլ երկրների փորձից։ Նշվեց, որ լուծումներից մեկը կարող է լինել արտահանման գործարքների արտարժույթի հեջավորումը։ Վերջինս ոչ միայն հնարավորություն կստեղծի խուսափել արտադրության կրճատումից, այլև թույլ կտա գները դարձնել մրցունակ և կանխատեսելի։
Որոշվեց ծագած հիմնախնդրով պայմանավորված հետևանքներն ու հնարավոր լուծումները բարձրաձայնել ու քննարկել պատկան կառույցների և ՀՀ Կենտրոնական բանկի հետ:
Միաձայն որոշմամբ ՀԱԳՄ անդամ ընդունվեց «Շտիգեն» ընկերությունը։ Ներկայացնելով իր ղեկավարած կառույցը՝ տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այն 2012 թվականից զբաղվում է արևային էներգետիկայով, էլեկտրաէներգիայի վաճառքով, ինչպես նաև էլեկտրոմոբիլների ոլորտի զարգացմամբ, հանրապետությում խոշոր հարկ վճարողներից մեկն է։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել