Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր

25 սեպտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանիսյանի հետ։ Քննարկման օրակարգում էին պետական գնումների գործընթացին և առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին առնչվող հարցեր։

Գործարարները ներկայացրին այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնց գործնականում բախվում են պետական գնումների գործընթացում կազմակերպվող մրցույթների մասնակցության, դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում։ Մասնավորապես անդրադարձ եղավ հայտարարված մրցույթների ժամկետներին, առաջադրվող պայմանների խստությանը, չափորոշիչների սահմանման գործընթացներին, մատուցված ծառայությունների ու ապրանքների որակական վերահսկման գործիքակազմերին։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հանդիպմանը ներկա փոխնախարարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանգամանալի ներկայացրին պետական գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, պատասխանեցին գործարարներին հուզող հարցերին։ Կարևորվեց տեխնիկական բնութագրիչների նորմավորման և հանրային վերահսկողության համակարգերի ներդրումն ու շարունակական կատարելագործումը։

ՀԱԳՄ անդամներն իրենց դիտարկումները ներկայացրին նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ, այդ թվում՝ մտահոգություն հայտնելով, թե արդյոք այն մի նոր հարկատեսակ չի՞ դառնում բնակչության համար։ Նշվեց, որ հայեցակարգում տեղ են գտել ոչ ամբողջական թվային տեղեկություններ, բացակայում է այժմ գործող սոցփաթեթի և կամավոր բժշկական ապահովագրության առավելությունների ու թերությունների վերլուծությունը, նվազեցված են ներկայումս բուժսպասարկման ծառայություն մատուցող կազմակերպությունների գործելու հնարավորությունը, այլ խնդիրներ։

Անդրադառնալով բարձրացված մտահոգություններին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանիսյանն ընդգծեց, որ հայեցակարգի բուն նպատակը ոչ թե ֆինանսական հոսքերի ապահովումն ու ուղղորդումն է, այլ առողջապահական համակարգի զարգացումը, բնակչությանը որակյալ առողջապահական սպասարկում ապահովելը, այն առավել հասանելի դարձնելը, կանխարգելիչ հնարավորությունների ընդլայնումը։ Էական դերակատարություն է տրվելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանը, որի համար արդեն իսկ մշակված են անհրաժեշտ իրավական հիմքերը։ Բարեփոխումների մեջ կներառվեն նաև մասնագետների լիցենզավորման կարգի մշակումն ու կիրառումը։ Նշվեց, որ զուգահեռ շարունակվում է միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունը, և անհրաժեշտության դեպքում շտկումներ կարող են լինել։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը պատրաստակամություն հայտնեց հարցերի շուրջ առկա բոլոր մտահոգություններն ու առաջարկները գրավոր ներկայացնել նախարարություններին՝ հետագա քննարկումների համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center