Գործարարի օր
ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայացած նիստում որոշեց հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ այսուհետ պաշտոնապես նշել որպես «Գործարարի օր»: Հանրապետության վարչապետի և կառավարության այս քայլը գործարարի նկատմամբ ոչ միայն ջերմության ու երախտագիտության, այլ նաև նրանց առավել զորակցելու և մշտապես նեցուկ լինելու պատրաստակամության արտահայտություն է:
Այդ առիթով մարտի 3-ին կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ հուշադրոշմանիշի շնորհանդես և մարման արարողություն, որի մասնակցեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոտ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Քեչիջյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլոք:
Նույն կենտրոնում բացվեց «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:
Մանթաշյանցի արձանի մոտ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ առաջին անգամ պաշտոնապես նշվեց «Գործարարի օրը»:
«Թեև նախորդ տարիներին Միության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ էր դարձել գործարարի մեծարման ու Մանթաշյանցի ծննդյան օրը նշելը, բայց առաջին անգամ պաշտոնապես գործարարի օրը նշելը՝ հատկապես Մանթաշյանցի ծննդյան օրը, հիշարժան երևույթ է և երախտիքի տուրք մեծագույն հայի հիշատակին», - լրագրողների հետ զրույցում կարևորեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Սուրբ Աննա եկեղեցում կատարվեց հոգևոր արարողություն օրվա խորհրդի կապակցությամբ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել