«Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»

07 ապրիլի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

«Մինչեւ տարեվերջ կկարողանանք տնտեսական որոշակի աճ գրանցել»

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ, «Ագապե» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը «ՀՀ»-ի հետ հարցազրույցում խոսել է մեր երկրում առկա տնտեսական իրավիճակի, դրա պատճառների, զարգացման ուղիների ու հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել մեծ աղմուկ բարձրացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հնարավոր ազդեցությանը:

- Պրն Կարամանուկյան, նախ կխնդրեի գնահատել այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր տնտեսությունը:

- Ընդհանուր վիճակի մասին խոսելիս պետք է հիշենք, որ անցյալ տարի կորոնավիրուսի տարածման պատճառով տնտեսական անկում տեղի ունեցավ, հատկապես մարտ-ապրիլ ամիսներին, երբ հայտարարվեց, այսպես ասած, ընդհանուր լոքդաուն: Բավական մեծ ձեռնարկություններ ստիպված էին պարետի որոշմամբ փակվել, եւ մենք ամենախոր անկում ունեցանք ապրիլի ընթացքում՝ արդյունաբերության որոշ ճյուղերում եւ ծառայության ոլորտում: Գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ էական դեր էր կատարում նաեւ տուրիզմը, իսկ տուրիզմը, կարելի է ասել, անցած տարի ամենախոր անկում գրանցած ոլորտն է, եւ դրա ազդեցությունն առայսօր զգացվում է: Ծառայությունների ոլորտում նաեւ հանրային սննդի ճյուղը շատ մեծ անկում ապրեց, բայց կարծես թե արդեն սկսում է վերականգնվել: Իսկ հյուրանոցային տնտեսությունները դեռեւս իրենց 2019 թ. ցուցանիշներից շատ հեռու են, բայց կարող են վերականգնվել, եթե ողջ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարն ավելի ակտիվացվի, սահմանները բացվեն, մարդիկ սկսեն ճամփորդել: Բարեբախտաբար, կառավարությունը, ժամանակին կարգավորելով համավարակի դեմ պայքարը, որոշ դեպքերում փակված ձեռնարկություններին թույլատրեց աշխատել: Դա հատկապես ապրիլ-մայիսին զգացվեց թեթեւ արդյունաբերության ոլորտում, որովհետեւ երբ փակվեցին թեթեւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները, դրանց որոշ մասը բախվեց սեփական պարտավորությունների չկատարման ռիսկերի հետ: Բարեբախտաբար, դրանք արագ հաղթահարվեցին, բացվեցին վերամշակող արդյունաբերության, կարի եւ այլ ձեռնարկություններ: Սննդի արդյունաբերության ոլորտը չէր փակվել, սակայն այստեղ նույնպես եղել են անկումներ: Գյուղմթերքների վերամշակումն ու սննդի արդյունաբերությունն իրենց ծավալով 2020 թ. զիջել են 2016-ի ծավալներին: Այս ամենի հետեւանքով մեր տնտեսությունն անկում ապրեց: Այդ անկման թիվը բավական բարձր էր, համեմատած նույնիսկ մեր հարեւան, ինչպես նաեւ եվրասիական միության անդամ երկրների հետ: Պաշտոնապես 6.7 տոկոս անկում ենք ունեցել, բայց, բարեբախտաբար, հունվար-փետրվարի մեր տնտեսական ակտիվության ցուցիչը ցույց է տալիս, որ տնտեսությունն աստիճանաբար հաղթահարում է անկման տեմպերը: Անկում դեռեւս կա, բայց տեմպերը դանդաղել են, եւ մենք, կարելի է ասել, գտնվում ենք վերելքի ճանապարհին: Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ կկարողանանք տնտեսական որոշակի աճ գրանցել: Կենտրոնական բանկը վերջերս նույնիսկ վերանայեց տնտեսական զարգացման կամ ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ այն 2-ից իջեցնելով 1.4-ի: Որոշ տնտեսագետներ եւ կանխատեսումներ կատարող այլ պետական ու ոչ պետական հաստատություններ դեռեւս չեն փոխել իրենց կարծիքը, փոփոխության չեն ենթարկել իրենց կանխատեսումները եւ, համեմատած նախորդ տարվա հետ, 2-4 տոկոս աճ են կանխատեսում: Բարեբախտաբար, Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերում անցյալ տարի անկումներ չեն եղել: Խոսքը հիմնականում վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, որտեղ ոչ միայն անկում չի գրանցվել, այլեւ եղել է հանքարդյունաբերության եւ հանքարդյունաբերական արտադրանքի աճ: Այն կազմել է 111 տոկոս: Մեծացել է հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը:

- Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ, անկախ այն բանից, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետեւ արցախյան պատերազմը ծանր հարված հասցրեցին տնտեսությանը, այդուհանդերձ, դրանք տնտեսական անկման եզակի պատճառը չեն:

- Այո, միակը չեն, բայց երկուսն էլ ազդում են: Եվ կորոնավիրուսը, եւ պատերազմն էական ազդեցություն են գործել մեր տնտեսական զարգացման տեմպերի վրա, եւ պետք է վերանայումներ կատարվեն այդ ուղղությամբ եւս, որովհետեւ եթե վերցնենք գյուղատնտեսությունը, խոտհարքների կորստի պատճառով որոշ տեղերում, մանավանդ՝ սահմանամերձ գոտիներում կարող են խնդիրներ առաջանալ անասնապահության մեջ. անասունների գլխաքանակը 2020 թ. աճել էր 2019-ի համեմատությամբ, բայց հնարավոր է, որ վերը նշված պատճառով առաջիկայում աճի նման տեմպեր չունենանք: Ասել, որ բացասական հետեւանքներն ամբողջությամբ վերացված են, մի քիչ բարդ է: Մեր տնտեսավարողների, սկսած անհատ ձեռներեցներից, վերջացրած խոշոր տնտեսական միավորումներով ու ձեռնարկություններով, քրտնաջան ու ժրաջան աշխատանքի եւ հայ ժողովրդի աշխատասիրության շնորհիվ կհաղթահարենք բոլոր տեսակի դժվարությունները, կունենանք բավական մեծ տնտեսական աճի տեմպեր: Կարծում եմ՝ 2022 թ. կհասնենք եւ կանցնենք 2019-ի տարվա արդյունքներից, որոնք առայժմ լավագույն տնտեսական ցուցանիշներն են:

- Եթե մի կողմ թողնենք կորոնավիրուսը եւ պատերազմը, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի տնտեսությունն սկսի առաջ շարժվել:

- Մենք պետք է անընդհատ մտածենք մեր տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիաների մասին: Պետք է մտածենք նաեւ այն ճյուղերի առաջընթաց զարգացումների մասին, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ եւ համաշխարհային մրցակցային շուկաներում կարող են գրավել լավ դիրքեր իրենց ծառայությունների ու արտադրանքի միջոցով: Ես տուրիզմը միշտ համարում եմ նաեւ արտահանման կոմպոնենտ, որովհետեւ տուրիզմի զարգացմամբ ստեղծում ես տուրիստական հոսքեր, որոնք քեզ համար ունեն արտահանման նշանակություն, քանզի տուրիստներն այստեղ ծախսում են իրենց գումարները: Մենք չենք տեսել, որ նման ոլորտները կարող են շատ շեշտակի ազդվել կորոնավիրուսի տարածման ու նաեւ պատերազմների հետեւանքով: Բայց եթե խաղաղ երկիր չլինենք, Հայաստանում դժվար թե տուրիստական մեծ հոսքեր լինեն: Այդ իսկ պատճառով պետք է մտածենք նաեւ տնտեսության այն ճյուղերի զարգացման մասին, որոնք ունեն մրցակցային առավելություններ: Ես արդեն ասացի հանքարդյունաբերության մասին. դա բնական պաշար է, որը Հայաստանն ունի, եւ կարող ենք երկար վիճել՝ այսօ՞ր օգտագործենք, մշակենք ու վաճառենք, թե՞ թողնենք հաջորդ սերունդներին: Ունենք որոշակի ռեսուրսներ եւ դրանց արդեն շատ մոտ կանգնած ձեռնարկություններ, որոնք վաղն իսկ, եթե թույլ տրվի աշխատել, շատ մոտ ապագայում կարող են մեծածավալ հանքարդյունաբերության զարգացման շնորհիվ ավելացնել արտահանումները եւ Հայաստանն ապահովել այդքան կարեւոր արտարժույթների մուտքերով, այլ խոսքերով՝ կավելացնեն Հայաստանի բյուջեն: Եվ դա չանելը ես համարում եմ շռայլություն: Դրամի թուլացման պատճառներից մեկն այն է, որ մենք արտարժույթի մուտքերն էլ ենք կրճատում. դրամական հոսքերն արտահանումից կրճատվել են, որովհետեւ, ընդհանուր առմամբ, կրճատվել է արտահանումը: Եվ նաեւ այլ մասնավոր դրամական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: Մենք միշտ պետք է մտածենք, թե մեր երկիրը որտեղից կարող է դրամական հոսքեր, օգուտներ ապահովել արտարժույթի տեսքով: Չպետք է խոչընդոտենք հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ զարգացնելով նաեւ այլ ոլորտներ, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղմթերքների վերամշակումն ու արտահանումը՝ պահածոների, կոնյակի, գինու եւ այլնի տեսքով: Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը եւ մերձակա եւ նույնիսկ հեռավոր երկրների շուկաներ՝ ոչ միայն հյուսիս, այլ նաեւ դեպի հարավ ուղղություններով: Շատ ոլորտներ կան, որոնք ճիշտ քաղաքականության դեպքում կարող են զարգանալ, եւ այդ ոլորտները կապահովեն տնտեսական զարգացում ու արտարժույթի մեծածավալ մուտքեր:

- Պրն Կարամանուկյան, արդյոք առկա բոլո՞ր հնարավորություններն են այսօր օգտագործվում:

- Ես քիչ առաջ խոսեցի հանքարդյունաբերության ոլորտի մասին, որի վերաբերյալ վերջերս տարբեր բնագավառներում տարբեր քննարկումներ են ընթանում: Իմ նախորդ բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ մենք ունենք հենց հիմա Ամուլսարի ծրագիրը հանքարդյունաբերության ոլորտում: Անհրաժեշտ է թույլատրել, որ ընկերությունը շարունակի իր բնականոն գործունեությունը, այլ ոչ թե պետությունն իր անգործությամբ նպաստի, որ որոշ բնապահպաններ խոչընդոտներ հարուցեն: Անընդհատ խոսվում է այն մասին, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներուժ կա, բայց ես վերապահում ունեմ: Այո, ոլորտում աշխատող բավական շատ տաղանդավոր ու լավ աշխատողներ ունենք: Նրանց մի մեծ մասը համապատասխանում է միջազգային ստանդարտներով ծրագրավորման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների առջեւ դրվող միջազգային պահանջներին, բայց մենք պետք է շարունակական կերպով ապահովենք այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ կադրերի պատրաստում, սկսած դպրոցից եւ վերջացրած բարձրագույն ուսումնական հաստատություններով: Եվ նաեւ արդեն ստեղծենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պատկանող հայկական ծագմամբ ընկերություններ ու արտադրանքներ: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների մեծ մասն իրականացնում են ծառայությունների որոշակի ծավալներ այլ ընկերությունների պատվերով, ծառայությունները մատուցվում են այլ ընկերությունների անվան տակ, եւ այստեղ շատ մեծ իրական ավելացված արժեքներ չեն գոյանում: Մենք Հայաստանում կարող ենք զարգացնել նաեւ այլ ոլորտներ՝ դեղագործություն, թեթեւ արդյունաբերություն եւ այլն: Թեթեւ արդյունաբերության մեջ չկան կայացած բրենդային անուններ: Երեւի մեկ-երկուսը նոր-նոր սկսում են կայանալ, իսկ նախկինում՝ խորհրդային տարիներին Հայաստանը տեքստիլի ու կոշիկի մեծ ծավալի արտադրանք է տվել, որոնք արտահանվել են հիմնականում ԽՍՀՄ-ի տարածքում: Իսկ այսօր դժվար է մրցակցել նույնիսկ Հայաստան ներմուծվող նման արտադրանքի հետ: Ամբողջ աշխարհում նման արտադրական շղթաների մեջ մտնելը դժվար է՝ առանց ունենալու մեծ ռեսուրսներ, առանց մեր ապրանքները ճիշտ դիրքավորելու միջազգային շուկաներում: Այլ կերպ ասած՝ հսկայական գործ ունենք կատարելու մեր տնտեսության բազմաթիվ ճյուղերում, եւ բոլորս պետք է ուսուսի տված աշխատենք, որպեսզի կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, մեծացնել զբաղվածությունը, ինչը, իր հերթին, կնպաստի արտագաղթի կանխմանը:

- Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր դիրքորոշումը «Տնտեսական մրցակցության մասին օրենքում» փոփոխությունների կատարման վերաբերյալ:

- «Տնտեսական մրցակցության մասին» նոր օրենքի նախագիծը պաշտոնապես շրջանառվել է 2020 թ. հունիսին: Դեկտեմբերին կառավարությունը հրատապության կարգով այդ օրենքը ներկայացրել է Ազգային ժողով եւ խնդրել է, որ նախագիծն ընդունվի: Երբ տեղեկացանք, որ այն անցել է առաջին ընթերցումը, հասկացանք, որ շատ լուրջ պետք է վերաբերվենք դրա ընդունմանը, որովհետեւ իրականում օրենքը Ազգային ժողով է բերվել հին օրենքի բարելավման քողի տակ, բայց իրականում գրվել է միանգամայն նոր եւ ավելի լայնածավալ օրենք, նույնիսկ ընթացակարգային խախտում է կատարվել, որովհետեւ նոր օրենքների ընդունումն Ազգային ժողովում այլ ընթացակարգով է անցնում, իսկ օրենքներում բարեփոխումների կամ փոփոխությունների կատարումը՝ այլ ընթացակարգով: Բարեփոխումների քողի տակ այդ ընթացակարգով անցկացվեց առաջին լսումը, որից հետո մենք խնդրեցինք, որ Ազգային ժողովը դադարեցնի քննարկումները եւ մեզ ժամանակ տա ավելի մանրակրկիտ ու հանգամանալից ուսումնասիրել բերված փաթեթը: Նույնիսկ խնդրեցինք, որ այն երկրորդ ընթերցումից առաջ հանվի շրջանառությունից: Մեր սկզբնական կեցվածքն այնպիսին էր, որ օրենքն այդ տեսքով նույնիսկ չքննարկվի: Ցավոք, ԱԺ-ի ղեկավարներն ու պատգամավորները չանսացին մեր խնդրանքին ու այն ներկայացրեցին երկրորդ ընթերցման, որի շուրջ մեր ընկերությունների, մեզ հետ համագործակցող փորձագիտական խմբերի բազմաթիվ դիտողություններ ենք ներկայացրել երկրորդ ընթերցումից առաջ: Հարկ է ընդգծել, որ մեր որոշ դիտողություններ ընդունվել են, շատ փոքր մեղմացումներ են կատարվել, բայց հիմնական դիտողությունները չեն ընդունվել, եւ երկրորդ ընթերցում է անցել մի օրենքի նախագիծ, որը մեզ համար անընդունելի է, որովհետեւ մի նոր մահակ է դառնում ամբողջ տնտեսավարող համայնքի գլխին: Նույնիսկ հարկային օրենդրությամբ, երբ հարկը վճարվում է, քրեականացման հոդվածը հանվում է: Իսկ այս փաթեթի մեջ մտնող օրենքների համադրությամբ դիրքի չարաշահումը կարող է նույնիսկ հանգեցնել քրեական պատասխանատվության, որն իրականում ոչ մեկիս համար հաճելի չէ: Հստակեցված չեն չափանիշները, թե ինչպես կարող են կիրառվել տարբեր մահակները բիզնեսի գլխին: Հուսանք, որ նախագահը չի ստորագրի այդ օրենքը եւ կուղարկի սահմանադրականության հետ առնչությունների ստուգման, որովհետեւ, որոշ իրավաբանների կարծիքով, նույնիսկ հակասահմանադրական դրույթներ կան: Շատ խիստ հիասթափված ենք: Նաեւ պետք է հաշվի առնենք, որ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական տեմպերի դանդաղելու եւ պատերազմի հետեւանքով որոշակի դժվարությունների առաջացման հաղթահարման մեջ գործարար դասն էական դեր է խաղացել: Մեր գործարարները ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի իրենց ձեռնարկությունները չփակվեն, իրենց աշխատակիցները աշխատանքից չազատվեն, շարունակեն վճարել աշխատավարձերն ու պետական հարկերը, նաեւ նվիրատվությունների տեսքով հանգանակությունների միջոցով նպաստեն մեր տնտեսության ու երկրի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը: Մեր գործարար խավն իրեն դրսեւորել է բացառիկ ակտիվ եւ բացառիկ պատասխանատու անցած ամբողջ տարվա ընթացքում, հատկապես՝ պատերազմի ժամանակ:

Հարցազրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center