ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

Հայ-սլովակյան տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակի և ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ: Զրույցին ներկա էին ՀՀ-ում ՍՀ փոխհյուպատոս Գրետա Սարգսյանը և Միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:
Սլովակցի դիվանագետներին ներկայացվեցին ՀԱԳՄ շուրջ 25-ամյա անցած ուղին, տարբեր ուղղություններով տարվող գործունեությունը, այն քայլերը, որոնք իրականացվում են միջազգային համագործակցությունն ընդլայնելու, ներդրումների ներգրավման, համատեղ տնտեսական նախագծերի իրականացման համար:
Կողմերը նշեցին, որ ներկայումս տնտեսական փոխգործակցության մակարդակը չի կարելի բավարար համարել, անդրադարձան այն ոլորտներին, որոնցում համագործակցությունն ունի ներուժ: Մասնավորապես առանձնացվեցին մեքենաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները:
Պավոլ Պոպյակի խոսքով՝ Սլովակիան կարող է նաև իր փորձը փոխանցել՝ կապված տնտեսական բարեփոխումների, եվրոպական շուկային ինտեգրման առումով: Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանն իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ երկրների շուկա:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման շփումները դարձնել պարբերական, քննարկել համատեղ նախագծեր, կազմակերպել հայ և սլովակ գործարարների ճանաչողական հանդիպումներ:
«Այսօր մենք համագործակցության լավ հիմք դրեցիք, ձեռք բերեցինք լավ գործընկեր, և շարունակական աշխատանքն, անշուշտ, կտա իր արդյունքները»,-նշեց Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպանը:
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել