Հայաստան – Թուրքիա
Ժողովրդական իմաստությունը հուշում է, որ խռով հարևանների, այդ թվում նաև դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարևան երկրներ փակ դռները վաղ թե ուշ ամենազոր ժամանակն է բացում: Իսկ մինչ այդ տնտեսական ու տուրիստական առիթներով զանազան այցերը և ժողովրդական դիվանագիտությունը իրենց հերթին ճանապարհ են հարթում հաշտեցման համար: Այդ տրամաբանության շրջանակներում բազմաթիվ փոխադարձ այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և մասնավորապես Թուրքիայի Դիարբեքիր նահանգի միջև, ուր ապրում է ավելի քան երկուսուկես միլիոն մարդ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սեպտեմբերի 14-ի երեկոյան ընդունեց Դիարբեքիրի նահանգի գործարար պատվիրակությանը՝ նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ և հիմնադիր անդամ Հյուսնու Փերվանեի գլխավորությամբ:
Դիարբեքիրցի գործարարը բառացի այսպես բնութագրեց հայերի պատմական ներկայությունը նահանգում՝ «Հայերը ժամանակին մեզ սովորեցրին լավաշ հաց թխել, պղինձ մշակել, գորգ գործել և շատ բան: Հայերի հեռացումով մենք մնացինք անմշակույթ... Այսօր էլ Դիարբեքիրի մասին ցանկացած գովազդային տեսանյութ սկսվում է հայկական երգերով ու մշակույթով»: Պատվիրակության մյուս անդամները ևս հավաստեցին, որ իրենք նախանձախնդիր են Հայաստանի հետ ոչ միայն տնտեսական կապերի ակտիվացմանը, այլ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Բարիդրացիության, հանդուրժողականության և փոխմերձեցման գաղափարի արտահայտությունն է, որ վերջին տարիներին Դիարբեքիրի քաղաքապետարանը շուրջ երեք միլիոն դոլար հատկացրեց միայն Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնմանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական տնտեսական կապերի հանձնաժողովի համանախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանը կառավարությունը դրականորեն է գնահատում և զորակցում նման նախաձեռնությունները, որոնք յուրովի նպաստում առանձին բարդույթների հաղթահարմանը: Ցավոք նման կամ գոնե համեմատաբար մոտ կարծիք ու մտահոգություն այսօր չի դրսևորում Թուրքիայի կառավարությունը, իսկ մեր միակողմանի ջանքերը անպատասխան են մնում թուրքական հանրահայտ դիվանագիտության քաղաքական դաշտում: Հայկական կողմը միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման վերաբերյալ միշտ էլ ներկայացնում է առանց նախապայմանների իր տեսակետը՝ Գնդակը թուրքական դաշտում է... Ահավասիկ՝ այսօր թուրք գործարարները և բեռները ազատ մուտք ունեն Հայաստան հենց թուրքական հասցեով, իսկ հայկականը՝ ոչ: Կարծում եմ՝ ժամանակը այն քավարանն է, որում թուրք հարևանները պատմական ողբերգությունից հոգով ինքնամաքրվելու և Հայաստանի հետ նոր տրամաբանությամբ հարաբերվելու հնարավորություն ունեն: Դարձյալ ժամանակի խնդիր է: Դեռևս 2011 թվականին Միությունը Դիարբեքիրի նահանգի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, կազմակերպել գործարար հանդիպումներ:
Դիարբեքիրի գործարարները նշեցին, որ «Դիարբեքիր-Երևան» ավիաչվերթ կազմակերպելու մտադրություն ունեն և ակնկալում են Միության աջակցությունը: Այդ նախաձեռնությունը գոհունակությամբ ողջունեց Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Միությունը դեռևս 2009 թվականին նախաձեռնել էր «Երևան-Վան» ավիաչվերթի ստեղծումը: Նույնիսկ ինքնաթիռի տոմսերը վաճառվում էին, բայց վերջին պահին թուրքական կողմից քաղաքական գործոնը կասեցրեց ավիաչվերթը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը Դիարբեքիրի գործարար պատվիրակությանը վստահեցրեց, որ Միությունը այս անգամ ևս ջանքեր կգործադրի ավիաչվերթի ստեղծման համար:
Երկուստեք մտադրություն հայտնեցին ակտիվացնել փոխայցելությունները, հանդիպումներն ու գործարար կապերը, որոնք իվերջո լեռնային մաքուր վտակների նման կամաց-կամաց հստակեցնելու են հայ-թուրքական հարաբերությունների առայժմ պղտոր գետը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել