ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ. "ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ"

Երջանիկ է այն մարդը, ով տնից շտապում է ժամանակին հասնել աշխատանքի, աշխատանքից էլ շտապում է վայրկյան առաջ տուն գնալ: Մայրաքաղաքի սրտում - քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ" բիզնես-կենտրոնի տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ծրագրերի տնօրեն Արթուր Ղազարյանը, իմ համոզմամբ, հենց այդ մարդկանցից է`"Չաշխատելու համար պետք է սիրահարվես քո աշխատանքին", - համոզված է նա: Եվ այդպես էլ վարվում է իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում: Իսկ աշխատել սկսել է բանակային ծառայությունից անմիջապես հետո, երբ նոր էր բոլորել 21 տարին: Մասնագիտությամբ իրավաբան` նա աշխատում էր Աբովյան քաղաքի դատարանում, երբ ամեն ինչ կտրուկ փոխվեց: 23 տարեկանում որոշեց ընտրել գործունեության միանգամայն նոր ոլորտ, ինչը համարում է կյանքում իր ամենահաջողված որոշումը, որը դուռ բացեց գալիք հաջողությունների համար: "Այն պահին, երբ հասկացա, որ պետք է զբաղվել ոչ միայն այն գործով, ինչը քո մասնագիտությունն է դիպլոմով, ես գտա նաեւ չաշխատելու եւ դրա դիմաց վարձատրվելու միջոցը. սիրահարվում էի այն գործին, որն անում էի: Հենց զգում էի, որ սկսում եմ աշխատել, անմիջապես հեռանում էի, փոխում էի գործս", - հաջողության իր բանաձեւն է ներկայացնում Արթուր Ղազարյանը:
Այսպես նա թողեց իրավաբանի աշխատանքն ու դարձավ միջազգայնագետ: Սկզբում աշխատանքի անցավ USAID-ում, ապա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում, այնուհետեւ PricewaterhouseCoopers ճանաչված ընկերությունում, մի քանի տարի եղել է Կանադայի միջազգային զարգացման գործակալության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: Գործակալության լուծարումից հետո Արթուրը հերթական անակնկալը մատուցեց ինքն իրեն` մուտք գործելով միանգամայն այլ ոլորտ եւ հայտնվելով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում: Այստեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո նրան առաջարկեցին գլխավորել "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ" բիզնես-կենտրոնը, եւ արդեն 4 տարի նա այդ կենտրոնի տնօրենն է (ի դեպ, Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ էլ կապը չի խզել, համագործակցում է, սակայն հասարակական հիմունքներով):
- "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ"-ում դեռ չեք սկսել աշխատել?, - հարցնում եմ պրն Ղազարյանին` նկատի ունենալով աշխատանքի ու սիրահարվածության մասին նրա ձեւակերպումը:
Առայժմ ամեն ինչ անում եմ հաճույքով: Նախքան "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ" տեղափոխվելը երբեւէ չէի աշխատել մասնավոր սեկտորում: Եվ ահա` 43 տարեկանում առաջին աշխատանքս գործարար աշխարհում, այն էլ` ղեկավար պաշտոնում: Այն տպավորությունն է, թե հայտնվել եմ նավի վրա, որի ղեկը ինձ են վստահել: Յուրաքանչյուր գործում հաջողության հասնելու համար, իմ համոզմամբ, առաջին հերթին պիտի անվերապահորեն հավատաս այդ հաջողությանը: Ինչ խոսք, այդ հավատին պիտի գումարվեն խելքը, միտքը, հավակնությունները, նպաստավոր հանգամանքները: Հենց այդ ամենն էլ ինձ օգնեց: Այո, ես ինձ համարում եմ երջանիկ եւ հաջողակ: Իսկ թե որքանով եմ հաջողության հասել կամ կայացել, թող դատի շրջապատը: Ես չգիտեի, թե ինչպես պիտի անեմ, բայց հաստատ գիտեի, որ կհաջողեմ, կստացվի: Իհարկե, այն ժամանակ "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ"-ն արդեն Հայաստանում հայտնի անուն էր` բրենդ, երեւի թե հանրապետության լավագույն բիզնես-կենտրոնը: Ես ընդամենը պիտի ուսումնասիրեի այն, ինչն ինձ ժառանգություն էր հասել եւ որոշեի, թե ինչպես վարվեմ այդ ժառանգության հետ, ինչ անեմ: Պատկերացրեք "Լեգո" կոնստրուկտորը. եթե դրանով ուզում ես մեքենա հավաքել, պիտի ստուգես` անիվներ կան? Եթե չկան, ուրեմն մեքենա չի ստացվի: Ես առանձնացրի բոլոր մասերը, ուսումնասիրեցի եւ որոշեցի հավաքել այնպես, ինչպես ինքս եմ պատկերացնում: "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ"-ն այսօր եթե ոչ միակ, ապա գոնե ոչ մեծաթիվ այն բիզնես-կենտրոններից է, որտեղ ազատ` չվարձակալած տարածք չկա: Դա հաջողություն է, հաջողություն` պայմանավորված նաեւ անվտանգության ծառայության համակարգերի բարձր տեխնոլոգիաներով, իտալական բարձրակարգ ավտոմատիզացված սարքավորումներով, աշխատանքի կազմակերպմամբ եւ, իհարկե, դրանց գումարվում են իտալական հայտնի ընկերության կառուցած շենքի արժանիքները: Այս ամենի համադրությունն, ի վերջո, լավ արդյունքի է հանգեցնում: Դե իսկ ամենամեծ ձեռքբերումս աշխատանքային իմ թիմն է, առանց որի իմ հաջողությունը չէր կայանա:
Իսկ "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ" անունով նավի նավապետ Արթուր Ղազարյանի թիմն իսկապես ամուր է ու միասնական: Ինչպես ինքն է սիրում ասել` թիմ չէ, այլ ընտանիք: Ընտանեկան մթնոլորտն էլ լի է անկեղծ սիրով ու բարյացակամությամբ: Բոլորն էլ, իրենց ղեկավարի նման, սիրահարված են իրենց գործին: Յուրաքանչյուրը, լինելով իր գործի մեծ գիտակ, պատրաստ է հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնել գործընկերոջը:
Ինչն է "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ"-ի ղեկավարին ինքնավստահություն ներշնչում, ստիպում հավատալ իր ուժերին? Առաջին հերթին` այն դասերը, որոնք քաղել է իր ուսուցիչներից` ամերիկացի Դոնալդ Հարթից, որ նրա առաջին ղեկավարն էր USAID-ում: Այժմ թեպետ վերադարձել է Միացյալ Նահանգներ, սակայն նրա հետ կապը Արթուրը պահպանում է մինչեւ օրս: Ուսուցիչներից մեկն էլ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն է, որից այսօր էլ շարունակում է շատ բան սովորել: Եվ, իհարկե, պահապան հրեշտակները, որոնց թեպետ չի տեսնում, բայց որոնք անբաժան են իրենից, միշտ իր հետ են: Ենթագիտակցորեն: Հատկապես`դժվարին պահերին: Իսկ այդպիսի պահերից չի կարող խուսափել անգամ միշտ իր ուժերին, իր ծրագրերին, իր հաջողությանը հավատացող Արթուր Ղազարյանը: Դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում էլ նա չի դադարում իրեն երջանիկ մարդ համարել եւ դասեր է քաղում այդ պահերից: Քանզի "այն ամենն, ինչ մեզ չի սպանում, մեզ դարձնում է ավելի ուժեղ":
2003 թվականին Արթուրը որոշեց առաջին անգամ ուժերը փորձել գործարարի դերում եւ Հայաստանում հիմնել մաքրող միջոցներ արտադրող գործարան: Իրեն այդ գործում բավարար փորձառու չհամարելով` նա որոշեց տնօրենի պաշտոնը վստահել ուրիշին: Նշանակվածներից մեկը չկարողացավ կատարել իր վրա դրված պարտականությունները, մյուսը այնքան հաջողեց, որ որոշեց ամեն ինչ ծառայեցնել իր շահին. մեկ օրում վաճառեց արդեն զգալի եկամուտ բերող գործարանը եւ հեռացավ Հայաստանից` փաստորեն թալանելով անփորձ, սկսնակ գործարարին:
- Այո, դա ձախողում էր, որից ես այնպիսի դաս քաղեցի, որն ինձ շատ օգնեց հետագա գործունեությանս ընթացքում: Ես չափազանց շատ վստահեցի տնօրենին, որին էլ թվաց, թե իրեն ամեն ինչ թույլատրելի է: Պետք էր ավելի լավ ճանաչել նրան, ուսումնասիրել նրա թուլությունները: Այստեղից` հետեւություն. երկար շփվիր գործընկերներիդ հետ, ավելի լավ ճանաչիր աշխատակիցներիդ, - խոստովանում է Արթուրը:
Աշխատակիցներից ու գործընկերներից զատ, արդեն կայացած բիզնես-կենտրոնի կայացած տնօրենն ուսումնասիրում է նաեւ անշարժ գույքի շուկան, որը, ինչպես ցանկացած այլ ոլորտ, մշտապես փոփոխվում է, զարգանում: "Հուսով եմ, որ շատ շուտով "ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ" բիզնես-կենտրոնը հայկական անշարժ գույքի շուկայում հանդես կգա տարածքների վարձակալության նոր առաջարկով", - ասում է Արթուր Ղազարյանը: Թե որն է նոր առաջարկի էությունը, նա առայժմ թաքցնում է: Սակայն, եթե նկատի ունենանք, որ նա անվերապահորեն հավատում է իր հաջողությանն ու իր շուրջը համախմբված մարդկանց, կարող ենք ենթադրել, որ բիզնես-կենտրոնը շատ շուտով կստիպի իր մասին խոսել միանգամայն նոր տեսանկյունից:
ՅԱՆԱ ԱՎՉԻՅԱՆ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել