ՀԱԳՄ առաջարկությունը ՀՀ կառավարությանը

Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԱ ՊԵԿ-Գործարար հարաբերություններում հաշվետվությունների ներկայացման հետ կապված բոլոր տեսակի շփումները հասել են այն մակարդակի, որ դրանց գերակշռող մասն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` առցանց, բացառելով թղթային կրիչները։
Տրամագծորեն հակառակ պատկեր է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ Ծառայության) դեպքում, երբ Հայաստանի գործարարները պարտադրված են տարբեր պարբերականությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, ընդհանուր քանակով 80-ից ավելի հաշվետվական ձևեր ներկայացնել Ծառայությանը, ինչը ոչ միայն անթույլատրելի է, այլև թե ժամանակատարության, և թե մարդկային ռեսուրսների առումով խիստ ծախսատար։
Ծառայությանը ներկայացվող հաշվետվությունները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խոշոր մասերի՝
• Աշխատանքի շուկա
• Սոցիալական ապահովություն
• Արտաքին առևտուր
• Բիզնես ռեգիստր
• Գներ և սակագներ
• Ժողովրդագրություն
• Կազմակերպությունների ֆինանսներ
• Ըստ ոլորտների տեղեկատվություն (արդյունաբերություն, առողջապահություն, կապ, տրանսպորտ, կրթություն և այլն)։
Վերը նշված որոշ հաշվետվական ձևերով պահանջվող տեղեկատվությունը փաստացի հավաքագրվում է նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից, մասնավորապես՝ աշխատանքի շուկային, սոցիալական ապահովության, արտաքին առևտրին, բիզնես ռեգիստրին, կազմակերպությունների ֆինանսներին վերաբերող հաշվետվական ձևերը։ Ստացվում է, որ տնտեսավարող սուբյեկտը պարտադրված է տարբեր հաշվետվական ձևերով տարբեր մարմիններին տրամադրել նույն տեղեկատվությունը՝ մեկը թղթային, մյուսն էլեկտրոնային կրիչներով, փաստացի կատարելով կրկնակի աշխատանք։
Մոտավոր գնահատականներով, երկու գերատեսչությունների կողմից հավաքագրվում է մոտ 150 տող համընկնող տվյալներ։
Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում 2 գերատեսչությունների համագործակցության արդյունքում կարելի է վեր հանել կրկնվող տեղեկությունների ցանկերը և գտնել կրկնողությունից խուսափելու կոնկրետ ծրագրային լուծումներ: Որպես այդպիսին` օրինակ կարող է լինել մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը, որի դեպքում Ծառայությանն անհրաժեշտ ՀՀ ԿԱ ՊԵԿ հաշվետվական էլեկտրոնային համակարգում առկա կրկնվող տեղեկատվությունը կլրացվի ինքնաշխատ ռեժիմով և այն ավտոմատ կփոխանցվի Ծառայությանը՝ ազատելով լրացնողին կրկնակի աշխատանքից: Իսկ Ծառայության կողմից ընդունվող «չհամընկնող» հաշվետվությունների մասով` կարելի է դրանք դարձնել էլեկտրոնային, ինչը ոչ միայն հնարավորություն կտա բացառելու լրացնողի հետ Ծառայության աշխատակցի անհարգի ռիսկային շփումները, այլև կապահովի ինքնաշխատ ռեժիմով դրանց անսխալ ներկայացումը։
Գտնում ենք, որ նման «մեկ պատուհանի» ստեղծումը կբարելավի Հայաստանի ներդրումային մթնոլորտը, գործարար միջավայրը, էականորեն կկրճատի տնտեսավարող սուբյեկտների բեռը և կխնայի ինչպես նրանց, այնպես էլ պետության ռեսուրսները։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել