ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ

Հայրենիքի սահմանը պաշտպանվում է զենքով, ապրողով, մշակույթով ու հավատով... Եվ ամենևին էլ պատահական չէ, որ դեռևս վաղնջական ժամանակներից էլ Հայոց սահմաններին հավատի տաճարներ են կառուցվել, որ զինվորը հանկարծ հոգու թուլության պահին ետ շրջվելիս՝ իր հայրենի տունը և հավատի տաճարները տեսնի ու չերկնչի: Ու նաև առաջ գնա... Հայաստանի սահմանին՝ Տավուշի մարզում այդպիսի մի հավատո տաճար է Վարագավանքը, որը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-98 թվականներին, ինչը նաև Կյուրիկյան իշխանատոհմի տապանատունն է:
Տավուշի Վարագավան գյուղից երկու կիլոմետր հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին գտնվող ճարտարապետական վեհաշուք վանական համալիրը, դարերի ընթացքում թշնամական արշավանքներից ավերված, մինչև վերջերս խոնարհված վիճակում էր: Արցախյան պատերազմի օրերին Վարագավանքի վերականգնման կարևորությունը ճշմարիտ հայրենասիրությամբ ընկալեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահ Նորայր Խաչատրյանը և համասեփականատեր Ռաֆայել Մանուչարյանը, ովքեր նախաձեռնեցին ողջ համալիրի վերականգնման աստվածահաճո գործը: Նրանց բարերարությամբ բացառիկ ճշգրտությամբ առաջին փուլում վերանորոգվել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, երկրորդում՝ վերականգնվել են Սուրբ Նշան եկեղեցին, դամբարանը և տապանատունը: Մնացյալը շարունակվում է:
Վարագավանքի Սուրբ Խաչի տոնի օրը գմբեթին տեղադրվեց մեծ Խաչը և հանդիսավորությամբ օծվեց գրեթե նորակառույց եկեղեցին:
Եվ այսօր սուրբ պատարագի և Տերունական մաղթանքի խոսքն ու մեղեդիները գնում խառնվում են սահմանը հսկող հայ զինվորների ոգեղեն զարկին, հայրենաշունչ և հաղթական երգ ու պարին, դառնում սուր ու վահան... Սահմանի զենքը նաև հավատն է:
Վաղ թե ուշ Արցախյան պոտերազմն էլ կդառնա վերհուշ, բայց Վարագավանքի մագաղաթյա տարեգրության էջերում դարեր հետո սերունդները կարդալու են՝ Երկու ճշմարիտ հայորդու՝ Նորայր Խաչատրյանի և Ռաֆայել Մանուչարյանի ձեռամբ է վերականգնվել Վարագավանք սուրբ տաճարը՝ վասն հավատո և Հայրենյաց...
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել