«Յուրաքանչյուր ճգնաժամ մաքրող ազդեցություն է ունենում»

04 սեպտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայրենական արտադրության մրցունակության բարձրացման խնդիրն այսօր առավել քան կարեւոր ու առաջնահերթ է:

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հայրենական արտադրողների ունեցած խնդիրների, տնտեսական առկա բարդությունների հաղթահարման ուղիների ու զարգացման հեռանկարների շուրջ է «ՀՀ»-ի զրույցը ապակե տարաներ արտադրող «Սարանիստ» ՍՊԸ առեւտրի գծով տնօրեն Մհեր Կիրակոսյանի հետ։

- Կորոնավիրուսային համավարակն իր բացասական հետեւանքներն ունեցավ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Ինչպիսի՞ ազդեցություն կրեց ձեր ընկերությունը։

- Համավարակի ազդեցությունը մեր ընկերության վրա միանշանակ բացասական էր։ Այն զգացինք թե ուղղակի, թե անուղղակի։ Վերջիններս ավելի շատ էին։ Եթե Հայաստանից պակասում է ապրանքների, ասենք, խմիչքների արտահանումը, նշանակում է՝ նվազում է նաեւ տարաների պահանջարկը։ Քանի որ մեր շուկան հիմնականում հայաստանյանն է եւ Վրաստանը, ուստի հարեւան երկրում ծագած դժվարությունները եւս անդրադարձան մեզ վրա։ Արտահանումից բացի, պակասեց նաեւ ներքին սպառումը՝ կապված հանրային սննդի, զվարճանքի կետերի չաշխատելու, զանգվածային հանդիսությունների, միջոցառումների կազմակերպման արգելման հետ։ Հետեւաբար, արտադրական հզորությունների շուրջ 15-20 տոկոսի գործարկումը կանգնեցրինք։ Այդուհանդերձ, կարողացանք մինչեւ 80 տոկոսը հաջողությամբ աշխատեցնել՝ ի հաշիվ արտադրական կառուցվածքի փոփոխության։ Շեշտը դրվեց այն ապրանքների թողարկման վրա, որոնք առավել հեռանկարային են տվյալ շրջանում։ Հաջողվեց դիմագրավել ու կանգնեցնել անկումը, եւ այժմ մտածում ենք ընդհատվածը վերագործարկելու, զարգացման ծրագրերի մասին։ Ի դեպ, պետք է արժանին մատուցնեք երկրի կառավարությանը, որը հասկանալով արտադրական առանձնահատկությունները եւ անընդհատության չպահպանման հետեւանքները, ինչպես նաեւ այն, որ մեր արտադրանքը ենթակառուցվածքային դեր է խաղում այլ արտադրությունների համար, թույլատրեց աշխատել անդադար։ Հակառակ դեպքում՝ տեխնոլոգիական, արտադրական, ֆինանսական առումով կորուստներն այնքան մեծ կլինեին, որ վերականգնումն անհնար կդառնար։ Նաեւ դրսի պարվիրատուներն էին ոգեւորված, որ մատակարարումները չընդհատվեցին. հնարավոր եղավ հաղթահարել բեռնափոխադրումների խնդիրը եւս։ Զգալի օգնություն էր կառավարության կողմից տրված աջակցությունը, սուբսիդավորված, փաստացի անտոկոս ստացված վարկի շնորհիվ կարողացանք վճարել աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերը։

- Ստեղծված իրավիճակում հաջողվե՞լ է մշակել գործունեության նոր ռազմավարություն՝ պատճառված վնասների վերականգնման, ինչու չէ՝ նաեւ հետագա զարգացման համար։

- Մենք փորձում ենք փնտրել շուկայի այն հատվածները, որտեղ ավելի շատ ճկունություն է ապահովվում։ Եթե այսօր ունես շուկայի «յուղալի» կտորներ, որոնք, սակայն, ռիսկային են, ապա հրաժարվում ենք ամբողջությամբ դրանք սպասարկելուց։ Ավելի լավ է աշխատել տարբեր պատվիրատուների հետ՝ նվազեցնելով ռիսկայնությունը եւ կախված չլինելով մեկ-երկուսի գործերի հաջողությունից կամ ընտրությունից։ Իրականում ամեն մի ճգնաճամ մաքրող ազդեցություն է ունենում, այդ թվում՝ մրցակիցների դաշտում։ Հայտնի խոսք է. «Այն, ինչ քեզ չի սպանում՝ ուժեղացնում է»։ Այսինքն՝ թույլերը դուրս են մղվում, իսկ ճգնաժամին դիմակայածները հետագայում կարողանում են մեծացնել իրենց ծավալները։ Այս պարագայում մարտահրավեր է դառնում արդեն առաջացած պահանջարկը բավարարելու կարողությունը։ Մեր ոլորտում նույն տեղում մնալն անհնար է՝ կամ իջնում, կամ բարձրանում ես. կամ առաջարկն է ավելին լինում, կամ պահանջարկը։ Տեղում մնալն անգամ հետընթաց է, քանի որ մյուսներն առաջ կգնան։ Այս փուլում դրական ուղղությամբ ենք շարժվում։ Ամեն դեպքում՝ մրցակցությունը բավականին մեծ է։ Մենք հայրենական արտադրող ենք, եւ մեր նպատակը ոչ թե հնարավոր բոլոր ճանապարհներով փող աշխատելն է, այլ անել այնպես, որ ավելի մրցունակ դառնանք, որպեսզի սպառողը նախընտրի մեզնից գնել ապրանք։

- «Սարանիստն» իր կայացվածությամբ եւ պահանջվածությամբ այսօր ոլորտում առաջատարներից է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Այն անցել է ձեռնարկատիրական զարգացման բոլոր փուլերով՝ փոքր արտադրամասից դառնալով հսկա գործարան։ Ինչպիսի՞ն էր անցած ճանապարհը, եւ որո՞նք էին հաջողության գրավականները։

- Ապակե տարան որպես ապրանք այնպիսի առանձնահատկություն ունի, որ եթե այն 500 կմ շառավղից հեռու սպառես, ապա պետք է մրցունակ չլինի։ Այսինքն՝ նպատակային շուկան 500 կմ-ի սահմաններում է՝ միշտ միտված տեղական սպառողին։ Մեր տարածաշրջանը Հայաստանն է ու չորս հարեւանները, ընդ որում, վաճառք չենք կարող իրականացնել ոչ Թուրքիայում, ոչ էլ Ադրբեջանում։ Իրանի շուկան խիստ պաշտպանված է, անգամ այնտեղից կարող են մրցել հայկական շուկայի համար։ Այսինքն՝ արտաքին շուկաներից մեզ համար հասանելի է միայն Վրաստանը, եւ այս ուղղությամբ զգալի հետեւողական աշխատանք ենք տանում։ Մեր ընկերության հիմքերը դրվել են դեռեւս խորհրդային տարիներին, Մելիք Մանուկյանի եռանդուն ջանքերով, երբ մեկնարկեց կոոպերատիվ շարժումը։ Սկսել ենք Երեւան-Սեւան մայրուղուն մոտ՝ մայրաքաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող փոքրիկ մի արտադրամասից, այնպես, որ անգամ պատրաստի հումքն էինք ուրիշներից գնում։ Օրական 30-40 հազար շիշ արտադրելը մեծ ձեռքբերում էր համարվում։ Դիրքը ճանապարհային առումով շատ բարենպաստ էր։ Նույնիսկ շրջափակման տարիներին, երբ գազ չկար, շարունակել ենք մազութով աշխատել։ Կային վերամշակող արտադրություններ, որոնք այդ տարիներին պատրաստ էին իրենց արտադրանքն ինքնաթիռով արտահանել, սակայն դրա համար համապատասխան տարաներ էին պետք՝ անկախ ձեւից, որակից կամ գնից։ Եվ մենք ապահովում էինք այդ պահանջարկը, ինչը թույլ տվեց շատ գյուղմթերքներ վերամշակողների շարունակել գործունեությունը, չփակվել։ Հիմա իրավիճակն այլ է՝ առկա է մեծ այլընտրանք, ոլորտը զգալի զարգացում է ապրել, եւ շուկան պահանջում է, որ թողարկվող ապրանքը մրցունակ լինի՝ թե որակի, թե գնային առումներով։ Տարիների ընթացքում Հայաստանում մրցակիցներ էին հայտնվում։ Սակայն ոլորտի յուրահատկությունն այն է, որ պետք է ոչ միայն ներդրումային միջոցներ ունենաս, այլեւ ավանդույթներ, տեխնոլոգիական կարողություններ։ Մենք ամիսներ-տարիներ շարունակ պատրաստում ենք մասնագետներին, ինչը հենց համարվում է մեր գլխավոր առավելություններից մեկը։ Ժամանակի հետ տեղական մրցակիցներից շատերը չկարողացան անցնել տեղնոլոգիական եւ շուկայագիտական շատ դժվարություններ, ինչը մեզ հաջողվեց։ Ի դեպ, «Սարանիստի» ապրանքի նկատմանբ պահանջարկը միշտ ավելի է եղել, քան մեր առաջարկը։ Սակայն ծավալների մեծացման գործընթացը միշտ նախընտրել ենք իրականացնել աստիճանաբար։ Տեխնոլոգիական գործընթացը փորձել ենք մշակել այնպես, որ նվազագույն թափոններ ունենանք եւ անգամ օգտագործելի դարձնենք վառարաններից դուրս եկող ջերմությունը։ Շատ արտադրական գործընթացներ այժմ իրականացնում ենք տեղում։ Բազմաթիվ արտասահմանյան մասնագետներ են զարմանք հայտնել մեր գտած լուծումների առնչությամբ։ Կադրերից բացի, մրցակցային առավելություններից կարելի է համարել շարունակական տեխնոլոգիական կատարելագործումը եւ նորարարությունը։ Ընկերությունն իր գնորդների նկատմամբ որդեգրել է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին կցանկանայինք, որ մեր մատակարարները մեր նկատմանբ դրսեւորեին։ Ներկա դրությամբ «Սարանիստը» հնարավորություն ունի օրական արտադրել կես միլիոն շիշ։ Կորոնավիրուսյան համավարակից առաջ նոր գործարան կառուցելու հստակ ծրագիր ունեինք, քանի որ եղած հզորություններն արդեն չէին բավականացնում։ Մեր արտադրանքը միշտ փորձել ենք բաշխել այնպես, որ պատվիրատուների միջեւ հավասարակշռություն պահպանվի՝ հրաժարվելով մեկ աղբյուրից եկող խիստ մեծածավալ պատվերներից, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն լինել շուկայի ցնցումների ժամանակ։ Մեր մարտահրավերը մնում է դրսի շուկայից առավել ցածր գնով տարաների ներկրմանը դիմակայելը։ Իր հետ որոշակի բարդություններ կբերի գազի գնի թանկացումը, ինչպես նաեւ այն, որ հիմնական հումքը ներմուծում ենք ոչ թե ԵԱՏՄ, այլ երրորդ երկրներից։ Ի դեպ, ընկերության աշխատանքներում ընդգրկված է շուրջ 700 հոգի։ 2020 թ. առաջին վեց ամսվա արդյունքներով՝ «Սարանիստը» տեղ է գտել երկրի 100 խոշոր հարկատուների ցանկում:

- Ընկերությունն արտադրանք է թողարկում թե ներքին, թե արտաքին շուկաների համար։ Ինչպիսի՞ առանձնահատկություններ, մոտեցումներ կան հայրենական եւ արտերկրի պատվիրատուների հետ աշխատանքում։

- Մեր սպառման արտաքին եւ ներքին շուկաները գրեթե 50-50 հարաբերակցությամբ են։ Արտաքին շուկան, ինչպես նշեցի, հիմնականում Վրաստանն է, ինչ խոսք, այլ տեղեր ենք արտահանել, այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան։ Այս տարի, համավարակի պայմաններում, սկսել ենք անգամ Ուկրաինա գինու շշեր առաքել։ Սակայն դա մենք օրինաչափություն չենք համարում։ Արտաքին գնորդները շեշտադրում են մեր արտադրանքի որակը, մատակարարման անխափանությունը, գործընկերային պատասխանատվությունը։ Ինչ խոսք, դրսի պահանջները թե որակի, թե ապրանքային տեսքի, թե փաթեթավորման նկատմամբ շատ ավելի խիստ են։

- Ի՞նչ խնդիրների է բախվում հայրենական արտադրողը եւ ի՞նչ առավելություններ ունի։

- Մեր պարագայում մեծագույն խնդիրը ռեսուրսների բացակայությունն է։ Ապակու արտադրությունը հումքատար է, որը տեղում առկա չէ։ Միակ տեղական հումքը, որ օգտագործում ենք, հավաքվող ապակու ջարդոնն է։ Հումքի ներմուծումը զգալի ազդեցություն է թողնում մրցունակության վրա։ Սրան ավելացրեք նաեւ պատրաստի արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը։ Խնդիր են նաեւ հայրենական շուկայի փոքր չափերը։ Արտադրանքի մրցունակությունը մեծապես կախված է արտադրության ծավալներից, իսկ վերջինս էլ պայմանավորված է ներքին նպատակային շուկայի չափով։ Առավելությունների թվում կարելի է առանձնացնել մեր մասնագետների բարձրորակությունը, մարդկային ներուժը, աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, շարունակական նորարարական մոտեցումը, շուկայի հետ աշխատանքի ճկունությունը։ Վերջինս թույլ է տալիս բավարարել թե մեծ պատվիրատուին, թե փոքր արտադրողին։ Աշխատում ենք ցածր շահութաբերությամբ, որպեսզի կարողանանք պահել մեր սպառողական շուկան։ Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, ապա ինքներս էական խնդիրներ չենք տեսնում։ Պետության գլխավոր դերն այն է, որ չխանգարի գործարարությանը։

- «Սարանիստին» բնորոշ են արդիական տեխնոլոգիաների ներդրումը, նոր հզորությունների գործարկումը, գործընկերային շրջանակների ընդլայնումը, նորարարությունը։ Ո՞րն է լինելու ընկերության հաջորդ նպատակակետը, հանգրվանը։

- Նորարարությունները շարունակական են, երբեք չեն ընդհատվում։ Դրանք առնչվում են թե նոր արտադրատեսակների ստեղծմանը, թե տեխնոլոգիական գործընթացներին։ Ամենակարեւորը՝ չենք դնում անիրական նպատակներ։ Միշտ փորձում ենք շեշտը դնել որակական բաղադրիչի վրա, որը թույլ է տալիս հաղթահարել գնային եւ մնացյալ խոչընդոտները։

Իշխան Քիշմիրյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center