Մանթաշյանցը լսում էր երգը ու արցունքներն առատորեն թափվում էին աչքերից

05 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

1842 թ. մարտի 3-ին, Թիֆլիսում ծնվել  է հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այսօր Մանթաշյանցին հիշում և մեծարում են նրա կատարած բազմաթիվ բարեգործությունների շնորհիվ։ Հատկապես, որ դրանք ուղղված են եղել հիմնականում հայ եկեղեցուն, հայ մշակույթին ու երիտասարդ սերնդի կրթության գործին։

Ալեքսանդր Մանթաշյանցի կատարած հազարավոր բարի գործերից մեկի պատմությունը, որը օպերային երգիչ Տիգրան Նալբանդյանը պատմել էր Ռուբեն Զարյանին` ներկայացնում ենք ձեզ։

«Երբ ես ավարտեցի Պետերբուրգի կոնսերվատորիան, իմ պորֆեսորը` Ս. Գեբելը ինձ խորհուրդ տվեց ձայնս մշակելու համար մեկնել Իտալիա` Միլան։ Սակայն, միջոցներ չունենալու  պատճառով, այդ գաղափարը ինձ միայն գեղեցիկ երազ էր թվում։ Գալով Թիֆլիս, ես այդ մասին պատմեցի մանկությանս ընկերներին, որոնք ինձ խորհուրդ տվեցին դիմել մեծահարուստ Մանթաշյանցին։ Եվ ահա, օրերից մի օր անվստահ ծեծեցի Մանթաշյանցի դուռը.

– Ձայնս կատարելագործելու նպատակով ցանկանում եմ երկու տարով մեկնել Իտալիա` Միլան քաղաքը, բայց դրամ չունեմ,- հուզված պարզաբանեցի իմ այցելության նպատակը։

Մանթաշյանցի այն հարցին, թե «լա՞վ ձայն ունես», անկեղծորեն պատասխանեցի. «ուսուցիչս գովում է»։ Ինձ հրավիրեց իր առանձնասենյակը ու հանկարծ ասաց. «դե մի բան երգիր, լսեմ»։ Անակնկալի եկա, բայց ինքս ինձ հավաքեցի և երգեցի հանրածանոթ «Կռունկը»։

Մանթաշյանցը ապշած ու հուզված դեմքով, կլանված լսում էր հարազատ ու հոգեթով մեղեդին. «Մեկ անգամ էլ երգիր»,- այս անգամ խանդաղատանքով ասաց նա։

Աչքերն արցունքախառն ժպտում էին, ինքը ոգևորված էր ու սիրալիր.

-Հաղթեցիր,- ասաց նա,- մանրամասն հաշիվ ներկայացրու, թե ինչքան դրամ է պետք երկու տարվա համար, չմոռանաս նաև ճանապարհածախսը, տան վարձը, հագուստիդ և էլի մանր ծախսեր ու բեր ինձ,- հետո մի պահ մտածեց ու ավելացրեց,- բայց մի պայմանով,- կատակախառն, կես լուրջ, կես հանաքով ավելացրեց նա,- տարին մեկ անգամ մեկնում եմ Փարիզ, երբ հեռագրեմ, անմիջապես պիտի գաս, «Կռունկը» երգես ու նորից հետ վերադառնաս, փողը կփոխանցեմ»։

Տիգրան Նալբանդյանը մեկնում է Իտալիա, երկու տարի կատարելագործվում Միլանում։ Եվ, իրոք, տարին մեկ-երկու անգամ Մանթաշյանցը Փարիզից ու այլ եվրոպական քաղաքներից հեռագրում է, հետն էլ հոգում ճանապարհածախսը ու Նալբանդյանը մեկնում է նշված քաղաքը, մի քանի օր մնում այնտեղ, Մանթաշյանցի համար երգում «Կռունկը» և այլ հայկական երգեր ու վերադառնում Իտալիա։

Մի անգամ էլ, երբ արդեն երգիչը վերադարձել էր Իտալիայից Թիֆլիս, այցելել էր իր բարերարին, «Կռունկը» երգելուց հետո, Մանթաշյանցը կրկին հուզվել էր, ու արցունքն աչքերին ասել. «Տիգրան, որդի, խնդրում եմ մի եկեղեցական երգ սովորիր ինձ համար, թեկուզ «Յորժամը»։

Տիգրան Նալբանդյանը Ներսիսյան դպրոցի սան էր, այնտեղի երգչախմբի մեներգիչն էր եղել, Եկմալյանի սիրած աշակերտներից և շատ լավ գիտեր եկեղեցական երգեր, այդ թվում նաև «Յորժամը»։ Նալբանդյանը շարունակում է իր պատմությունը.

«Զարմանալի բան էր, այդ ամենակարող թվացող, հաղթանդամ ու անսասան մարդը, կարծես հիմնավորապես փոխվում էր, մեղմանում, աչքերին բնորոշ արծվային հայացքը չքանում էր, երբ մի բան էր խնդրում, կարծես այդ պահին միլիոնատերը ես լինեի։ Լսելով նրա խնդրանքը ես անմիջապես երգեցի «Յորժամը»։ Մանթաշյանցը անակնկալի եկավ։ Արցունքներն առատորեն հոսում էին աչքերից և կարծես ամաչելով իր թուլությունից կամացուկ շշնջաց. «Տիգրան, երբ որ…» ու էլ չշարունակեց, խոսքն անավարտ մնաց բերանում։

Տուն վերադարձի ճանապարհին երկար մտածում էի, թե ի՞նչ են նշանակում այդ բառերը։ Ի՞նչ էր նրա խնդրանքը, որից այնքան հուզվել էր այդ անսասան մարդը։

Իտալիայում հաջողությամբ ավարտելով դասընթացս, ես այնտեղ համերգներ տվեցի, ինձ արդեն ճանաչում էին, հրավերներ ստացա Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից։ Սակայն, մինչև հյուրախաղերի մեկնելը վերադարձա Թիֆլիս և այցելեցի Մանթաշյանցին պատմելու հաջողություններիս մասին և շնորհակալությունս հայտնելու։ Սակայն, նա չթողեց շաունակեմ. «Որդի, ես շատերին եմ օգնել, նրանց շնորհակալությունն այն է եղել ինձ համար, որ իրենց գործում առաջ են գնացել ու հասել են հաջողության։ Ես ծնողի պես բան եմ, նաև իմ հայությանն եմ ծառայում»։

Հյուրախաղերից հետո, ես համերգով հանդես եկա Թիֆլիսում, անշուշտ, չմոռացա իմ բարերարին, գնեցի նրա սիրած կենտրոնական օթյակի բոլոր տոմսակները և խնդրեցի նրան ներկա լինել համերգին։ Մանթաշյանցն ընտանյոք հանդերձ եկել էր։ Սրահը լեփ-լեցուն էր։ Հասարակությունը շարունակաբար բուռն ծափահարություններով կրկնել էր տալիս երգերը։ Իմ հաջողությունների գագաթնակետին էի։ Եվ ահա այդ երջանկության պահին, ես հասկացա, որ իմ այս հաջողության համար պարտական եմ իմ բարերարին` Մանթաշյանցին։ Ձեռքս բարձրացրեցի և այդ շարժումով խնդրեցի լռություն։ Երբ դահլիճը խաղաղվեց, ես իմ երախտիքի խոսքը ուղղեցի Մանթաշյանցին և խնդրեցի հասարակությանը ինձ հետ միասին ծափահարել մեծ բարերարին։

Անցան տարիներ… Ալեքսանդր Մանթաշյանցի առողջական վիճակը լավ չէր, երիկամային սուր նոպաներից երկար ժամանակով անկողին էր ընկնում։ Մի օր էլ երբ կրկին Թիֆլիսում էի, ինձ հաղորդեցին, որ Մանթաշյանցը ծանր հիվանդ է և բուժման նպատակով մոտ օրերս պիտի մեկնի Սանկտ Պետերբուրգ, այնտեղից էլ Նիցա և խնդրում է, որ ինձ լուր տան իր հիվանդության մասին։ Անմիջապես մեկնեցի այցելության։ Ծանր պառկած էր անկողնում։ Ինձ տեսնելով խնդրեց նստել, ապա մի պահ լռելուց հետո ավելացրերց. «Վերջին անգամ երգիր խնդրեմ «Յորժամը»։ Մի պահ կարկամեցի, սակայն ինձ հավաքեցի ու երգեցի։ Ինչ-որ անորոշ զգացումից մղված երգեցի մեծ ներշնչանքով։

Մանթաշյանցը շնորհակալական հայացքով ճանապարհեց ինձ և սա իմ վերջին հանդիպումն էր Մեծ բարերարի հետ։ Մի քանի շաբաթ հետո հայտնի դարձավ, որ Պետերբուրգում նա հավիտյան փակել է աչքերը և մահկանացուն կնքել։ Եվ հենց այդ տխուր լուրը ստանալու պահին, հանկարծ մտքովս անցավ Փարիզը, մեր հանդիպումները, այնուհետև նրա խորհրդավոր խնդրանքը` «Յորժամը» երգելու համար, նրա շշուկով արտասանած բառերը. «Տիգրան, երբ որ…»։ Նոր միայն հասկացա այդ անավարտ մնացած նախադասության իմաստը։ Շուտով Մանթաշյանցի աճյունը տեղափոխեցին Թիֆլիս, և ես այս անգամ եկեղեցում կրկին երգեցի նրա սիրելի «Յորժամը», արցունքներս առատորեն թափվում էին աչքերիցս, երգում էի այդ մեծ ու բարի մարդու հիշատակի համար, երգում էի երիտասարդ մարդու հոգու խորին կսկիծով, երգում էի բազմաթիվ հայ այլ երիտասարդների անունից, որոնց հոգում մշտապես վառ կմնա իրենց բարերարի անմար հիշատակը»։

Հեղինակ՝ Նաիրա Եղիազարյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա