Ալեքսանդր Մանթաշյանց
Մարդկային խիղճն ու նվիրումը, կարեկցանքն ու բարերարությունը ամեն դարաշրջանում ստանում է յուրահատուկ ազգային կերպավորում: Երեկ, այսօր ու նաև վաղը մեզ համար Ալեքսանդր Մանթաշյանցն է: Մարտի 3-ը նրա ծննդյան օրն է, ինչն էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ և Կառավարության որոշմամբ 2017թ. հռչակվել է Գործարարի օր:
Այսօր աշխարհի երբեմնի երևելիներից Ալեքսանդր Մանթաշյանցի երևանյան հուշարձանի մոտ էին հավաքվել բազմաթիվ գործարարներ, նրա վաստակի երկրպագուներ: Եվ պսակադրությունն ու ծաղիկներով խոնարհվելը, եկեղեցում պատարագը երախտագիտության սրբազան տուրք էր մեծ հայի հիշատակին: Այն հարցին, թե այսօր հատկապես ինչն է Մանթաշովականություն երևույթի մեջ առաջնայինը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոնկրետ բանաձևեց՝ «Ամենակարևորը այսօրվա գործարարների մեջ Մանթաշյանցի բարոյական կերպարի ձևավորումն է»:
Երախտագիտություն ենք հայտնում հատկապես այն լրատվամիջոցներին, որոնք նկարահանման խմբեր էին ուղարկել մեծ բարերարի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու՝ Հ1, Հ2, Հ3, Շանթ, ԱՐ, Կենտրոն հեռուստաընկերությունները, Սլաք.am, 1-ին լրատվական և այլ զանգվածային լրատվամիջոցները: Անշուշտ Մանթաշյանցի և մեր օրերի գործարարի բարոյական կերպարի հանրայնացման գործում շատ մեծ է լրագրողների, հրապարակախոսների և մշակույթի ոլորտի մարդկանց դերը: Թող ներողամիտ լինեն շատ լրագրողներ, ովքեր իրենց էջերում, հիշելով օտար ու հայությանը ոչնչով չառնչվող անհայտ մեռելներին, մոռացել էին հավերժ կենդանի ազգային բարերար Մանթաշյանցին: Հիշենք, որ Մանթաշյանցը շուրջ 1000 ուսանող է պահել եվրոպական առաջնակարգ համալսարաններում, հովանավորել բազմաթիվ մտավորականների և կառուցել ու կառուցել: Նա պարզապես ազգ է պահել:
Եվ շատ կուղենայինք, որ այսօր բոլոր հայ օջախներում թեկուզ մեկ-երկու նախադասությամբ, անգամ մտովի հիշվեր Մեծ հայի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի մասին: Անցյալը ուրանալը երախտամոռության ամենանողկալի ձևն է:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել