ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հարցազրույցը 168 ժամ թերթին

17 ապրիլի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

«Ես հորդորել եմ՝ կալանք չկիրառվի, բայց ինձ ասել են, որ մենք վախ ունենք, տագնապ ունենք, որ քննչական գործընթացին դա կխանգարի». Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հակված չէ հավատալու, որ «Սպայկա» ընկերությունը, որի սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանը մեկ շաբաթ առաջ կալանավորվեց, իսկապես այս տարի արտահանում չի իրականացնի, ինչպես որ հայտարարել էին։ Ա. Ղազարյանը դեռ լավատեսորեն է տրամադրված:

Ամեն դեպքում, «Սպայկայի» սեփականատիրոջ կալանավորմամբ ընկերությունը բլոկադայի ենթարկելուց հետո դաշտում նոր խաղացողների չի տեսնում, հատկապես բացառում է խոշոր ներդրողների ի հայտ գալը, առավել ևս՝ նրանց, ովքեր հակված են լրացնել ստեղծված բացը և իրենց կարողությունները հզորացնելու ճանապարհին են:

««Սպայկայի» լինել-չլինելը ոչ նախկինում, և ոչ էլ հիմա խնդիր չի ստեղծել նոր հայտնվող ներդրողի համար: Աստված չանի, եթե «Սպայկան» այսօր հասարակական հնչեղություն ստացած իր այդ հայտարարությունն իսկապես կիրառի և մթերում չիրականացնի, դա չի նպաստելու, որ ուրիշները դաշտ դուրս գան և աշխատեն»,- ասաց Ա. Ղազարյանը:

– Պարոն Ղազարյան, ամեն դեպքում, չմտնելով խնդրի իրավական հիմքերիդաշտ, Ձեզ համար՝ որպես Հայաստանի գործարար շահեր ներկայացնողի, չափելի՞ է «Սպայկա» ընկերությունը չգործարկելու հետևանքները:

– Թե ինչ կործանարար էֆեկտ կունենա նրա չմթերելը գյուղատնտեսության վրա՝ ժամանակը ցույց կտա: Ես մոտավոր հաշվարկներ չունեմ: Այդպիսի մեկ այլ արտահանող, որ կունենա նման ներդրումային ծավալներ, այդպիսի հզորություն, որը դաշտում գերակա դիրք կունենա, մենք երկրորդը չունենք:

– Չե՞ք գտնում, որ իշխանությունը գնաց արկածախնդրության, մինչդեռ հարցը կարելի էր արտադատական ճանապարհով լուծել, մանավանդ, երբ գործարարնիր հայտարարություններում այդպես էլ չի հերքել չվճարած հարկեր ունենալու հանգամանքը:

– Չէ, չէ… ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, իշխանությունը արկածախնդրությո՞ւն է ցուցաբերել, թե՞ ոչ… այդ տերմինաբանությունը սխալ է, երևի ավելի ճիշտ կլիներ՝ ռիսկայնություն ասեիք: Ամեն դեպքում, արկածախնդրությո՞ւն է, թե՞ ռիսկայնություն, ես այդ գնահատականը չեմ ուզում տալ, այդ հարցով ուղիղ պատասխանողն ինքն է՝ իշխանությանը…

– Այսինքն՝ իշխանության գործողություններում չկա՞ր ռիսկայնություն՝ չհաշվարկելով ունեցած այլընտրանքային պոտենցիալը՝ մթերման շեմին զրկել գործարարին ազատությունից և թույլ չտալ, որպեսզի միջազգային վարկային կազմակերպության երաշխավորած ներդրումներն իրականացնի:

– Չէ , չեմ գտնում… գործողությունները նորմալ են, ու չպետք է պայմանավորված լինեին այդ աստիճանի ռիսկայնություններով, որ, եթե այս մարդն ունի գերակա դիրք, Աստված չանի՝ իրեն բան ասենք, հանկարծ կտուժենք… ոչ, սա մոտեցում չէ… օրենքի առաջ պետք է պատասխանատվություն կրել, հաշվետու ենք բոլորս հավասարապես՝ անկախ նրանից՝ հզո՞ր կազմակերպություն ենք, թե՞ փոքր:

– Բայց բռնել-փակելու մեթոդներով գործարարի հետ խոսելը նորմա՞լ եք համարում:

– Ցանկալի կլիներ, որ հիմքերը չլինեին բավարար՝ կալանավորման սանկցիայի համար, իսկ ինձ թվում է՝ այս պարագայում դա էդքան էլ էդպես չի, մանավանդ այսօրվա թափանցիկության պարագայում:

– Ստացվեց՝ Դավիթ Ղազարյա՞նն է արկածախնդիր գտնվել:

– Ոչ, նա միշտ եղել է համարձակ, հստակ, բավականին ռիսկային բիզնես անող, ինչի շնորհիվ էլ այս տարիներին 6 բեռնատար մեքենայից հասավ առևտրային, արտադրական, տրանսպորտային ընկերության և այսօր դաշտում գերակա դիրք ունի: Այսօր արդեն ունի իր տեխնիկայի պարկը, սառնարաններ, պայմաններ, դրսում ձևավորած մեծ շուկա, դրա համար էլ հզորացավ: Բայց թե նա այս ընթացքում ի՞նչ ռիսկերի է դիմել, որոնց համար պատասխան պիտի տա, ուսումնասիրությունը ցույց կտա:

– Դուք արդեն 20 տարի Հայաստանի գործարարների միության նախագահն եք ու տասնյակ տարիներ ունեք «Ապավեն» բեռնափոխադրող կազմակերպությունը: Ինչո՞ւ Դուք այդպիսի հաջողության չհասաք թե նախկինում, և թե այսօր: Հավակնություն չի՞ եղել այդ դաշտը գրավել՝ Ձեր կապերի ու ռեսուրսների միջոցով:

– «Ապավենը» միշտ արդար մրցակցային պայմաններում է աշխատել, ոչ հնում, և ոչ հիմա դժգոհելու պատճառ չունի, բայց մենք միայն փոխադրումներով ենք զբաղվել, մենք մթերումների դաշտում այդ հավակնությունը երբեք չենք ունեցել: Մենք բացառապես բեռնափոխադրող ընկերություն ենք, և մեր զարգացման պլանը 6 նոր մեքենա ձեռք բերելն է, այլ ոչ թե՝ 106 մեքենա՝ միանգամից:

– Իսկ ներդրումների սպասող երկրի վարկանիշը չտուժե՞ց «Սպայկայի» շուրջ աղմկոտ իրադարձություններից:

– Վնասե՞ց, թե՞ նպաստեց… երկակի է. օրինականության հաստատման, սխալները պատժելու միջոցով մի կողմից՝ մեծացնում է ներդրողի վստահությունն իշխանության նկատմամբ, մյուս կողմից՝ անցյալի սխալների համար պետք է պատասխան տալ, չկատարած հարկային պարտավորությունները կատարել… Սրանից որոշ ներդրողներ, հնարավոր է, վախենան, ընդ որում, այնքան, որքան Ամուլսարի դեմ հ/կ-ների այս պայքարից: Բայց եթե տնտեսական հեղափոխություն ենք ուզում քաղաքականից հետո, ուզենք թե չուզենք, այս խոչընդոտներին հանդիպելու ենք: Կարևորն այն է՝ բոլորին ստիպենք, համոզենք, որ նոր պայմաններում ենք աշխատում:

– Իսկ ինչո՞ւ թեկուզ մի օրենսդրական ակտով կառավարությունը չցանկացավ գիծ քաշել և սկսել նոր էջից, ինչո՞ւ է հետագիծ ստուգում… մանավանդ՝ գաղտնիք չէր նախկին համակարգի մոտեցումը, ինքներդ էլ ընդունում եք, որ նախկինում ցանկության դեպքում էլ դժվար էր սիստեմի մեջ բարեխիղճ աշխատել: Այսօրվա խաղի կանոնները հստակ չեն, այսպես ասած՝ «զենքերը» երբ ուզեն, ում ուղղությամբ ասեն՝ կօգտագործվեն, և թիրախավորվում են գործարարները:

– Անցած տարվա մայիսից խոշոր գործարարներով մի քանի հանդիպումներ ենք ունեցել վարչապետի, փոխվարչապետների հետ: Եվ մշակվել է մի չգրված օրենք՝ մեր անցյալի խնդիրները վերահայտարարագրում ենք ու անցնում ենք առաջ: Երկակի դաշտում աշխատող շատ գործարարների համար այս գիծը քաշվել է, մարդիկ կան՝ արագ են ադապտացվում փոփոխություներին, մարդիկ էլ կան՝ դեռ իրենց թվում է, որ հինը կվերադառնա: Կամավոր է պետք գնալ վերջին 4 տարիների հարկային ճշգրտումներին: Այս մասին ասվել է վարչապետի հետ հանդիպումների ընթացքում, այլ բան է, որ ոչ բոլորը կարող էին դա ուղերձ համարել:

– «Սպայկան» չի՞ գնացել այդ գիծը քաշելու ճանապարհով:

– Վարչապետի հետ հանդիպմանը նույն Դավիթն էլ է խոսել իր ներկրած թուրքական պոմիդորների խնդրով, Սամվել Ալեքսանյանն էլ… և իրենց հստակ ասվել է՝ նախկին սխալների ճշգրտումներով գիծ ենք քաշում և սկսում ենք աշխատել, բացի օրինական դաշտ մտնելուց՝ ոչ ոք ձեզնից ոչինչ չի պահանջելու: Բայց այստեղ իրավական խնդիրը լուրջ է… ՊԵԿ հետաքննչական ծառայությունը քրգործ է հարուցել, դատարանը վարույթի հիման վրա տվել է համաձայնություն ընկերության տնօրենին կալանավորելու համար, քանի որ գտնում է, որ այդ մարդու՝ դրսում մնալը գործի օբյեկտիվ քննությանը կխանգարի: Քանի դեռ գործը քննվում է, և երկուստեք ներկայացված հանգամանքներն ու հիմնավորումներն ուսումնասիրվում են, ոչ ոք, այդ թվում՝ ես կամ որևէ քաղաքական գործիչ, իրավունք չունի գնահատական տալ:

– Ներդրումային քաղաքականություն ենք իրականացնում, զուգահեռաբար՝ խոշոր գործարարին սահմանափակում ենք:

– Ասել, թե ինչ էֆեկտ կունենան «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձությունները՝ ներդրումային քաղաքականության առումով, մթերումների վրա, և դրանով փորձել պաշտպանական մեխանիզմ, հասարակական կարծիք մշակել… դրա համար ես միշտ իմ ընկերներին կոչ եմ անում՝ փորձեք աշխատել օրինականության դաշտում, որ ձեր լեզուն երկար կլինի: Գիտեմ, որ նույն «Սպայկայի» հետ անցած տարվա օգոստոսից այդ ստուգումները գնում էին, վերահայտարարագրումով հարկային ճշգրտումներ արեցին, ստուգումները մի պահ կասեցվեցին, հետո նորից շարունակվեցին։

Միայն օբյեկտիվ քննարկման դեպքում կհասկանանք՝ 2013թ.-ից սկսած ընկերությունն ինչպիսի՞ խախտումներ է արել: Ժամանակին ես Սերժ Սարգսյանին ասում էի, որ մենք պիտի ունենանք 3-4 «Սպայկա»-ներ, քանի որ «Սպայկան» արտահանվող բերքի միայն 20-21% ն է արտահանում, մեզ նոր լոգիստիկ կենտրոններ են պետք, որպեսզի տարբեր սեզոնայնությամբ աճող մեր պտուղ-բանջարեղենը չմնա դաշտերում, չփչանա: «Սպայկան» միայն միջազգային բեռնափոխադրող չէ, միրգ-բանջարեղեն արտահանող չէ, որպես ենթակառուցվածք՝ շատ հզոր համակարգ է ստեղծված։ «Սպայկան» գյուղացուն հասցնում է պատվիրել, հետո գնել, վերամշակել և հասցնել արտահանել, առևտուր անել:

– Եվ այս հզորացող կառույցի նկատմամբ անզիջում որոշում է կայացվում այն իմաստով, որ կալանավորման ծայրահեղ որոշումով բլոկադայի է ենթարկվում ընկերությունը՝ մթերման սեզոնի շեմին: Արդյո՞ք կառուցողական դաշտում հնարավոր չէր խնդրին լուծում գտնել:

– Որքան այս օրերին լսեցի երկրի ղեկավարության շուրթերից, չկա «Սպայկա» ընկերությունը վերացնելու, փակելու կամ բիզնեսը մեկ ուրիշին վերաբաշխելու խնդիր: Իսկ ինձ՝ որպես հասարակական գործչի, միայն դա է հետաքրքրում, որպեսզի հավասար մրցակցային պայմաններում չդառնա բիզնեսի վերաբաշխում:

– Այդ ո՞ր իշխանության եկածի օրոք եք այդպիսի բան հիշում, որ երկրի իշխանությունը բացեիբաց հայտարարեր, թե ինչ-որ անձանց բիզնեսը վերաբաշխելու մտադրություն ունի, և ի՞նչ տրաբամանությամբ հիմա պիտի նույնը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեր:

– Գործողություններից դա էլ կարող է երևալ շատ շուտով: Բայց ես հավատում եմ երկրի ղեկավարության այս հայտարարությանը: Ես՝ որպես իրավաբան, անմեղության կանխավարկածն եմ հարգում, ես չեմ ընդունում քարոզչությունը, հասարակական կարծիք ձևավորելու այն ակտիվությունը, որ դիտարկվում է աջ և ձախ կողմերից:

– Նկատենք՝ «Սպայկայի» 100% բաժնեմասի սեփականատեր Դ.Ղազարյանը դեռ կալանավորվելուց առաջ հայտարարեց, որ պատրաստ է վճարել պետության կողմից հայտնաբերած 7 մլրդ դրամ չհարկված գումարը, միայն թե ՊԵԿ-ը հիմնավորի, և պետության ներկայացուցչին հրավիրեց երկխոսության դաշտ, մինչդեռ հակառակ կողմում նույնիսկ հարկ չհամարեցին գնալ կառուցողական ուղիով, և պարզապես կալանավորման սանկցիա արձակվեց՝ անտեսելով գործարարի և գյուղաբնակչության շահը:

– Եկեք որևէ մեկի հայտարարությունը հիմք չընդունենք: Հրապարակային դաշտում կա մի բան՝ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չի վճարվել, ներքին հաշվանցման փորձ է արվել, ինչն արգելվում է օրենքով, դա ուղղակի հարկային կոպիտ խախտում է դիտարկվում, և ես չեմ գտնում, որ «Սպայկայի» նկատմամբ կիրառվող գործողություններն ունեն կանխակալ, ինչ-որ սուբյեկտիվ գործոն: Որովհետև, չմոռանանք, Դ.Ղազարյանի ձերբակալումից 10 օր առաջ Ն. Փաշինյանը գնաց «Սպայկայի» հիմնած պանրի գործարանի բացմանը: Ակնհայտ է, որ վարչապետն իր այդ այցով տնտեսական համակարգի գործոնն ընդգծեց, նույնիսկ խոշոր գործարանների բացմանը վարչապետներ չեն տանում, այսինքն՝ այստեղ հստակ է, որ չկար ընդգծված սուբյեկտիվ գործոն:

– Ամեն դեպքում, որպես գործարար շահերի իրավունքները պաշտպանող կառույց՝ ինչպե՞ս եք վերաբերվում խոշոր գործարարի նկատմամբ կալանավորման սանկցիա տալուն:

– Ես շատ կուզեի, որ ընկերության ղեկավարը, այն էլ՝ 100% սեփականատեր հանդիսացող գործարարը չձերբակալվեր, և նրան ազատ արձակեին գրավի դիմաց՝ հիմքով: Բայց նպատակահարմար են գտել այդպես անել: Օրենքում, որն այդքան մենք պահանջեցինք ապաքրեականացնել, հստակ գրված է, որ, եթե դու քո հարկային չկատարած պարտավորությունը կատարում ես ՝ անկախ չափից, քրեական գործը կարճվում է, այսինքն՝ այդ էտապում նույնիսկ դատախազի միջնորդությամբ կարճվում է: Ես ավելի քան վստահ եմ՝ եթե Դավիթն իրականում պատրաստ լիներ վճարել այդ պարտքը, ապա քրեական հետապնդումը կկասեցվեր:

– Իսկ ինչո՞ւ վճարեր, երբ ՊԵԿ-ն իր ներկայացրած թիվը չէր ցանկացել հիմնավորել մինչև կալանավորումը:

– Եթե Դ. Ղազարյանն այդ ակտավորած գումարը վճարեր, հետո նոր միայն գնար դրանք հիմնավորելու ճանապարհով, ապա, վստահ եմ՝ որպես իրավաբան, կալանավորման սանկցիա չէր տրվի: Կարգն այդպես է՝ սկզբում հարկային ակտի համաձայն՝ վճարումն անում են, հետո նոր միայն բողոքարկում են կամ դատական ճանապարհով ստուգում են դրանց հիմքերը: Սա է իրավական նորմը, մենք՝ բոլոր հարկ վճարողներս ենք գնում այդ ճանապարհով:

– Երբ հրապարակային «Սպայկա»-ՊԵԿ փոխհրաձգություն էր տեղի ունենում, և շատերին արդեն իսկ հայտնի էր կալանավորման սցենարը, ի՞նչ արվեց Ձեր կողմից, որպես գործարարի շահերը ներկայացնող կառույցի ղեկավար, որպեսզի իշխանությունն այդքան կոշտ գործողությունների չդիմեր: Դուք որքանո՞վ եք փորձել միջամտել այս ներքին պայքարին:

– Մենք, արդեն 5-րդ տարին է, հարկային օրենսդրության փոփոխության մեջ առաջարկում ենք, որպեսզի ապաքրեականացվի այդ օրենքը, և հարկեր չվճարած գործարարը չենթարկվի քրեական հետապնդման: Եվ որոշ դեպքերում, ինձ թվում է՝ իրավապահները վախենում են պարտավորությունների չկատարումից, չարամիտ խուսափելուց, և գնում են այսպիսի կոշտ քայլերի: Այս դեպքում լավ կլիներ, որ հիմքերը լինեին այնպիսին, որ կալանավորում չլիներ և գրավի կամ երաշխավորման դիմաց գործարարն ազատ արձակվեր: Մասնավորապես, ես հորդորել եմ, որ, եթե հնարավոր է՝ կալանք չկիրառվի, բայց ինձ ասել են, որ մենք վախ ունենք, տագնապ ունենք, որ քննչական գործընթացին դա կխանգարի:

– Իսկ ի՞նչ մակարդակով և ո՞ր փուլում է Ձեր հորդորն արվել:

– Ես պարտավոր չեմ դա ասել… Ես փաստաբան չեմ, որ, եթե վաղը-մյուս օրը մի գործարար օրենքի խախտում անի, ես գնամ նրան պաշտպանեմ: Իմ միջամտությունը եղել է միայն այլ խափանման միջոց ընտրելու հնարավորությանը: Մենք մշտական անմիջական կապ ունենք ՊԵԿ ղեկավարի հետ, և նրան եմ հորդորել: Ձերբակալությունից առաջ դիմել եմ, որ, եթե կան հիմքեր, որպեսզի ընտրվի այլ խափանման միջոց, դա փորձեն կիրառել: Ես դա արել եմ՝ հօգուտ օբյեկտիվության, ոչ թե՝ հօգուտ գործարարի…

Ի դեպ Դավիթ Ղազարյանը երբեք իմ միության անդամը չի եղել, բայց մենք պարբերաբար հանդիպել ենք, և ես նրան ասել եմ՝ փոխվել են ժամանակները, պիտի նաև մենք փոխվենք, ինքն էլ հստակ ասում էր՝ ես փոխվում եմ։ Եվ դրա ապացույցը, խնդրեմ… ի դեպ, նույն կառավարությունն էլ հավատում էր, որ նա փոխվում է, դրա համար էլ իր ներկայացրած ներդրումային ծրագիրը հաստատվեց, ներկայիս կառավարությունը փաստացի նոր ջերմոցների կառուցման համար հողեր հատկացրեց «Սպայկային»: Վարչապետը նաև մեծ հպարտությամբ գնաց նրանց պանրի գործարանի բացմանը մասնակցելու:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա