Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման ու ներմուծման միության միջև

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև մայիսի 20-ին ստորագրվեց Համագործակցության հուշագիր։ Վերջինիս ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովի շրջանակներում, որին մասնակցեցին Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ։
«Մեր տարածաշրջանը կայունությամբ աչքի չի ընկնում, սակայն տնտեսական համագործակցության ուղիներ միշտ էլ գտնվել են»,- իր խոսքում նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում տնտեսական գործունեության համար ստեղծված է նպաստավոր իրավական դաշտ, իսկ անցած տասնամյակների ընթացքում երկրում ձևավորվել է կայացած գործարար համայնք։ ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի տնտեսվարողների համար կարող է կապող օղակ հանդիսանալ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ միջազգային այլ շուկաների միջև։
Արսեն Ղազարյանը գործընկերներին կոչ արեց լինել համարձակ թե՛ Հայաստանում ներդրումներ անելու, թե՛ երկկողմ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման առումով։
«Այսպիսի հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատմանը և հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ լուծումների քննարկմանը»,-ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում փոխվում է տնտեսության կառավարման ձևը՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն առավել ճկուն, ունակ արագ արձագանքելու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։
Նախարարի ներկայացմամբ՝ Հայաստանում 2021 թվականի վերջի դրությամբ գրանցված է իրաքյան կապիտալի մասնակցությամբ 88 ձեռնարկություն, ՀՀ առևրաշրջանառությունն Իրաքի հետ 2021 թվականին կազմել է 182 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 51,64 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։
Վահան Քերոբյանն ընդգծեց, որ Մերձավոր Արևելքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է և մեր երկիրը շահագրգռված է Իրաքյան Քուրդիստանի հետ լայն համագործակցության հաստատումով և խորացումով։
Շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուրրահման Աբդուլլահը հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում ակտիվ համագործակցություն կձևավորվի տնտեսական, առևտրական և ներդրումային ծրագրերի իրականացման առումով։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով իր խոսքում նշեց․ «Այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը»։
Արմեն Արզումանյանը շեշտեց, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. երկրում իրականացվում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումները օրենքով: Ստեղծվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար և ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության Քիրքուքի մասնաճյուղի նախագահ Սալահ Ֆարիք Մոհիալդին, «ՋիԲի Թրեյդինգ»-ի խորհրդի նախագահ Սաիդ Ջամալին:
Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից հյուրերին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում կայացան B2B ձևաչափով հանդիպումներ։
Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրություն հայտնեցին համագործակցել հայ գործընկերների հետ մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
|
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել