Հնարավոր է՝ Դիարբեքիր-Երևան ավիաչվերթ իրականացվի. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ընդունել է Դիարբեքիրի գործարար պատվիրակությանը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 14-ի երեկոյան ընդունել է Դիարբեքիրի նահանգի գործարար պատվիրակությանը՝ նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ և հիմնադիր անդամ Հյուսնու Փերվանեի գլխավորությամբ, հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:
Դիարբեքիրցի գործարարն այսպես է բնութագրել հայերի պատմական ներկայությունը նահանգում.
«Հայերը ժամանակին մեզ սովորեցրին լավաշ հաց թխել, պղինձ մշակել, գորգ գործել և շատ բան: Հայերի հեռացումով մենք մնացինք անմշակույթ... Այսօր էլ Դիարբեքիրի մասին ցանկացած գովազդային տեսանյութ սկսվում է հայկական երգերով ու մշակույթով»:
Պատվիրակության մյուս անդամները ևս հավաստել են, որ իրենք նախանձախնդիր են Հայաստանի հետ ոչ միայն տնտեսական կապերի ակտիվացմանը, այլ նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Բարիդրացիության, հանդուրժողականության և փոխմերձեցման գաղափարի արտահայտությունն է, որ վերջին տարիներին Դիարբեքիրի քաղաքապետարանը շուրջ երեք միլիոն դոլար է հատկացրել միայն Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնմանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական տնտեսական կապերի հանձնաժողովի համանախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանը կառավարությունը դրական է գնահատում և զորակցում նման նախաձեռնությունները, որոնք յուրովի նպաստում առանձին բարդույթների հաղթահարմանը:
«Ցավոք, նման կամ գոնե համեմատաբար մոտ կարծիք ու մտահոգություն այսօր չի դրսևորում Թուրքիայի կառավարությունը, իսկ մեր միակողմանի ջանքերը անպատասխան են մնում թուրքական հանրահայտ դիվանագիտության քաղաքական դաշտում: Հայկական կողմը միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման վերաբերյալ միշտ էլ ներկայացնում է առանց նախապայմանների իր տեսակետը՝ Գնդակը թուրքական դաշտում է... Ահավասիկ՝ այսօր թուրք գործարարները և բեռները ազատ մուտք ունեն Հայաստան հենց թուրքական հասցեով, իսկ հայկականը՝ ոչ: Կարծում եմ՝ ժամանակը այն քավարանն է, որում թուրք հարևանները պատմական ողբերգությունից հոգով ինքնամաքրվելու և Հայաստանի հետ նոր տրամաբանությամբ հարաբերվելու հնարավորություն ունեն: Դարձյալ ժամանակի խնդիր է: Դեռևս 2011 թվականին Միությունը Դիարբեքիրի նահանգի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, կազմակերպել գործարար հանդիպումներ», - ասել է Ա. Ղազարյանը:
Դիարբեքիրի գործարարները նշել են, որ «Դիարբեքիր-Երևան» ավիաչվերթ կազմակերպելու մտադրություն ունեն և ակնկալում են Միության աջակցությունը: Այդ նախաձեռնությունը գոհունակությամբ ողջունել է Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Միությունը դեռևս 2009 թվականին նախաձեռնել էր «Երևան-Վան» ավիաչվերթի ստեղծումը: Նույնիսկ ինքնաթիռի տոմսերը վաճառվում էին, բայց վերջին պահին թուրքական կողմից քաղաքական գործոնը կասեցրեց ավիաչվերթը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը Դիարբեքիրի գործարար պատվիրակությանը վստահեցրել է, որ Միությունը այս անգամ ևս ջանքեր կգործադրի ավիաչվերթի ստեղծման համար:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել