Արսեն Ղազարյան. Բեռնափոխադրումների նկատմամբ ԱԱՀ կիրառումը կնպաստի թանկացման ու ստվերայնության աճին

Նոր Հարկային օրենսգրքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը կհանգեցնի փոխադրումների թանկացմանն ու ստվերի աճին, Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց «Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Նոր հարկային օրենսգրքի վրա աշխատանքը տևեց մոտ 1,5 տարի ու ծավալների, օղակների միասնական աշխատանքի առումով այն աննախադեպ էր: Ցավոք, եկավ մի պահ, երբ մեր ամբողջ աշխատանքը մեկ օրվա մեջ 180 աստիճանով պտտվեց և այն նախագիծը, որը գնաց ԱԺ քննարկման` մոտ 14 հիմնադրույթներով գործարարների կողմից անընդունելի է», - ասաց Արսեն Ղազարյանը:
Մասնավորապես, անընդունելի հոդվածների թվում է բեռնափոխադրումների ԱԱՀ հարկումը:
«Նոր օրենքի նախագծով հաստատագրված հարկ հասկացությունն ի սպառ դուրս է եկել, որը ժամանակին կիրառվում էր գազալցակայանների, խաղատների և բեռնատարային ավտոփախադրումների վրա: Այսինքն ամսական հատվածում վճարվում էր հաստատագրված հարկ, եթե շատ էիր աշխատում, այդ հարկն ավելի քիչ ծանրաբեռնվածություն էր, չէիր աշխատում` միևնույն է հարկը վճարում էիր կամ պետք է հայտարարագրեիր, որ չես աշխատում: Հիմա ԱԱՀ հարկումով շուկան կկանգնի խնդիրների առաջ», - ասաց Արսեն Ղազարյանը` առանձնացնելով երկու գլխավոր խնդիր:
«Մեխանիկորեն փոխադրումները կթանկանան 20 տոկոսով: Երկրորդ` այսպիսով կնպաստենք ստվերայնության աճին: Մարդիկ կսկսեն ծառայություն մատուցել ու ցույց չտալ ծառայությունը: Օրինակ, 10 միավոր փոխադրումների դեպքում, ցույց տալ 5 միավորը ու ամեն ինչ անել շուկայում պահպանվելու համար: Կակտիվանան անհատ փոխադրողները, որոնք ծառայության համար կառաջարկեն ավելի ցածր գին, սակայն չեն ունենա ապահովության ոչ մի երաշխիք», - բացատրեց արդյունաբերողների ու գործարարնրի միության նախագահը:
Նա նշեց, որ 14 դրույթների անընդունելիության հարցը բարձրացրել են նաև վարչապետի մոտ, որը խոստացել է 2017 թ.-ին դրանց շուրջ քննարկումներ կազմակերպել:
«2017 թ.-ին այդ դրույթների շուրջ կլինեն քննարկումներ ու կփորձենք լրախմբագրել դրանք: Հուսանք` մեր դիտարկումները կընդունվեն», - ասաց Արսեն Ղազարյանը:
«Ապավեն» տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Aysor.am-ի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին` տեսանյութով:
Հեղինակ՝ Յանա Շախրամանյան
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել