«Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Ներկայումս հայաստանյան տնտեսության գերակշիռ մասը չի օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, և որոշակի կիրառություն արձանագրվում է ՏՏ, բանկային և սահմանափակ թվով ճյուղերում միայն։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովում: Նրա գնահատմամբ՝ մյուս ոլորտներում, այդ թվում պետական կառավարման համակարգում, կա մեծ ճեղքվածք, որի համապարփակ լրացումը մոտ ապագայում դժվար կլինի ապահովել։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ թեև վերջին տարիներին կիրառության մեջ է դրվել e-gov-ը, թվայնացվել են մաքսային, հարկային համակարգերը, ներդրվել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը, բայց հարկավոր է գնահատել, թե որքանո՞վ են դրանք և համանման ծրագրերը նպաստել կառավաման արդյունավետության բարձրացմանը։
«Երբ ասում ենք խելացի կառավարում՝ խելացի ծրագրերի միջոցով, պետք է տեսնել, թե արդյոք մեզանում առկա՞ն են խելացի կառավարման ցանկություն ունեցող սուբյեկտներ։ Հաճախ այդ տեխնոլոգիաների կիրառումը ձևական բնույթ է կրում, ու թեև հանրային ծառայությունների շատ ոլորտներում դիմում ներկայացնելը, հայտարարություն տալը, կարծիք հայտնելը կամ պատասխան ստանալը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդուհանդերձ, արդյունավետությունը ցածր է,-նշեց ՀԱԳՄ նախագահը։
Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ թեև այսօր խոսվում է խելացի կառավարումից, սակայն մեզանում կորպորատիվ կառավարման մշակույթ ձևավորված չէ։ Նույնիսկ խոշոր ընկերություններում, որտեղ կան հոգաբարձուների, տնօրենների խորհուրդներ, բարձրակարգ կառավարիչներ, հաճախ կառավարումն իրականացվում է մեկ անձի՝ սեփականատիրոջ կարգադրություններով, բիզնեսի կառավարման, որոշումների կայացման գործընթացում նրան է պատկանում վերջին խոսքը։
ՀԱԳՄ նախագահը տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացման գործում մեծապես կարևորեց առաջատար տեխնոլոգիաների կիրառումը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին հորդորելով հնարավորինս ակտիվացնել դրանց ներդրումն ամենատարբեր ոլորտներում։ Նա միաժամանակ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել մեզանում առկա այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են աղքատության, գործազրկության բարձր ցուցանիշերը։ Վերջինիս կողքին տնտեսության մի շարք ճյուղերում առկա է գործավորների պակաս, որը բավարարվում է ներկրվող աշխատուժի հաշվին։ Արարատյան դաշտավայրի բարեբեր հողերի 50-60 %-ը անմշակ են մնում այն դեպքում, երբ համատարած խոսվում է պարենային ճգնաժամի մասին։ Այս ամենի հաղթահարումը, ՀԱԳՄ նախագահի համոզմամբ, պահանջում է համակարգված, խելացի կառավարում։
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել