Մեր հանապազօրյա նաև աղը...
Հայ ժողովուրդը աղին առնչվող բազմաթիվ փոխաբերական իմաստով ասացվածքներ ունի՝ Աղուհացով մարդ, Աղուհացը չուրանալ, Անաղուհաց մարդ, Աղուհացով դիմավորել, Մեր հացի մեջ աղ չկա և այլն: Իսկ հիմա ուղղակի իմաստով նշենք, որ մեր հացը այլևս հայրենական աղի պակասություն չի ունենա... Մենք թեև բնական աղի մեծ պաշարներ ունենք, բայց աղի պակաս կար և ներմուծում էինք: Այսօր շատ կարևոր մի ձեռնարկություն շահագործվեց: «Երևանի աղի կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության և շվեյցարական գործընկերների համատեղ միջոցներով գործարկվեց աղի արտադրության մի հսկա նոր մասնաշենք, որի շնորհիվ Հայաստանը այլևս աղի պակաս չի ունենա:
Այս գերժամանակակից արտադրության գործարկմանը մասնակցում էին Շվեյցարիայի պառլամենտի նախագահը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, պաշտոնատար այրեր, ճանաչված գործարարներ, հյուրեր: Շնորհանդեսն ընթացավ հետաքրքիր անակնկալներով, ազգային մշակութային կատարումներով, հյուրասիրությամբ: Ի դեպ՝ աղի պակասություն չզգացվեց: Նույնիսկ ծանրոցներում այլ պարագաների հետ կար նաև... մեկ կտոր աղ: Հետո էլ ասում ենք՝ Մեր հացի մեջ աղ չկա: Հիշենք, որ հարյուրամյակներ առաջ աղը նաև փոխարինում էր դրամին և բացառիկ կարևոր միջոց էր:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Միության նախագահության անդամ, «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ նախագահ Արեգ Ղուկասյանին հանձնեց Միության Ոսկե մեդալ և արժևորեց այս նոր արտադրության կարևորությունը մեր տնտեսության համար: Արսեն Ղազարյանի դիտարկմամբ՝ Արեգ Ղուկասյանը նորանկախ Հայաստանի բիզնեսի առաջին ծիծեռնակներից է, և նրա ղեկավարած նորագույն տեխնոլոգիաներով վերազինված այս ձեռնարկությունը սննդարդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է բերում:
Սա մի պտղունց աղ է, որ համ է տալիս մի ամբողջ ճաշի...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել