Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում
Երևանում հունիսի 22-ին կայացած Հայ-ուդմուրտական գործարար համաժողովով մեկնարկեց Ուդմուրտիայի Հանրապետության գործարարների պատվիրակության եռօրյա այցը Հայաստան։ Վերջինիս կազմակերպիչներն են ՈՒՀ զարգացման կորպորացիայի արտահանման աջակցության կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ու Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միությունները։ Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի գլխավորած պատվիրակության մեջ ներգրավված են բարձր տեխնոլոգիաների, ինժեներական կոնստրուկցիաների, ագրոարդյունաբերական, մեծածախ առևտրի, օդափոխիչ համակարգերի արտադրության և այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի կառավարության անունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա ամենատարբեր ոլորտներում։ Նրա խոսքով՝ հեռանկարում կողմերը կարող են ապահովել մի շարք համատեղ նախաձեռնություններ, ենթակառուցվածքային նախագծեր՝ հաստատված համագործակցությունը հասցնելով որակական նոր մակարդակի։
«Այսօրվա գործարար համաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ուդմուրտիայի Հանրապետության միջև բարեկամական ու տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք վերածելով երկատաժամկետ, տնտեսապես փոխշահավետ գործընկերության»,-ընդգծեց փոխնախարարը։
Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, նշեց, որ ներկայումս իրենց տարածաշրջանից հայկակական ընկերությունների հետ համագործակցում են շուրջ յոթ տասնյակ ընկերություն, և ներկա այցի նպատակն է ընդլայնել երկկողմ գործարար կապերը, գտնել փոխգործակցության նոր հնարավորություններ։ Այս առումով նա կարևորեց նաև հայ համայնքի դերակատարությունը, որը, բանախոսի գնահատմամբ, ամենակազմակերպվածներից է իրենց բազմազգ հանրապետությունում։
Իր խոսքում տարածաշրջանային համագործակցությունը կարևորեց նաև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն։ Ըստ նրա՝ Հայաստանը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր է, որի հետ սերտ գործակցություն է ծավալվում նաև ԵԱՏՄ շրջանակներում։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց նման անմիջական շփումների դերը՝ ընգծելով երբեմնի եղած կապերի վերականգնումն ու նորերի ստեղծումը։ Նա շեշտադրեց համատեղ ձեռնարկությունների ստեղծման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության արդյունավետ ձևաչափ։ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ վերջինիս առաջնահերթությունը կարևորվել է նաև ԵԱՏՄ գործարար խորհրդի կողմից, որին անդամակցում է նաև ՀԱԳՄ-ն։ Նա Միության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայնս աջակցելու համատեղ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ծրագրերի իրականացմանը։
Իրենց գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները ներկայացրեց «Ռուսաստանյան արտահանման կենտրոնի» ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։
Գործարար համաժողովի ընթացքում Ուդմուրտիայից ժամանած գործարարները ներկայացրին իրենց ընկերությունների գործունեությունը, հնարավոր գործակցության ուղղությունները։
Կայացան նաև երկկողմ անմիջական շփումեր գործարար համայնքի ներկայացուցիչների միջև։
Այցի շրջանակներում ՈւՀ գործարարների պատվիրակությունը կլինի տարբեր ընկերություններում, հանդիպումներ կունենա տնտեսությանն առնչվող կառույցների ղեկավարների, գործարաների հետ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել